Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբերին կայացրած որոշումը պաշտպանը դատարանից չի ստացել

Նոյեմբեր 14,2018 15:00

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Արմեն Բեկթաշյանը գողության համար մեղադրվող Վալերի Ղազարյանի հանցակից Հարություն Մուրադյանի նկատմամբ կիրառել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, մինչդեռ Վալերի Ղազարյանի նկատմամբ նույնիսկ գրավ չի կիրառել՝ մերժելով նրա պաշտպանի միջնորդությունը: Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, անցյալ տարվա փետրվարի 21-ից Վալերիի պաշտպանությունը ստանձնած Անժելա Հոբոսյանի դիտարկմամբ, դատարանը Վալերի Ղազարյանի նկատմամբ թույլ է տվել խտրական մոտեցում, կամայականություն, որը ՀՀ նոր իրողության պայմաններում առավել անընդունելի մոտեցում է:

Այն, որ կամայական է դատարանը, հանրային պաշտպանը զուգահեռ է անցկացնում նույն դատավորի մեկ այլ գործի ելքի վրա. «Նույն դատավորը ԵԿԴ 0298/01/16 քրեական գործով՝ Երեւան քաղաքի «Նորք-Մարաշ զինված խմբի» գործով, որոնք մեղադրվում էին ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ՝ ՀՀ քրեական օրենքի 223 հոդվածի 2 մաս, 235 հոդվածի 3 մաս, 35-300 հոդվածի 1-ին մաս, նրանցից մեծամասնության նկատմամբ փոփոխել է խափանման միջոցը, կիրառել ստորագրություն չհեռանալու մասին կամ անձնական երաշխավորություն, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի մի շարք դրվագներով, միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող Վալերի Ղազարյանի նկատմամբ նույնիսկ գրավ չկիրառեց, երբ այդ հոդվածի սանկցիան պատիժ է նախատեսում նաեւ տուգանքի ձեւով»:

Պաշտպանն «Առավոտին» հայտնեց, որ դատարանի սեպտեմբերի 19-ի որոշումը դեռ չի ստացել, նա բողոքով դիմել է վերաքննիչ քրեական դատարան, փաստելով. «Քանի որ դատական ակտը չեմ ստացել, այդ պատճառով չեմ կարող ներկայացնել բողոքիս հիմնավորումները, այն կներկայացնեմ վերաքննիչ դատարանում, երբ արդեն իսկ ստացած կլինեմ առաջին ատյանի դատարանի որոշումը: Միայն ցանկանում եմ նշել, որ դատարանին եմ ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի եւ ՄԻԵԴ-ի բազմաթիվ նախադեպային որոշումներն այն մասին, որ անթույլատրելի է անձին շարունակական կալանքի տակ պահել անորոշ ժամանակով, իսկ Երեւանի դատարանը փաստորեն իր կայացրած որոշմամբ անտեսել է այդ նախադեպային որոշումները»:

Ի դեպ, Կենտրոնի դատարանն այս գործով անցյալ տարվա օգոստոսից մինչեւ 2018թ. սեպտեմբերի 18-ը ոչ մի դատական նիստ չի կայացրել:

Սա այն դեպքում, երբ Վալերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել երկու տարի առաջ դեկտեմբերի 27-ին, եւ այդ ժամանակվանից էլ նա կալանավորված է:
Նկատենք, որ մեղադրյալը կալանավորվելուց երկու ամիս հետո է ունեցել պաշտպան:

2017թ. փետրվարի 21-ից երկուական ամսով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Վալերի Ղազարյանի կալանավորումը երկարացրել է, իսկ մեղադրյալի եւ պաշտպանի միջնորդությունը՝ 500.000 ՀՀ դրամի չափով գրավ կիրառելու մասին, մերժել:

Պաշտպանի գնահատմամբ, Երեւան քաղաքի Կենտրոն նստավայրի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Վալերի Ղազարյանի կալանավորումն անփոփոխ թողնելու եւ գրավ չկիրառելու մասին՝ անօրինական է, չհիմնավորված եւ չպատճառաբանված եւ ենթակա է վերացման:

Դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135, 137, 143 հոդվածները, ՄԻԵԿ 5-րդ հոդվածը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպյին որոշումները, ինչի արդյունքում հանգել է գործի սխալ լուծման:

Ա. Հոբոսյանը հղում էր կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից՝ «Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի գործով» 31.07.2000 թվականի վճռին, որում դատարանն արտահայտել էր այն դիրքորոշումը, որ ցանկացած նորմ, որը հիմք է տալիս իշխանությանը անորոշ ժամանակով անձին պահել կալանքի տակ, հակասում է իրավական որոշակիության սկզբունքին: Այս տեսանկյունից, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին հակասող կարող է ճանաչվել դատարանի ցանկացած որոշում, որում անձի նկատմամբ կիրառված կալանքը թողնվում է անփոփոխ` առանց այդ կալանքի ժամկետի նշման:

Ա.Հոբոսյանն «Առավոտին» ասում է, որ Վալերի Ղազարյանը դատարանի կողմից մոռացված վիճակում է, եւ չկա երաշխիք, թե նրա վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը եւս մեկ տարի չի ձգձգվի: Ի դեպ, սեպտեմբերի 19-ին դատական նիստը ավարտվելուց հետո դատարանը կողմերին չի տեղեկացրել հաջորդ դատական նիստի օրվա ու ժամի մասին:
Այս գործով վերաքննիչ դատարանի ուշադրությունը կհրավիրվի այն հանգամանքի վրա, որ տուժողների վնասներն ամբողջությամբ վերականգնված են, նրանք բողոք, որեւէ պահանջ չունեն, դատարանին քաղաքացիական հայց չի ներկայացվել:

«Պաշտպանական կողմը գտնում է, որ Վալերի Ղազարյանին կալանքի տակ շարունակական պահելն իր մեջ կրում է պատժի տարրեր, նրա կալանքը անհիմն է, քանի որ նրա կալանավորումը, եթե նախաքննության սկզբում իրավաչափ կարող էր դիտվել, ապա ենթադրյալ հանցանքների կատարումից մոտ 2 տարի անց, այն չի կարող օրինական ու իրավաչափ համարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի 1-ին մասի հիմքերի համատեքստում»,-նշում է պաշտպանը:
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակել է գրավի կիրառումը մերժելու մասին, սակայն պաշտպանական կողմին, որը միաժամանակ միջնորդել էր որպեսզի խափանման միջոց կիրառվի ստորագրություն չհեռանալու մասին, այդ մասին ոչինչ չի հայտարարվել:

Վ. Ղազարյանի անձը հայտնի է, նա ունի մշտական բնակության վայր, չի խոչընդոտի դատարանի բնականոն աշխատանքին, պատրաստ է կրել պատասխանատվություն եւ պատիժ իրեն վերագրվող արարքների կատարման համար, եթե դատարանը, ըստ պաշտպանի, կայացնի նման մեղադրական դատավճիռ:
Վերաքննիչ քրեական դատարանից Ա.Հոբոսյանը խնդրում է Վալերի Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը բեկանել, փոփոխել, կիրառել ստորագրություն չհեռանալու մասին, կամ դրա անհնարինության դեպքում, կալանավորման հետ միաժամանակ որոշում կայացնել նրան գրավով՝ 500.000 ՀՀ դրամի դիմաց ազատ արձակելու մասին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

13.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930