Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրապետականի նախընտրական նվերը Փաշինյանին

Նոյեմբեր 13,2018 18:07

ԱԺ սպասվող արտահերթ ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցությունը Խորհրդի ընդլայնված նիստում որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին: Կուսակցության «քաղաքական թևին», ըստ երևույթին, հաջողվել է համոզել իրենց կուսակիցներին մասնակցության անհրաժեշտությունը, և որ կուսակցությունը դեռևս ունի քաղաքական ռեսուրս: Այնուհանդերձ, դատելով մամուլում հայտնված շատ սուղ տեղեկություններից, այդ որոշումը չի եղել միաձայն, ինչպես լինում էր սովորաբար, և քաղաքական թևը համոզել է ընդունել որոշումը «սեփական պատասխանատվությամբ»:

Սակայն ընտրություններին մասնակցելու որոշումից ավելի կարևոր, կարծում եմ, կուսակցության Խորհրդի կողմից հավանության արժանացած քաղաքական հայտարարության նախագիծն է: Տասնհինգ էջանոց փաստաթղթում մանրամասն խոսվում է Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակի և Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրությունների մասին:

Հայտարարության տեքստը հստակորեն ուրվագծում է կուսակցության քաղաքական դիրքորոշումը վերջին շրջանում (և ոչ միայն) Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ, ինչպես նաև քաղաքական այն մարտավարությունը, որով այդ կազմակերպությունը ներկայանալու է ընտրողներին առաջիկա նախընտրական պայքարում:

Ցավոք, պետք է փաստել, որ այդ դիրքորոշումը շարունակում է մնալ իրականության և տեղի ունեցածի անհամարժեք գնահատականների տիրույթում: Եվ սրա ամենախոսուն փաստարկը այն է, որ հայտարարության մեջ՝ որպես գրեթե 20 տարի իշխող կուսակցության առաջնային «սխալ և բացթողում» ընդամենը նշվում է «տարածքային և շրջանային կառույցների հետ կենտրոնի կապի թուլացումը…»:

Ցավոք, պետք է արձանագրել, որ այսքանից հետո կուսակցությունը չունեցավ բավարար ներուժ հիմնովին մերժելու քաղաքական դեմագոգիան ու փարիսեցիությունը, թոթափելու հասարակության հետ հաղորդակցման՝ քաղաքական մառազմի, երեսպաշտության ու աճպարարությունների չափազանց տհաճ ու կործանարար գործելաոճը:

Բայց սա էլ, ինչպես ասում են՝ աղետի կեսն է…

Ներկայումս ընթացող քաղաքական դաշտի վերաձևման, նոր կուսակցությունների կազմավորման, կայացման և քաղաքական համակարգի առողջացման հրամայականի պարագայում՝ նման մոտեցումներով և զինանոցով Հանրապետական կուսակցության մուտքը նախընտրական պայքար և սպասվող քաղաքական գործընթացներ, թույլ են տալիս անել հետևյալ աներկբա արձանագրումները.

1.Հայաստանյան և ոչ մի քաղաքական ուժ այդքան հետևողականորեն, համակարգված և նպատակային կերպով չի օգնում գործող իշխանություններին, որքան Հանրապետականը՝ իրենից «ժողովրդի թշնամու» կերպար ստեղծելով, սեփական կուսակցությունը անընդհատ թիրախավորելով, շեղելով հանրության ուշադրությունը իշխանության արտաքին և ներքին սխալներից ու կառավարչական բացթողումներից, անընդհատ խեղափոխելով քաղաքական օրակարգը՝ իրապես ծրագրային պայքարից տեղափոխելով այն «նախկինների դեմ» պայքարի համատեքստ:

2.Հայաստանյան և ոչ մի քաղաքական ուժ այդքան չի խանգարում քաղաքական դաշտի առողջացմանը, քաղաքական նոր համակարգի կազմավորմանը, ի դեմս նոր կուսակցությունների՝ իրապես գաղափարական ու ծրագրային ընդդիմության ձևավորմանը, քաղաքական այլընտրանքի վտանգով պայմանավորված՝ իշխանության «զգաստացմանը»:

3.Հայաստանյան քաղաքական և ոչ մի ուժ վերջին ամիսների իր գործողություններով և հատկապես քաղաքական հայտարարություններով այդքան չի նպաստում «հեղափոխականության» շարունակմանը, քաղաքական օրակարգը «հետ մղելով», տանելով այն այս անգամ արդեն «Մերժիր Հանրապետականին» ժամանակավրեպ, անիմաստ ու դեստրուկտիվ ճանապարհով:

4.Հայաստանյան քաղաքական և ոչ մի ուժ այդքան չի նպաստում քաղաքական դաշտի փոշիացմանը ու նոր իրողություններում քաղաքական մենաշնորհի հաստատմանը:

Սպասվող նախընտրական քարոզչությունը ամբողջապես խարսխվելու է «սև նախկիններին» ավելի սևացնելու, կոռուպցիայի ու թալանի, նախկինների գործած ապօրինությունների ու «բեսպրեդելի» մասին ականջ շոյող ու ամբոխահաճո ելույթների ու հրապարակախոսության վրա:

Նախընտրական պայքարը այսօր այդքան կարևոր ու պահանջված, իրապես ծրագրային ու գաղափարական առանցքի շուրջ ծավալվելու փոխարեն ընթանալու է ամբոխավար ու պոպուլիստական հռետորաբանության ծիրում՝ երկիրը մտցնելով «կրկնվող հեղափոխության» անհեթեթ ու անիմաստ ցիկլի մեջ, երկրորդ պլան մղելով պետության առջև ծառացած արտաքին ու ներքին օր-օրի ահագնացող մարտահրավերները, հրատապ լուծումների սպասող կառավարչական, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ խնդիրները:

Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ

Կառավարման մասնագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հմմմ

    այսինքն՝

    . ՀՀԿ-ն է յանցաւորը, եթէ Հայաստանի մէջ քուէարկողներուն տիրապետող մասը տգէտ եւ միամիտ անխելքներու հաւաքածոյ մըն է, զորս հնարաւոր է շատ հեշտօրէն խաբել, բացայայտօրէն դատարկ ճառախօսութեամբ, ամենացած մակարդակի ամբոխավարութեամբ

    . յանուն Ժողովրդավարութեան յեղափոխութեան մը համար, հարկաւոր է արգիլել կուսակցութեան մը մասնակցութիւնը ընտրութիւններու

    պարզ է

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930