Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էիք, որ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեք, ո՞ւր է այդ բյուջեն, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը». Շարմազանովը՝ Փաշինյանին

Նոյեմբեր 14,2018 11:44

ԱԺ-ում 2019-ի բյուջեի նախագծի քննարկումն է: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում ասաց, որ իշխանափոխության պատճառներից մեկն էր, որ մեր ժողովուրդն ուներ չբավարարված սպասումներ՝ աշխատատեղերի խնդիր կար, միգուցե արդարության հետ կապված խնդիրներ կային, տնտեսական աճը չէր բավարարում, բայց հեղաշրջումից հետո սպասումները նոր կառավարությունից չափազանց շատ են. «Հեղափոխության լիդերները եւ վարչապետ Փաշինյանը շատ բարձր պլանկա էր դրել՝ թռիչքային զարգացում, Հայաստանում աղքատներ չեն լինելու, արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ…Հիմա մենք տեսնում ենք՝ այդ սպասումներն արդարացվո՞ւմ են այս բյուջեով»:

Շարմազանովը համամիտ չէ, որ սա իներցիոն բյուջե է, ըստ նրա, իներցիոնը 2018-ի բյուջեն էր, Փաշինյանը տարվա կեսը ստիպված էր աշխատել ՀՀԿ-ի ընդունած բյուջեով, բայց 2019-ի բյուջեն անվանել իներցիոն որեւէ քննադատության չի դիմանում. «Այս բյուջեն բերել եք դուք»:

Նա ասաց՝ 2019-ին մարդիկ ավելի լա՞վ են ապրելու, թե՞ չէ, ի վերջո մարդիկ գնացել են հրապարակ նաեւ այն պատճառով, որ վատ են ապրում: Շարմազանովը խոսեց ցուցանիշներով՝ եթե 2018-ի բյուջեով 6,5 տոկոս տնտեսական աճ էր գրած, 2019-ի բյուջեով՝ 4,9 տոկոս տնտեսական աճ է սպասվում, 3,9 տոկոս գնաճ, հիմա 6,5 տոկոս տնտեսական աճո՞վ են լավ ապրում, թե՞ 4,9-ով, պարզ մաթեմատիկական հաշվարկ է. «Ասում էիք, որ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեք, ո՞ւր է այդ բյուջեն: Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը, երեկ պարոն Մինասյանը ներկայացրեց՝ ընդամենը 1,3 տոկոս, բա ո՞ւր է այդ ստվերը: Բա ասում էիք 800 մլն դոլար կավելացնենք, ո՞ւր է: Ես չեմ ասում ստվեր չի եղել: Բա որ եղել է, ինչի՞ չի երեւում, գրած չի: Ներդրումների կտրուկ անկում ունենք, առաջին եռամսյակում ունեցել ենք 100 մլն դոլար, երկրորդ եռամսյակում 11 անգամ կրճատվել է, արտահանման ծավալների 10 տոկոս անկում կա: Էս քանի օրն էլ իմացանք, որ հեղափոխական Հայաստանում հնարավոր է էվոլյուցիոն օպտիմալացում, հիմա դրա անունը ինչ դնում եք՝ օպտիմալացում է: Այն, ինչ կառավարությունը հիմա անում է, հակասում է իր իսկ լիդերի հռչակած սկզբունքներին»:

Նա հիշեցրեց, որ երբ իրենք էին ասում, որ անհնար է առանց օպտիմալացման, անհնար է հեղափոխական բյուջե ներկայացնել՝ իրենց քննադատում էին, ասում էին՝ անհնար չի:

Ըստ Շարմազանովի, կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարեւոր է, բայց այն չի կարելի իրականացնել ասֆալտին փռելու ճանապարհով: Դրա համար պետք է լինի քաղաքական կամք, օրենսդրական բարեփոխումներ, որը պետք է լինի շարունակական ու հետեւողական:

Նա ընդգծեց, որ ՀՀ-ում մարդու իրավունքները շատ կարեւոր են, բոլորը պետք է լինեն օրենքի առաջ հավասար՝ անկախ նրանից՝ Փաշինյանի՞ մտերիմներն են, թե՞ Շարմազանովի:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ բյուջեում չի երեւում, որ հայագիտությունը կարեւոր է, միգուցե իրենց իշխանության ժամանակ էլ դա չեն արել, բայց եթե իրենց իշխանությունը լավը լիներ, Շարմազանովի խոսքով՝ «էսօր ես ձեր տեղում նստած կլինեի, դուք էլ ինձ կքննադատեիք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930