Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Մախմուդյանը մերժել է բոլոր առաջարկները

Նոյեմբեր 14,2018 11:52

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում որեւէ քաղաքական ուժի ցուցակում չի լինելու: Այս մասին քիչ առաջ Ռուստամ Մախմուդյանն ասաց Aravot.am-ի հետ զրույցում: «Ինձ որեւէ ցուցակում չեք տեսնի, որովհետեւ, թեեւ խորհրդարանական այս երկու տարիների գործունեությունը, կարող եմ ասել, որ ինձ չափազանց մեծ բան է տվել, ես էլ կարողացել եմ իմ համեստ լուման ունենալ խորհրդարանական գործընթացներում, բայց ես որոշում եմ կայացրել ակտիվ ներգրավվածություն ունենալ իմ մասնագիտական ոլորտում՝ իրավաբանության մեջ»,- ասաց Ռուստամ Մախմուդյանը:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված իր նման որոշումը, առաջարկներ չե՞ն եղել, Ռուստամ Մախմուդյանը պատասխանեց, որ մանրամասների մեջ չի ցանկանում մտնել, բայց տարբեր ձեւաչափերում առաջարկություններ, ավելին՝ քննարկումներ էլ են եղել. «Առանց որեւէ լավ ու վատի ես կարող եմ ասել մի բան՝ իմ մասնագիտական գիտելիքները շարունակելու եմ ներդնել ի շահ մեր հանրապետության եւ համաքաղաքացիների, բայց արդեն այլ ասպեկտով»:

Հետաքրքրվեցինք՝ գուցե եղած առաջարկները Ռուստամ Մախմուդյանի ամբիցիանե՞րը չեն բավարարել, ասաց, որ չի էլ ցանկանում անգամ առաջարկների եւ իր ամբիցիաների համեմատականներ անցկացնել:

Ռուստամ Մախմուդյանն ասում է՝ ՀՀԿ-ում էլ իր որոշմանն ըմբռնումով են վերաբերվել եւ հարցի քննարկումը բնավ չի տեղափոխվել հարթություն, որ երբ ՀՀԿ-ն ուժեղ էր եւ իշխանություն՝ ինքն իրենց հետ էր, իսկ թույլ ՀՀԿ-ի հետ անցնելիք ճանապարհ չունի:

Ռուստամ Մախմուդյանը համամիտ է՝ ՀՀԿ-ն բարդ ժամանակներ է ապրում, քաղաքական գործընթացները նույնպես բարդ շրջափուլում են եւ մաքրվելու կարիք ունեն, բայց դա պետք է անեն կուսակցական գործիչները:

Մեր հարցին՝ ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր «կողմ» քվեարկությունից հետո տպավորություն էր, որ Մախմուդյանին եւս առաջիկայում կտեսնենք իշխող հեղափոխական ուժի կողքին, մեր  զրուցակիցը հիշեցրեց, որ ինքը քանիցս է հիմնավորել՝ իր այդ քվեարկությունը պայմանավորված էր նախագծի մասնագիտական որակներով:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ:

Ռուստամ Մախմուդյանին առաջիկայում շատ հավանական է տեսնենք դատավորի պաշտոնում, քանի որ ինքը մինչ ՀՀԿ խմբակցությամբ պատգամավոր դառնալը ընդգրկված է եղել դատավորների հավակնորդների ցուցակում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930