Նոր Նորքում ապօրինի շինության քանդումից հետո մեր ընթերցող Արմեն Զաքարյանն «Առավոտի» միջոցով խնդրել էր հետեւյալ հարցերն ուղղել քաղաքապետին. Կխնդրեի Ձեզ որպես լրագրող հարցնել Հայկ Մարությանին՝ ինչի է խախտում ՀՀ Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի նորմերը, որով ամրագրված է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն, ըստ էության, լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Տվյալ պարագայում խոսքը գնում է իր անհատական ակտին՝ դա առաջինը:
Եվ երկրորդ հարցս՝ ինչի են խաղի այս կանոնները գործում միայն միջին խավի համար, ոչ մի օլիգարխի վերաբերյալ ստուգում չի՞ իրականացվում: Կարող է՝ դա պայմանավորված է վարչապետի այն կարգախոսով, որ Հայաստանում օլիգարխներ չկան, եւ նրանց այլևս չեն կպնում»:
Ավելի ուշ լրացրել էր իր հարցադրումը՝ հավելելով. «Օրինակ՝ Կոմիտասի «Սիթին» Լամբադա կամրջի մոտ հարում է մայթին, համարյա մայթ չկա. կառուցված է շինարարական նորմերի խախտումով, անցուդարձը երկու անգամ նեղացված է հիմնական փողոցի մասով: Հարցրեք՝ ինչ է պատրաստվում անել այդ ահռելի շինությունը նորմերին համապատասխանեցնելու համար. կրկին «կովշով» քանդելո՞ւ է «Սիթի» սուպերմարկետի շենքը»:
Քաղաքացու այս հարցադրումները փոխանցեցինք Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին: Հրապարակում ենք նրա արձագանքը. «Ի պատասխան քաղաքացի Արմեն Զաքարյանի հարցման տեղեկացնում եմ.
Նոյեմբերի 12-ին Գյուրջյան 1/3 հասցեում կատարված ինքնակամ կառույցի քանդման աշխատանքները կատարվել են Երեւանի քաղաքապետի՝ նոյեմբերի 12-ին կայացրած 3395-Ա որոշման համաձայն: Խոսքը Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 160 քմ հողամասում կառուցված ինքնակամ կառույցի մասին է:
Պարոն Զաքարյանը հավանաբար նկատի ունի Երեւանի քաղաքապետի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած 3345-Ա որոշումը, որը վիճարկվել է դատարանում: Այս որոշման կատարումը, ինչպես նշել է քաղաքացին, կասեցվել է՝ մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Հարցադրման երկրորդ մասի վերաբերյալ նշեմ, որ Երեւանում ինքնակամ կառուցապատմանը վերաբերող բոլոր գործընթացները կատարվում են օրինականության սահմաններում՝ անկախ սեփականատիրոջ սոցիալական կարգավիճակից կամ կառույցի ծավալներից: Եթե Արմեն Զաքարյանը կոնկրետ օրինակների մասին տեղեկատվություն տա, քաղաքապետարանը պատրաստակամ է քննել դրանք»:
Քաղաքացու նշած կոնկրետ օրինակի վերաբերյալ մանրամասներ պրն Կարապետյանը խոստացավ հայտնել ավելի ուշ: