Լեգենդար մարզիկը կյանքի, թերեւս, մի նպատակ չկարողացավ իրականացնել՝ 80-ականների սկզբին ծանրամարտի նոր բարձունքներ նվաճել հայրենիքում նշանակված աշխարհի առաջնությունում, որը քաղաքական դրդապատճառներով Երեւանում չանցկացվեց:
Լեգենդար մարզիկը կյանքին հրաժեշտ էր տվել նոյեմբերի 2-ին՝ 62 տարեկանում: Նրա աճյունը ԱՄՆ-ից բերվել էր Գյումրի՝ Յուրի Վարդանյանի ծննդավայր Լենինական, իսկ այսօր քաղաքացիական հրաժեշտի համար աճյունը դրվել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ նախասրահում, այն համալիրում, որտեղ Յուրի Վարդանյանը 80-ականների սկզբին պատրաստվում էր համաշխարհային ծանրամարտի նոր բարձունքներ նվաճել աշխարհի առաջնությունում: Սակայն այդ առաջնությունը քաղաքական դրդապատճառներով Երեւանում չանցկացվեց:
Լեգենդար մարզիկին հրաժեշտ տվեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, հազարավոր մարզասերներ:
Յուրի Վարդանյանի աճյունը հողին հանձնվեց Կոմիտասի անվան պանթեոնում: Նա եղավ մարզաշխարհի՝ այնտեղ հանգչող առաջին ներկայացուցիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ