Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թիվ ՆՀ-485-Ա հրամանագրով ես հետ եմ կանչվել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Այսպիսով, ավարտվեց իմ դիվանագիտական առաքելությունը Լեհաստանի Հանրապետությունում։ Անցած չորս տարիները շատ հիշարժան են լինելու ինձ համար ողջ կյանքի ընթացքում։ Ես անմնացորդ նվիրումով, իմ ուժերի և կարողությունների ողջ ծավալով, փորձել եմ ներդնել իմ ջանքերը՝ դեսպանի պարտականությունները բարեխղճորեն կատարելու և Հայաստանի Հանրապետությունը բարեկամ Լեհաստանում արժանապատվորեն ներկայացնելու համար։ Այս աշխատանքի շնորհիվ ես հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ, կարողություններ և մասնագիտական փորձառություն, հատկապես դիվանագիտության ոլորտում՝ արժանանալով Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական բարձրագույն աստիճանին։ Այս աշխատանքի շնորհիվ ես ձեռք բերեցի բազմաթիվ բարեկամներ և ընկերներ Լեհաստանում և աշխարհի տարբեր երկրներում (ի դեմս ինձ հետ Լեհաստանում ծառայություն անցած օտարերկրացի դիվանագետների)։ Այս աշխատանքի շնորհիվ ես հնարավորություն ունեցած ճանաչել և բարեկամանալ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգի բազմաթիվ փայլուն դիվանագետների և աշխատակիցների հետ։
Այս առաքելության շնորհիվ ես հնարավորություն ունեցա խորապես ճանաչել Լեհաստանը, այդ երկրի պատմությանը և այստեղ ապրող հրաշալի մարդկանց։ Ես հպարտությամբ ծանոթացա Լեհաստանում հայ համայնքի հարուստ պատմությանը և ճանաչեցի այստեղ ապրող մեր հրաշալի հայրենակիցներին, որոնցից շատերը դարձան մեր ընտանիքի լավ բարեկամները ողջ կյանքի համար։
Չափազանց լարված և ծանրաբեռնված, սակայն միաժամանակ անչափ հետաքրքիր և օգտակար իմ առաքելությանը ես հրաժեշտ եմ դալիս բարձր տրամադրությամբ և ներքին բավարարվածության մեծ զգացողություններով։ Անկախ իմ հետագա կարգավիճակից, ես շարունակելու եմ ծառայել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ և մեր փառահեղ ժողովրդին։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մարդկանց, ովքեր վստահեցին և օգնեցին ինձ այս առաքելության ողջ ընթացքում։
Հետագա մեծ հաջողություններ եմ մաղթում Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Սամվել Մկրտչյանին և մեր դեսպանության անձնակազմին՝ իրենց առջև դրված խնդիրները հաջողությամբ կատարելու պատվաբեր ճանապարհին։