Մեր մշակութային կյանքը մշտապես հագեցած է եղել կամերային երաժշտության երեկոներով: Այսօր էլ միանշանակ ողջունելի է, որ հանդիսատեսին ծանոթ կամերային պետական եւ ոչ պետական անսամբլների կողքին (օրինակ՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբ, «Կոմիտաս» քառյակ, Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիո եւ այլն) ստեղծվում են նորերը: Վերջին շրջանում Երեւանում համերգներ են ունեցել նաեւ աշխարհահռչակ այնպիսի քառյակներ, ինչպիսին են «Տոկիոն», «Քրոնոսը»: Մի խոսքով՝ Երեւանում կամերային համերգային երեկոների պակաս կարծես թե չկա, բայց միանշանակ կա երաժշտարվեստի այդ ոլորտը կարգավորելու խնդիր՝ թեկուզեւ տարվա կամ համերգաշրջանի կտրվածքով նման երեկոների հավասարաչափ բաշխման: Պատահում է, որ, ասենք՝ մեկ-երկու ամիս «անշլագ» է կամերային երեկոների, հետո տեւական դադար: Թեեւ ոչ հաճախ, պատահում է նաեւ, որ նույն օրը կամերային երաժշտության համերգներ են միաժամանակ մի քանի սրահներում՝ Կամերային երաժշտության տանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում, «Գաֆեսճեան» կենտրոնում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, կոնսերվատորիայի դահլիճում, գումարենք նաեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ու Ազգային օպերային թատրոնի ճեմասրահում անցկացվող նման միջոցառումները:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) հրավերով Երեւանում գտնվող համառուսաստանյան եւ միջազգային հեղինակավոր մրցույթներում միայն առաջին մրցանակների արժանացած Ալեքսանդր Մազուրը, որը Պավել Կոգանի ղեկավարած Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի մենակատար ֆլեյտահարն է, «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ հաճախակի ելույթներ է ունենում իբրեւ մենակատար եւ տարբեր կազմով կամերային անսամբլներում: Նրա հավաստմամբ՝ հայտնի երաժիշտ Կոգանի նախաձեռնությամբ 5 տարի առաջ մեկնարկել է «Հզոր երաժշտություն փոքր նվագախմբի համար» նախագիծը, ինչը հնարավորություն է տալիս համագործակցելով մշակույթի նախարարության հետ, Ռուսաստանի ողջ տարածքում ոչ միայն ապահովել կամերային համերգները, այլեւ ճիշտ բաշխել դրանց թիվը: «Նման նախագծերը նույնիսկ անհրաժեշտ են, թեկուզեւ երաժիշտների, այսպես կոչված, «քաղցը» հագեցնելու համար: Մեկ տարի առաջ ստեղծվեց, օրինակ, Մոսկովյան երաժշտական համագործակցություն կազմակերպությունը, որին անդամագրվեցի նաեւ ես: Հարյուրավոր անդամ ունի մշակույթի տարբեր ոլորտներ ընդգրկող այս կազմակերպությունը: Նման «հիմնարկները» հնարավորություն են տալիս երաժիշտներին նաեւ ժամանակ տնտեսել, որովհետեւ բոլոր հարցերով՝ սկսած կազմակերպչականից մինչեւ բեմ, իրենք են զբաղվում»,- ասաց Ալեքսեյ Մազուրը:
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մեր ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ, ֆլեյտահարը հանդես եկավ Մոցարտի թիվ 1 կոնցերտի կատարմամբ: Համերգի ավարտին Ալեքսեյ Մազուրը իր գոհունակությունը հայտնեց ոչ միայն կայացած երեկոյի «մեղավորներին», այլեւ հանդիսատեսին: «Տասը տարի առաջ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կազմում ես բեմ եմ բարձրացել երեւանյան այս համերգասրահում, իհարկե՝ ոչ որպես մենակատար: Երկու համերգ ենք ունեցել, ղեկավարել են Պավել Կոգանը եւ Սերգեյ Սմբատյանը: Դեռ այն ժամանակ զգացի հայ հանդիսատեսի ջերմությունը: Կրկին համոզվեցի եւ համակարծիք եմ տարածված այն մտքին, թե ուրիշ է հայ հանդիսատեսը…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Անմիջապես հավելեց, թե իբրեւ մենակատար քանիցս հանդես է եկել Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտով՝ ֆլեյտայի մեկնաբանմամբ ու տեղեկացրեց, որ տառացիորեն վերջերս Սանկտ Պետերբուրգում, Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ, խաչատրյանական կոնցերտի կատարումով հիացրել է Բեռլինի ֆիլհարմոնիկի մենակատար՝ ֆլեյտահար Էմանուել Պայուն: Հետաքրքրությանը՝ երբեւէ Երեւանում հանդես կգա՞ այդ կոնցերտով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հաջորդ այցիս: Կուզեմ, որ դա շատ չուշանա»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
13.11.2018