Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում ռեյտինգայինների թեժ պայքար է լինելու

Նոյեմբեր 13,2018 22:15

ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր Սուրեն Մանուկյանն առաջիկա արտահերթ ընտրություններին կմասնակցի դարձյալ ՀՅԴ-ի հովանու ներքո, դարձյալ ռեյտինգային ընտրակարգով: Սուրեն Մանուկյանը 2003 թվականից ՀՅԴ անդամ է, սակայն, գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն առաջիններից էր որ միացավ`անտեսելով կուսակցության սպասողական կեցվածքը:

Սուրեն Մանուկյանը հիշեցնում է դեռ այն ժամանակ այդ առիթով իր արած հայտարարությունը`այդ որոշումը կայացրել է իրեն ձայն տված 5500 տավուշցիների պահանջով: Հետո ինքն այդ պատճառով հարազատ ՀՅԴ-ում կարգապահական տույժի ենթարկվեց, մեկ տարով «կանխակայվեց»:

Այսինքն, նա մեկ տարի իրավունք չունի մասնակցել կուսակցական ժողովներին:

Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Մանուկյանն ասաց`տեղեկություններ ունի, որ ՀՅԴ-ում քննարկում են իր անդամության կանխակայումը ժամանակից շուտ վերացնելու հարցը:

Հետաքրքրվեցինք`«Քաղաքացիական պայմանագրից» առաջարկ չի՞ ստացել`իրենց ցուցակով ընտրություններին մասնակցելու համար: Սուրեն Մանուկյանն ասում է`տարբեր կուսակցություններից է առաջարկներ ստացել`իրենց ցուցակներում ընդգրկվելու համար, բայց այսպես է պատասխանել. «Ինձ համար նույնիսկ վիրավորական է, որ նման առաջարկով հանդես եք գալիս, որովհետեւ ես ամբողջ կյանքում գնահատել եմ սկզբունքայնությունը, ես չեմ կարող իմ սկզբունքներին դավաճանել»:

Դիտարկմանը`բայց ՀՅԴ-ն հիմա, մեղմ ասած, շատ քիչ հավանականություններ ունի անցողիկ շեմը հաղթահարելու, այսինքն, դուք կարող է հաջորդ խորհրդարանում չլինեք, Սուրեն Մանուկյանը պատասխանեց. «Դա ձեր կարծիքն է: Իմ կարծիքով, ՀՅԴ-ն կլինի նոր խորհրդարանում, որովհետեւ ՀՅԴ-ն, ճիշտ է, որոշակի քաղաքական սխալ գործունեության պատճառով իր ռեյտինգը գցել է, բայց այսօր մենք 50+-ի դեմ չենք պայքարում:

Ես միշտ լսել եմ, որ ՀՅԴ-ն կարող է չանցնի, բայց միշտ անցել է: Թող ժողովուրդը որոշի, բայց, իմ կարծիքով, ժողովուրդը ճիշտ կգնահատի ՀՅԴ-ի դերն ու նշանակությունը`մեր պետության զարգացման համար, որովհետեւ ՀՅԴ-ի գործոնով է պայմանավորված, որ աշխարհի 90 երկրներում հայկական դպրոցներ են գործում, մենք ունենք Հայ դատի հանձնախումբ, որը տարբեր ատյաններում կարողանում է հայանպաստ հարցեր բարձրացնել, մենք ունենք ՀՕՄ, որը արտասահմանում սովորող երեք հազար ուսանողի ուսման վճար է մուծում`տարեկան, ունենք դաշնակցական ընկերներ, որոնք հաճախ ավելի հզոր գործեր են անում, քանի մեր դեսպանատներն ու դեսպանները եւ նրանք այդ ամենն անվճար են անում, անգամ սեփական գրպանից գումարներ դնելով»:

Այս առավելություններն ի՞նչ տոկոս կբերեն ՀՅԴ-ին առաջիկա ընտրություններում, մեր զրուցակիցը պատասխանում է. «Վստահ եմ, որ ՀՅԴ-ն անցողիկ շեմը հաղթահարելու է»: Ինքն այդ եզրահանգման է եկել «մարդկանց հետ շփումների» արդյունքում: Հետաքրքրվեցինք`ինքն իր դիրքերը կպահպանի՞: «Միանշանակ: Ես հանդիպումների ընթացքում զգացել եմ, որ մարդիկ պատրաստ են նույն ձեւ աջակցել, ինչպես նախկինում են աջակցել»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Հարցին`հեղափոխական էյֆորիան եւ «Իմ քայլի» թեկնածուներն իր ձայներից չե՞ն «տանի», մանավանդ, որ այդ տարածաշրջանը վարչապետի ծննդավայրն է, Սուրեն Մանուկյանը պատասխանեց. «Ես ընտրվել եմ Տավուշի ընտրատարածքից եւ մեր մարզի բնակիչներն ինչ պահանջ դրել են իմ առջեւ, ես լիարժեք կատարել եմ: Խոսքն ԱԺ-ի այս վերջին գործընթացների մասին է խոսքը: Այսինքն, մարդիկ այսօր շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր չի ընտրվում: Նիկոլ Փաշինյանն ընտրվում է վարչապետ, ուզում է ԱԺ-ում մեծամասնություն ունենալ: Մարդիկ նաեւ հասկանում են, որ երբ գա ընտրության պահը եւ իրենք իմ առաջ պահանջ դնեն, որ պետք է ընտրեմ Նիկոլ Փաշինյանին, ես այդ ընտրությունը կկատարեմ: Դրա համար, իրենց ավելի լավ է լինի այնպիսի պատգամավոր, որն իրենց ուզածով ուղղորդվի, քան լինի այնպիսի պատգամավոր, որը Նիկոլ Փաշինյանի ռեյտինգով ընտրվի պատգամավոր ու իրենք էդ մարդուն ոչ մի անգամ չկարողանան տեսնել: Օրինակ, Տավուշի մարզում չեք գտնի մի հոգի, որ 1,5 տարվա ընթացքում ինձ գոնե մեկ անգամ զանգած լինի, ես իրան հետ զանգած չլինեմ: Ու կապ չունի`իր հարցը դրական է ավարտվել, թե`բացասական, որովհետեւ ես ամենազոր չեմ էլի, որ ցանկացած հարցի լուծում տամ: Բայց մարդը հասկացել ա, թե բացասականի դեպքում պատճառն ինչ ա եղել: Եթե ինքը որեւէ ոլորտում խնդիր ա ունեցել, դա 2-3 օրվա մեջ բարձրաձայնել է. պարտադիր չի միկրոֆոնով կամ ամբիոնից խոսես»:

Տավուշի մարզում, իշխող ուժը ռեյտինգային ընտրակարգով առաջադրելու է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին, Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն`տարածքային կառավարման նախարարի խորհրդական Սիփան Փաշինյանին եւ Հերմինե Անտոնյանին: Վերջինս 2017-ի ընտրություններում «Ելք»-ի կողմից էր առաջադրվել: ՀՀԿ-ն, մեր տեղեկություններով, այդ ընտրատարածքում առաջադրելու է նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն`Վարուժան Բաբաջանյանի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Համլետ Խաչատրյան says:

    Անկախ ամեն ինչից, որ Սուրեն Մանուկյանը դաշնակցական է, ես իմ քվեն տալու եմ Սուրեն Մանուկյանին, որովհետև շատ հասարակ և խելացի տղա է: Ամենակարևորը ինքն է իրենով հասել այդ բարձր մակարդակներին, ոչ թե ինչ որ մեկի հովանու ներքո:

  2. Տավուշցի says:

    Սուրեն Մանուկյանը անտառի հաշվին դարձավ պատգամավոր, գազի լցակայանի տեր դարձավ, էլ չեմ ասում մի քանի անշարժ գույքի, որ գրանցված են քենու կամ այլ անձի անունով; Տավուշի անտառները մաքրել են դաշնակցականները և շարունակում են; Զարմանալի է, որ նախկին պատգամավորը դեռ բարձր կարծիք ունի իր մասին և թվում է, թե մարդիկ իրեն խնդրում են պատգամավոր դառնալու համար. Ժողովուրդը հիմա լավ է հասկանում որ կոճակ սեղմողն այլևս տեղ չունի խորհրդարանում; Մանդատն ամեն մեկի բան չէ,

  3. Հասմիկ Փաշինյան says:

    Սուրեն Մանուկյանը միշտ եղել է իր ընտրողների կողքին: Իսկ ովքեր այս կյանքում իրենցից ոչինչ չեն ներկայացնում միշտ խանդով են խոսում Մանուկյանի մասին, իսկ հիմա բոլորս էլ լավ գիտենք, որ Մանուկյանը ոչ մի իշխանական լծակ չունի և հիմա կերևա, թե նախկինում ինքը ինչպես ընտրվեց` անտառի հաշվին, թե իր հարգանքի, այնպես որ աբիժնիկ և ստահոդ լուրեր քիչ տարածեք: համոզված եմ, որ նմանատիպ լուրեր տարածողները իրենց ահից գոռում են, ամոթ է սթափվեք…

  4. Հայկուշ Վարդանյան says:

    Մենք մեր ընտանիքով ընտրելու ենք Սուրեն Մանուկյանին, չնայած որ մենք իրեն անձամբ չենք ճանաչում, բայց մեկին չգիտենք, որ իրեն մասին բացասական արտահայտվի: Իսկ լավ, բարի, հասարակ մարդը չի կարող վատ պատգամավոր լինել:

  5. Անդրանիկ Գրիգորյան says:

    Թեկնածուներից ում ընտրես, այսքան թեկնածուների մեջ երկու մարդ կա, որ կարելի է ընտրել Վահե Ղալումյան և Սուրեն Մանուկյան: Մնացածներին քվե տալը ուղղակի անիմաստ գործ է:

Պատասխանել