Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այստեղ կարևոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր» ձևակերպումը, այլ ոչ թե` «տարածքային ամբողջականության երաշխավոր», քանի որ այսօր մենք Ադրբեջանի հսկողության տակ ունենք տարածքներ»,- ասաց Վ. Բալասանյանը:
Նա նշեց, որ մայիսին ՀՀ իշխանություններին նման առաջարկ է արվել, և առաջարկն ընդունվել է:
Ըստ Վ. Բալասանյանի՝ տրվել են համապատասխան հանձնարարականներ, տարվել են աշխատանքներ և կարելի է ասել, որ փաթեթն արդեն պատրաստ է: «Ուղղակի հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված`այն որոշակիորեն հետաձգվել է: Սակայն համոզված եմ, որ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո` կարճ ժամանակ անց, մենք կունենանք այդ փաստաթուղթը»,- նշել է ԱԽ քարտուղարը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ
Չի՞ նշանակում սա արդեօք, որ ՀՀ-ն ճանաչում է ԱՀ-ն որպէս միջազգային իրաւական միաւոր։ Այլ կերպ՝ արդեօք սա համարժէք չէ՞ այն բանին, որ Հայաստանը ճանաչում է Արցախը որպէս անկախ պետութիւն։ Անկասկած համարժէք է։ Սա նաև նշանակում է պատերազմ այսօր։
Այնպէս որ, ըստ ամէնայնի, ոչ մի այդպիսի համաձայնագիր չի ստորագրւելու և ոչ թէ ինչ-որ «… հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներ»-ի պատճառով, այլ այն պատճառով, որ ՀՀ-ն չի կարող ստանձնել անխուսափելի պատերազմ հրահրողի դերը (դատելով ՀՀ-ի վերջին շրջանի վարքից Արցախի հետ յարաբերութիւնների առումով)։