«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց գործով ևս մեկ տուժող:
Նա ևս հայտարարեց, որ ամբաստանյալի՝ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ պահանջ չունի:
Նախորդ դատական նիստին գործով տուժող ճանաչված, Սարի թաղի բնակիչ Տիգրան Եղիազարյանը ևս հայտարարել էր, որ Անդրիաս Ղուկասյանից պահանջ չունի:
Հիշեցնենք՝ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ըստ մեղադրանքի, նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած «Սասնա ծռերին»:
Aravot.am-ը Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Իննեսա Պետրոսյանից հետաքրքրվեց՝ հիմա՞ էլ են շարունակում պնդել, որ Անդրիաս Ղուկասյանը հետապնդվում է քաղաքական հայացքների համար, Իննեսա Պետրոսյանը պատասխանեց. «Մենք դա շուտ ենք ասել: Պարզ չէ՞, որ քաղաքական հայացքների համար է հետապնդվել ու շարունակվում է հետապնդվել»:
Տեղեկացնենք՝ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ