Նոյեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Միությանը Հայաստանում և Սփյուռքի համայնքներում իրականացվող հայրենաշեն ու ազգօգուտ ծրագրերի, ինչպես նաև Հայ Եկեղեցու գործունեությանը մշտապես աջակցելու համար: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցու առաքելությունն ուղղված է hայրենիքում և Սփյուռքում հայ ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը, մեր ժողովրդի միասնության ու համերաշխության ամրապնդմանը, ազգային-հոգևոր արժեհամակարգի անաղարտ պահպանմանը:
Տիար Պերճ Սեդրակյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց անցած մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում և Սփյուռքի համայնքներում ՀԲԸՄ կողմից իրականացված նախաձեռնությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև որոշ ընդհանուր նկատառումներ` համայնքային կյանքի արդյունաշատ կազմակերպման վերաբերյալ։ ՀԲԸՄ նախագահը հաստատեց, որ Բարեգործական Ընդհանուր Միությունը մշտապես շարունակելու է զորակցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությանը և ազգանպաստ ծրագրերին, ինչպես նաև Սփյուռքի ազգային ինքնության և հայապահպանության ուղղված ջանքերին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Հայ Եկեղեցու պատմական անցյալին և ներկա իրավիճակին, մեծապես կարևորվեց եկեղեցու դերակատարությունը հայ ժողովրդի ապագայի կերտման գործում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին և զարգացումներին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ