Պաշտոնական Երեւանին կհաջողվի՞ «ցանկացած սցենարի»
համաձայն Պուտինից հօգուտ Հայաստանի որոշում ստանալ
Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովն էր, որի հիմնական ինտրիգը կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցն էր: Հայտնի է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները այդ հարցը քննարկել են եւ ընդհանուր հայտարարի չեն եկել։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին: Կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում: Միաժամանակ, աշխատանքներ են տարվելու գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը կարգավորող համապատասխան նորմերի մշակման ուղղությամբ:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, որը Աստանայում էր եղել, հայտնել է, թե հիմնական բանավեճը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ էր, կազմակերպության անդամ մնացած անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, համաձայն էին ցանկացած սցենարի։
Այսինքն՝ հայկական կողմն ընտրել է գագաթնաժողովի ժամանակ դիրքորոշում պնդելու քայլի դիմել, ինչը, թերեւս, նշանակում է, որ եթե եղել են առանձին բանակցություններ, կուլիսային քննարկումներ, ուրեմն դրանք արդյունք չեն տվել, եթե քննարկում-բանավեճերը տեղափոխվել են գագաթնաժողովի սրահ:
Մինչեւ դեկտեմբեր կհաջողվի՞ պաշտոնական Երեւանին ՀԱՊԿ անդամ պետությունների հետ պայմանավորվածությունների գալ՝ կերեւա մի քանի շաբաթից: Բայց ի սկզբանե պարզ էր, որ Մոսկվան չի ներելու Հայաստանի կողմից ՀԱՊԿ հեղինակությանը հասցրած հարվածը, իսկ կազմակերպության անդամ մյուս երկրներն էլ իրենց համար հաճելի առիթն օգտագործելու են ընդդեմ հայկական կողմի:
Հայաստանում, իհարկե, տեղի ունեցածն անմիջապես ստացավ քարոզչական ուշագրավ դրսեւորումներ: Աստանայի գագաթնաժողովից հետո արդեն անմիջապես սկսվեցին մեկնաբանությունները ՀԱՊԿ անարդյունավետության ու կառույցի չունեցած վարկանիշի մասին: Այո՛, ՀԱՊԿ-ականները շատ դեպքերում են ապացուցել, որ առավելապես Ադրբեջանի շահերի հետ են հաշվի նստում, քան Հայաստանի: Բայց խնդիրը դա չէ, Խաչատուրովի լավ կամ վատ լինելը, կամ ՀՀ-ի կողմից նոր թեկնածուի լավ կամ վատը լինելը չէ, այլ այն, թե հայկական դիվանագիտությանը հաջողվելո՞ւ է իր քայլերի արդյունքում պահպանել ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը: Ավելի կոնկրետ՝ Փաշինյանը կարողանալո՞ւ է «չեզոք», «ցանկացած սցենարի» համաձայն Պուտինից հօգուտ Հայաստանի որոշում ստանալ:
Ըստ ռուսաստանյան մամուլի հրապարակումների՝ Նազարբաեւը պնդել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը, Փաշինյանը, իր հերթին, պնդել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչեւ 2020 թվականը պետք է լինի Հայաստանի նոր ներկայացուցիչը։ «Կոմերսանտ»-ը գրել էր նաեւ, որ Փաշինյանն այս հարցում անզիջում է։
ՀըԽ-ն էլ մեջբերել է Նազարբաեւի խոսքերը. «Իհարկե, Հայաստանը ուզում է, որ իր ներկայացուցիչը շարունակի ղեկավարել ՀԱՊԿ քարտուղարությունը: Բոլոր երկրների ղեկավարները, սակայն, գագաթնաժողովի ժամանակ ասացին, որ մեկ տարի է մնացել, եւ այդ ժամկետում նոր գլխավոր քարտուղարը չի հասցնի նույնիսկ այցելել կազմակերպության անդամ բոլոր երկրները: Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է նորմալ գործող գլխավոր քարտուղար՝ Բելառուսի ներկայացուցիչը»:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ն էլ հայտնել է, որ այդչափ կրքոտ կադրային քննարկում գագաթնաժողովներին դեռ չէր եղել, ՀԱՊԿ ղեկավարները երեք ժամից ավելի տեւած քննարկումներին չեն կարողացել որոշում կայացնել: Ռուսաստանը, ըստ պարբերականի, առաջարկել էր փոխզիջումային տարբերակ, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի բազմամյա տեղակալ եւ այսօր գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, սակայն այս սցենարին ընդդիմացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ պնդել, որ եթե Հայաստանը հետ է կանչել Յուրի Խաչատուրովին, ուրեմն կազմակերպության քարտուղարության հաջորդ ղեկավարը ռոտացիոն կարգով պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը: Հայտնի է, որ Մինսկն արդեն ունի իր թեկնածուն՝ խոսքը Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի մասին է:
Այսպես, ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցով վերջնական որոշում, ըստ ամենայնի, կկայացվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Մինչ այդ գլխավոր քարտուղարի պարտականությունները շարունակելու է կատարել Վալերի Սեմերիկովը: Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների պահվածքը խիստ սպասելի էր, բայց պարզվեց՝ Աստանան այլ անակնկալներ էլ էր պատրաստել Հայաստանի համար:
Դարձյալ ռուսաստանյան մամուլում հայտնվեց մի ուշագրավ տեղեկություն: Պարզվում է՝ Ալիեւին ցանկացել են հրավիրել ՀԱՊԿ գագաթնաժողովին: ՀԱՊԿ-ում քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հյուրի կարգավիճակով Աստանայի գագաթնաժողովին հրավիրելու տարբերակը: Այս մասին եւս հայտնել է ռուսաստանյան «Կոմերսանտը»՝ վկայակոչելով գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցող երկու աղբյուր: Ըստ թերթի զրուցակիցների՝ նման առաջարկ արվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից, եւ այն հավանության է արժանացել մյուս առաջնորդների կողմից, նրանց թվում նշվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը: Ավելին՝ աղբյուրները նշել են, որ Ալիեւը պատրաստ է եղել ներկա գտնվել միջոցառմանը, սակայն այդ գաղափարին դեմ է արտահայտվել հայկական կողմը: «Դաշինքի մեջ չմտնող պետությունների ղեկավարները կարող են մասնակցություն ունենալ ՀԱՊԿ միջոցառումներին, եթե դրան համաձայնություն տան կազմակերպության բոլոր անդամները»,- մեկնաբանել է անդամ-երկրների պատվիրակություններից մեկում «Կոմերսանտի» աղբյուրը: Տվյալ դեպքում, նրա խոսքով, կոնսենսուս չի եղել: Ալիեւի՝ Աստանա հրավիրվելու մասին տեղեկատվությունը մեկնաբանելուն ի պատասխան՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, թե՝ «մենք նման տեղեկատվություն չունենք»:
Եթե բանը հասել է նրան, որ ՀԱՊԿ-ում քննարկվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հյուրի կարգավիճակ տալու հարցը, ապա կարելի է եզրակացնել, թե ինչով կարող են ավարտվել նաեւ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցով քննարկումները: Հայաստանի ՀԱՊԿ-ական գործընկերները Ռուսաստանի «չեզոքության» պայմաններում հայկական դիվանագիտությանը «անակնկալներ» մատուցելու ռեժիմ են մտել: Դա արդեն իսկ ակնհայտ է:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
13.11.2018