«Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը, հավատարիմ մնալով պետության ապագայի նկատմամբ իր պատկերացումներին, հայտարարում է հետևյալը.
Երկրի զարգացման այս հանգրվանում որոշում է կայացվել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևյալ հիմնավորմամբ.
- Համակարգային վերափոխումների հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական թիմին պետք է հնարավորություն տալ լիարժեք դրսևորվելու և սեփական ծրագրերն իրագործելու համար: Այս քաղաքական թիմը վաստակել է երկրում իշխանություն ձևավորելու և ամբողջական քաղաքական պատասխանատվություն կրելու իրավունքը,
- Նշված պարագայում «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը նպատակահարմար չի համարում իր ռեսուրսները վատնել՝ իշխանության համար պայքար մղելու ուղղությամբ: Մեզ համար այս փուլում նախընտրելի չէ նաև գործել ընդդիմադիր դաշտում, քանի որ կուսակցությունը միշտ հանդես է եկել արմատական վերափոխումների հրատապ անհրաժեշտության դիրքերից, ինչի հանձնառությունն այժմ վերցրել է Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը,
- Միևնույն ժամանակ կուսակցությունը, հաշվի առնելով տասնամյակների ընթացքում կուտակած մասնագիտական փորձը, կարողությունները և հեղինակությունը, պատրաստակամություն է հայտնում կիսվել իր փորձառությամբ և գիտելիքներով՝ իր կառուցողական ներուժը երկրի զարգացմանը ծառայեցնելով,
- Դրա հետ մեկտեղ, կուսակցությունը որևէ կաշկանդվածություն չի ունենալու քննադատական դիրքերից հանդես գալու այն դեպքերում, երբ երկրի ղեկավարությունը կատարի մեր համոզմունքներին և տեսակետներին հակառակ քայլեր,
- Արտախորհրդարանական ակտիվ գաղափարական գործունեությունն է լինելու մեր կուսակցության գործելաոճն առաջիկայում:
Համոզված ենք, որ երկրի կառավարման կարևորագույն օղակները պետք է ղեկավարվեն արհեստավարժ մասնագետների կողմից: Քաղաքական լոյալությունը կամ կառավարող կուսակցական ուժին պատկանելությունը բավարար փաստարկներ չեն պետական պաշտոն զբաղեցնելու համար:
Հետևողական ենք լինելու, որ հետագայում նոր Ընտրական օրենսգրքի մեջ զետեղվի կետ, որով անհապաղ կերպով հետ կվերադարձվի 1991թ.-ից ի վեր՝ ապրուստի հնարավորություն ստեղծելու, ընտանիքի տարրական կարիքները հոգալու պատճառով երկիրը լքած մեր բոլոր քաղաքացիների ընտրության և ընտրվելու իրավունքը և հնարավորությունը։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս Սփյուռքի մեր հայրենակիցների դերակատարությանը Հայաստան պետության ապագան կերտելու գործում:
Մեր քաղաքական գործունեության կարևորագույն նպատակներից է նաև նոր Սահմանադրության ընդունումը՝ նախագահական համակարգի վերադարձով (նախագահի պաշտոնավարումը պետք է սահմանափակվի մեկ ժամկետով՝ 6-7 տարի տևողությամբ, և պաշտոնը ստանձնելուն պես նա պետք է դառնա անկուսակցական):
Ազատություն, Սեր, Արժանապատվություն, Բարեկեցություն, Ստեղծարար կյանք և Երջանկություն բոլորին»:
«Արժանապատիվ Ապագա» կուսակցություն