Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հրավիրյալ արտիստների՝ պրեմիերաների մասնակցությունը խոսակցությունների տեղիք տալիս

Նոյեմբեր 14,2018 13:30

Հեղինակավոր օպերային թատրոնները, բացի իրենց մեներգիչներից, ունեն պաշտոնապես հրավիրյալ վոկալիստներ: Վերջիններս նաեւ հրավիրվում են մասնակցելու պրեմիերաների: Նման աշխատաոճը վաղուց որդեգրել են շատ թատրոններ: Բայց չգիտես ինչու, երբ հատկապես պրեմիերային երգում են հրավիրյալները, այն դառնում է խոսակցության թեմա, մինչդեռ դա տվյալ թատրոնի գեղարվեստական ղեկավարի որոշումն է:

«Առավոտի» հետ զրույցում ասվածը հաստատեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչ, վաստակավոր արտիստ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի հրավիրյալ մեներգիչ Հովհաննես Այվազյանը: Հետաքրքրվեցինք Մարիինյան թատրոնի խաղացանկում հայ տենորի զբաղվածությամբ: Մեր զրուցակիցը նշեց, որ ավելի քան տասը տարվա իր կարիերայի ընթացքում առաջին անգամ 2014-ին է բեմ բարձրացել Մարիինյանում, համաշխարհային օպերային արտիստների մասնակցությամբ գալա համերգին, որին հաջորդել է Կավարադոսի դերերգը՝ Պուչինիի «Տոսկա» օպերայում: Հետո մանրամասնեց. «Մարիինյանում 7 օպերաներում եմ զբաղված՝ Վերդիի 4 ստեղծագործություններում՝ «Աիդայում» Ռադամես, «Ճակատագրի ուժ»-ում՝ Դոն Ալվարո, «Դոն Կառլոսում»՝ Դոն Կառլոս, «Տրուբադուրում»՝ Մանրիկո, Պուչինիի «Տոսկայում» եւ «Թիկնոցում»՝ համապատասխանաբար Կավարադոսի եւ Լուիջի, Լեոնկավալոյի «Պայացներում»՝ Պայաց: Ի դեպ, 2019թ. մարտին բեմ կբարձրանամ նաեւ Պինկերտոնի դերերգով Պուչինիի «Մադամ Բաթերֆլայում»:

Տեսարաններ Ումբերտո Ջորդանոյի օպերայից:

Դիտարկմանը՝ եթե հաշվենք, ապա Երեւանի եւ արտասահմանյան մեկ-երկու թատրոններում հանդես եկած դերերգերի թիվը անցնում է 20-ից, արվեստագետը պատասխանեց. «Ճիշտ էլ հաշվել եք, Երեւանում Բիզեի «Կարմենում»՝ Դոն Խոզե, «Աիդայում»՝ Ռադամես, Սայաթ-Նովա՝ Հարությունյանի համանուն օպերայում, իսկ դեկտեմբերի 7-ին Երեւանում բեմ կբարձրանամ Վերդիի Ռեքվիեմի բեմականցրած տարբերակում, որն իրականացրել է իտալացի ճանաչված ռեժիսոր Պաոլո Միչիկեն»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ իտալացիները հավանաբար ձեզ շատ են հավանել, քանի որ ասում են՝ հենց իրենց երկրում մասնակցել եք ոչ ավել-ոչ պակաս՝ պրեմիերայի, տենորը պատասխանեց. «Ճիշտ են ասում: Բելլինիի անվան թատրոնում վերջերս կայացավ առաջին բեմելս Անդրեա Շենիեի դերերգով՝ Ումբերտո Ջորդանոյի համանուն օպերայում: Պրեմիերայի 7 ներկայացումներից 4-ում ես հանդես եկա: Բեմադրության դիրիժորն էր Անտոնիո Պիրոլլին, ռեժիսորը՝ Ջիանդոմենիկո Վակկարին: Պրեմիերայից առաջ իսկապես փորձերով գերհագեցած օրեր էին, շուրջ երկու շաբաթ՝ յուրաքանչյուր օր երկուանգամյա չորսժամանոց փորձերով: Ի դեպ, այս օպերայից դուետով Երեւանում 2015-ին բեմ եմ բարձրացել Մարիա Գուլեգինայի հետ»: Ժպտալով էլ հավելեց. «Ինչ վերաբերում է իտալացիների՝ ինձ հավանելուն, մտքովս չէր անցել, հավանաբար նման բան կա. 6 մեներգչից 5-ը իտալացի էր, մեկը՝ ես»:

Հանդիսատեսին մշտապես հուզում է այն հանգամանքը, թե, ասենք, օպերային երգիչը ինչպես է դառնում հեղինակավոր թատրոնների ցանկալի հյուր: Հասկանալի է, որ պրոդյուսեր ունենալու հանգամանքը պարտադիր է, բայց ոչ բավարար: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Հովհաննես Այվազյանն ասաց. «Դեպի արտասահմանյան թատրոններ ճանապարհս սկսվեց երեւանյան լսումներից, որն անցկացնում էր ռուսաստանյան պրոդյուսերական մի գործակալություն: Դրա արդյունքում հայտնվեցի Մարիինյան թատրոնում, այնտեղ էլ գտնվեց նման կազմակերպություն Եվրոպայից, կոնկրետ իմ դեպքում՝ Գերմանիայից, որի շնորհիվ էլ 2017թ. Ռադամեսի դերերգով բեմ բարձրացա հռչակավոր Արենա դի Վերոնայում, հետո արդեն՝ Հարավային Կորեայում, Մեծ թատրոնում եւ այդպես շարունակ: Ունեցել եմ հռչակավոր գործընկերներ, այդ թվում՝ Աննա Նետրեբկո, Եկատերինա Սեմենչուկ, Իլդար Աբդրազակով… Անշուշտ, Երեւանի թատրոնում ունենք հիանալի մեներգիչներ, այդ թվում՝ Գեւորգ Հակոբյան, Դավիթ Բաբայանց, Հասմիկ Թորոսյան, Պերճ Քարազյան…: Բոլորին հաճախ կարելի է հանդիպել այլ թատրոններում»:

Այստեղ, այնտեղ եւ ամենուր բեմ բարձրացող արտիստները մշտապես դժգոհում են անընդմեջ ճանապարհներին հոգնելուց: Մեր զրուցակիցն էլ բացառություն չէ, ընդհակառակը, նա իր հոգնածությունը գնահատեց «խայտառակ», նկատի ունենալով հատկապես տարանցիկ թռիչքները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Հովհաննես Այվազյանը՝
Անդրեա Շենիեի կերպարում:

«Առավոտ»

13.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930