ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցը տեղի է ունենում ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի հրավերով՝ 2017 թվականի նոյեմբերին ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գլխավոր դատախազների հերթական նիստերի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում կայացած ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում՝ երկու բարեկամ երկրների դատախազությունների միջև հետագա համագործակցությունը զարգացնելուն ուղղված պայմանավորվածությունների համատեքստում:
Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն հարևան երկրների դատախազական համակարգերի միջև գործնական շփումներն ու փորձի փոխանակումն առավել ակտիվացնելու, քրեական գործերով իրավական փոխօգնության պրակտիկան բարելավելու, երկու երկրների իրավապահ մարմինների կողմից անդրազգային բնույթի տարբեր հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր:
Նախատեսվում է այցի արդյունքներով ստորագրել ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև համագործակցության 2019-2020 թվականների ծրագիրը:
ՀՀ գլխավոր դատախազություն