«Առողջապահության բյուջեն հնարավոր է ավելացնել». այս կարծիքին է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը
– Պարոն Աղաբեկյան հիմա մենք ունենք նոր Հայաստան, նոր կառավարություն եւ նոր հույսեր: Ի՞նչ կարծիք ունեք առողջապահության մասին, առկա՞ են փոփոխություններ այս 6 ամսում, եթե այո՝ որո՞նք են, ի՞նչ սպասենք այս համակարգում:
– Այո, 6 ամիս առաջ կայացավ, այսպես կոչված, թավշյա, խաղաղ հեղափոխություն, եւ մենք ունենք նոր Հայաստան, ինչի հետ կապված շնորհավորում եմ բոլորիս: Իհարկե, այս փոփոխությունները մեծ հույսեր են ներշնչում ողջ հայ ժողովրդին: Սակայն սպասել, որ դրանք արագ կլինեն, պետք չէ, ոչինչ միանգամից չի լինում: Այնուամենայնիվ, անցել է արդեն 6 ամիս, եւ ժողովուրդն արդեն պետք է զգար դրական փոփոխությունների նախադրյալներ: Բոլոր հեղափոխություններից հետո ստեղծված կառավարությունները ժամանակավոր են իրենց դրական եւ բացասական կողմերով, եւ միայն դեկտեմբերին կայանալիք ընտրություններից հետո կունենանք նոր կառավարություն:
Ինչ կարող եմ ասել առողջապահության մասին հիմա. երբ վարչապետը առողջապահության նախարարի պաշտոնում նշանակեց Արսեն Թորոսյանին, բոլորի մեջ հույս ծագեց, որ նախարարությունը վերջապես խորը շունչ կքաշի: Թորոսյանը ներքաշված չի եղել կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ, նա քիչ հայտնի էր առողջապահության ոլորտում, ինչի վրա էլ, կարծում եմ, հենվել է Փաշինյանը նրան նշանակելիս: Անցել է 6 ամիս, սակայն ներկա պահին առողջապահությունը դեռ մնում է նախկին մակարդակի վրա: Կոռուպցիայի հետ պայքարը շատ կարեւոր է, սակայն ես կուզենայի տեսնել փոփոխությունների եւ զարգացման ծրագիր, թեկուզեւ կարճաժամկետ, որով կաշխատի նախարարությունը:
Նախարարությունում տեղի են ունենում նաեւ կադրային փոփոխություններ, որոնք երբեմն չեն տալիս դրական արդյունք կամ դրական արձագանքներ թե՛ համակարգի ներսում, թե՛ հանրության շրջանում: Այնինչ առողջապահության նախարարությունն առաջին հերթին պետք է մտածի բնակչության առողջության պահպանման եւ բարելավման մասին: Դեռեւս չեն ուրվագծվում նախարարության առաջնահերթ խնդիրները:
Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր նախարար իր կառավարման օրոք հասցնում է մարզերից որեւէ մեկում բացել բժշկական կենտրոն՝ կառուցված եւ վերանորոգված Համաշխարհային բանկի վարկային միջոցներով: Շնորհակալ ենք Չինաստանին երկրորդ անգամ շտապօգնության մեքենաներ նվիրելու համար:
– Բնակչությանը մշտապես ներկայացվում է, որ նախարարության բյուջեն փոքր է եւ չի բավականացնում բնակչության առողջապահական խնդիրները լուծելու համար: Ո՞րն է ելքը
– Այդ տրաֆարետային արտահայտությունը, որ բյուջեն փոքր է, արծարծվում է արդեն ավելի քան 25 տարի: Ինչ չափի էլ որ լինի բյուջեն, միեւնույն է՝ չի բավականացնի: Հարցրեք ցանկացած գործարարի, թե արդյոք նա բավարարվա՞ծ է իր բյուջեով… Առաջին հերթին՝ նույնիսկ առկա բյուջեով կարելի է կազմակերպել հնարավորինս որակյալ բուժօգնություն: Երկրորդ՝ գոյություն ունեցող բյուջեն կարելի է կրկնապատկել: Դա կարելի է իրականացնել առանց կառավարության մյուս կառուցվածքային միավորներին վնաս պատճառելու: Իսկ ցանկացած բյուջեի էֆեկտիվ կատարման համար պահանջվում են նաեւ ծրագիր եւ կոմպետենտ կադրեր:
– Նոր կառավարության կարգախոսը կոռուպցիայի դեմ պայքարն է: Գոյություն ունի՞ արդյոք կոռուպցիա առողջապահության համակարգում, եւ եթե այո՝ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն:
– Այո, կառավարության կարգախոսը պայքարն է կոռուպցիայի դեմ, ինչը ճիշտ է եւ գովելի: Կոռուպցիան առկա է ոչ միայն առողջապահության ոլորտում, այլ նաեւ պետական այլ կառույցներում: Դա էր պատճառը, որ տեղի ունեցավ հեղափոխություն եւ իշխանափոխություն: Կոռուպցիան հնագույն երեւույթ է, այն եղել է, կա եւ կլինի, եւ Հայաստանը, որպես երկիր, բացառություն չէ: Նույնիսկ զարգացած երկրներում կան կոռուպցիայի տարրեր եւ դրա դեմ պայքար: Մեզ մոտ այժմ ուժեղ պայքար է տարվում այս անցանկալի երեւույթի դեմ: Հնարավոր չէ կոռուպցիան միանգամից արմատախիլ անել: Դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, որպեսզի ժողովուրդն աստիճանաբար հասկանա, որ կաշառք տալը եւ վերցնելը ճիշտ չէ, բյուջեն թալանելը նույնն է, թե ինքդ քեզ, քո մտերիմին, հարազատին թալանես:
– Ի՞նչ եք կարծում՝ ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է այսօր բժշկական ծառայությունների որակը Հայաստանում:
– Իհարկե, ցանկալի է ունենալ ավելի որակյալ եւ մատչելի բժշկություն: Եվ դա հնարավոր է՝ մենք ունենք հրաշալի մասնագետներ, որոնք չեն զիջում զարգացած երկրների մասնագետներին, ունենք անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկաներ: Մնում է միայն ճիշտ կազմակերպել աշխատանքը, որպեսզի բոլորն աշխատեն միեւնույն սկզբունքներով: Անհրաժեշտ են չափորոշիչներ, որոնք ելնում են մեր կարիքներից եւ հնարավորություններից՝ իհարկե, հաշվի առնելով նաեւ զարգացած երկրների չափորոշիչները:
– Դեղորայքի եւ բժշկական ապահովագրության հարցերը այդպես էլ վերջնական լուծում չգտան: Ի՞նչ է անհրաժեշտ անել այդ հարցերին վերջնական լուծում տալու համար:
– Դեղերի հետ կապված խնդիրները լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ուժեղ վերահսկողություն: Պետք է իջեցնել դեղերի գները, ինչը հնարավոր է: Ընդունվեց օրենք, համաձայն որի՝ դեղերը վաճառվելու էին դեղատոմսերով, բայց այն չի գործում: Դեղերի որակը չի գոհացնում: Կաղում է նաեւ ապահովագրական բժշկությունը:
– Հնարավո՞ր է արդյոք ավելացնել առողջապահության բյուջեն: Եթե այո, ապա ինչպե՞ս:
– Ես արդեն պատասխանել եմ այդ հարցին, միանշանակ՝ այո, հնարավոր է, ընդ որում՝ ոչ ի վնաս այլ կառույցների: Բայց այժմ խաղաքարտերը չեմ բացի:
– Պարոն Աղաբեկյան, Դուք հաճախ եք խոսում ծրագրերի մասին: Իսկ Դուք ունե՞ք ծրագիր:
– Այո, իհարկե, ես ունեմ Հայաստանում առողջապահության զարգացման եւ բարելավման ծրագիր, եւ այն կոչվում է հասանելի, մատչելի, որակյալ բժշկություն: Ծրագրում նկարագրվում են առողջապահության ներկայիս վիճակը, անհրաժեշտ գործողությունները, դրանց ժամկետները, կատարման պատասխանատուները եւ ակնկալվող արդյունքները: Ծրագրի իրականացման դեպքում 1,5-2 տարի անց կունենանք նոր, ավելի լավ առողջապահության համակարգ:
– Ամփոփելով՝ խնդրում եմ նշեք, թե Ձեր կարծիքով՝ ի՞նչ առողջապահություն է պետք Հայաստանի ժողովրդին:
– Հայ ժողովրդին անհրաժեշտ է հասանելի, մատչելի եւ որակյալ բժշկություն:
Զրուցեց ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Առավոտ»
13.11.2018