Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի՛ հայրենակիցներ
Ինչպես հիշում եք, եվրոպական երկրներ կատարած իմ վերջին այցի ընթացքում, տեղեկացնելով ներդրումային որոշ ծրագրերի մասին, ասել էի, որ պետք է սպասել լավ նորությունների: Ուրախ եմ արձանագրել, որ այցի ժամանակ և դրան հաջորդած ինտենսիվ քննարկումներից հետո հաջողությամբ ավարտել ենք ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման շուրջ բանակցությունները: Արդյունքում շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի և որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք: Ծրագիր, որին շատ երկար ենք սպասել, և որն, իմ պատկերացմամբ, դառնալու է Արցախի տնտեսական ամենախոշոր նախագծերից մեկը և ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման երաշխավորը:
Ի գիտություն նշեմ, որ ոռոգման համակարգը մեր հանրապետությունում մեծ ներդրումների կարիք ունի: Այսօրվա դրությամբ ունենք մինչև 10,000 հեկտար ոչ կանոնավոր ոռոգվող այգի ու դաշտ, որը կազմում է մշակվող հողատարածքների մոտ 10 տոկոսը: Այսինքն` նոր ծրագրով նախատեսվում է ավելի քան կրկնապատկել առկա ծավալը:
Ներդրողների հետ պայմանավորվել ենք նաև ջրատարն ապահովող կասկադի վրա նոր ՀԷԿ-երի կառուցման մասին, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ խթանելով դրա արտահանումը: Ի դեպ, այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ մեր հանրապետությունում արտադրվել է ավելի քան 290 մլն ԿՎտ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 20.5 տոկոսով: Նշված ծավալից ներքին սպառման համար օգտագործվել է 267 մլն ԿՎտ-ն: Իսկ առաջիկա տարիներին հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը նախատեսում ենք հասցնել մինչև 1 մլրդ ԿՎտ-ի:
Ներդրող ընկերության բաժնետերերը, որոնք հայկական ծագում չունեն, իրենց կարևոր մասնակցությունը կունենան նաև այգեգործության զարգացման գործում: Այս օրերին Արցախում են գտնվում այդ ընկերության պատասխանատուները, որոնց հետ արդեն քննարկում ենք ծրագրի մեկնարկի ժամկետներն ու տեխնիկական որոշ հարցեր: Հավատացեք, որ հեռու չէ այն օրը, երբ Մարտակերտի դաշտավայրային հատվածը կդառնա ծաղկուն գոտի, որտեղ կստեղծվեն տասնյակ վերամշակող ընկերություններ և հազարավոր նոր աշխատատեղեր:
Նշեմ նաև, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվում, քանի որ Սփյուռքի մեր բարերարների հետ այս օրերին ավարտում ենք բարեգործական մի շարք ծրագրերի քննարկումը, որոնց մասին կտեղեկացնեմ ավելի ուշ: Սպասե՜ք լավ լուրերի: