Նոյեմբերի 13-ին Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցան ֆակուլտետային և համալսարանական ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունները։
ԵՊԼՀ ՈՒԽ նախագահի ընտրություններին առաջադրված միակ թեկնածուն սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի՝ երրորդ կուրսի ուսանող Շիրակ Սաֆարյանն էր, որն էլ 287 կողմ և 141 դեմ ձայներով ընտրվել է ՈՒԽ նախագահ։
ԵՊԼՀ ուսանողները փաստում են, որ տեղի են ունեցել արդար և լեգիտիմ ընտրություններ, ֆակուլտետները տեղամասերի են բաժանվել և ամեն ինչ եղել է սահմանված կարգով, սակայն նրանց մի մասը դժգոհություններ ունի՝ ընտրությունների անցկացման ժամանակի հետ կապված։
«ԵՊԼՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Սաթեն Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց Ռեստարտ թիմը մինչ ընտրությունը դեմ քվեարկելու դիրքորոշում է ունեցել, որպեսզի ընտրությունները չեղարկվեն, հետաձգվեն և լինեն նոր ընտրություններ։
«Եթե ընտրությունները չեղարկվեին, ապա ավելի շատ ժամանակ կլիներ քարոզարշավի համար, և նաև հնարավոր է՝ լինեին մեկից ավելի թեկնածուներ, բացի այդ այս հետաձգման շնորհիվ ամեն ինչ ավելի պրոֆեսիոնալ մակարդակով կկազմակերպվեր»։
Հակոբյանը նշեց, որ իրենց կառույցը դեմ չէ Շիրակ Սաֆարյան անձին, և որ միակ խնդիրը ընտրությունների անցկացման համար ընտրված ժամանակահատվածն է։
«Ուսանողների ճնշող մեծամասնությունն այդպես էլ պատշաճ չիրազեկվեց այս ամենի մասին։ Քննական շրջանը թույլ չտվեց, որպեսզի ուսանողությանը տեղեկատվությունն ավելի մեծ չափաբաժնով հասնի, ինչի հետևանքով ունեինք նախագահի համար առաջադրված ընդամենը մեկ թեկնածու։ Քարոզարշավի համար նախատեսված օրերից երկուսը շաբաթ-կիրակի էին, որի պատճառով թեկնածուները (և’ ֆակուլտետային Ուխ-ների, և’ ՈւԽ նախագահի) ընդամենը մեկ օր ունեցան՝ ներկայանալու ուսանողությանն ու ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը, կարծում եմ, շատ քիչ ժամանակ է 3000 ուսանողի կարծիք ձևավորելու համար»։
Հակոբյանի խոսքով «ԵՊԼՀ ռեստարտ»-ը պատրաստ է ամեն ինչով աջակցել նոր ձևավորված ՈՒԽ թիմին և հետևողական է լինելու նրանց աշխատանքին։
«Մենք՝ որպես նախկին ՈՒԽ-ն լուծարելու նախաձեռնող խումբ, պարտավորություն ենք ստանձնել, որ կազմվի նոր ՈՒԽ և պատրաստվում ենք հետևողական լինել նոր ՈՒԽ-ի աշխատանքին, որպեսզի ևս մեկ անգամ չառաջանան այն խնդիրները, որոնք առաջացել էին նախկինում»,-ասաց Սաթեն Հակոբյանը։
«ԵՊԼՀ ռեստարտ» ներկայացուցիչը շեշտեց, որ սա առաջին դեպքն է Հայաստանում, երբ ուսանողական ինքնակառավարման մարմնին հնարավորություն է տրվում ընտրվել համալսարանի ամբողջ ուսանողության կողմից, լիազորվել ներկայացնելու ուսանողի շահերը և իրենք հպարտ են, որ հենց իրենց կողմից ստեղծվեց այս նախադեպը։
Հիշեցնենք, որ մայիսին «ԵՊԼՀ ռեստարտ»-ը համալսարանում ստորագրահավաք էր իրականացրել և լուծարել նախկին ուսանողական խորհուրդը։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լուսանկարը՝ Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆեյսբուքյան էջից։