«Մեզանում պակասել է բարությունը», – այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ հույս հայտնելով, որ բարությունը պակասել է, ոչ թե փոխակերպվել մեկ այլ երեւույթի, որը առավել շատ է հանդիպում վերջերս:
Նա դժգոհում էր, որ հարգանքը պակասել է կանանց, երեխաների հանդեպ, առաջին քրիստոնյա ազգն ենք, չենք կարողանում բարի լինել ու բարություն սփռել: Նա հիշեցրեց, որ առջեւում նախընտրական քարոզարշավն է ու կոչ արեց չմոռանալ, որ մենք կնամեծար ազգ ենք, երեխաներին պաշտող:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Սիրեցեք զմիմյանս»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ճիշտ է, հեղափոխությունը ժողովուրդն արեց, բայց այս ԱԺ-ն իր ուրույն դերն ունեցավ հեղափոխական գործընթացների վրա, խորհրդարանը մնաց իր բարձրության վրա: Մելքումյանը կարծես հրաժեշտի ելույթ էր ունենում, պատգամավորներին մաղթում էր կանաչ ճանապարհ:
Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ շնորհակալ է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ընտրեցին իրենց ու հնարավորություն տվեցին աշխատելու 6-րդ գումարման ԱԺ-ում: Ըստ նրա, շատ բան կարելի էր անել, շատ բան կարելի էր նաեւ չանել ու կլիներ ավելի լավ. «Ցավում եմ, որ համաժողովրդական շարժման 4 կարեւորագույն դրույթներից մեկը չիրականացվեց: Հրաժարական տվեց քաղաքական մեծամասնության եւ այն ժամանակվա երկրի ղեկավարը, ընտրվեց ժողովրդի թեկնածուն, լուծարվեց ԱԺ-ն, բայց ընտրակարգը չփոխվեց, ցավում եմ»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես ափսոսանք հայտնեց, որ նոր ԸՕ-ն չընդունվեց, որն ավելի արդար խաղի կանոններ կսահմաներ: Ըստ նրա, հիմա ամեն դեպքում ապաքաղաքականացնելու է ռեյտինգային ընտրակարգը ընտրական գործընթացները: Ինչքան էլ ասենք, թե չի լինելու ընտրակաշառք, չի լինելու ռեսուրսի կիրառում, միեւնույն է, տեղի թաղային հարաբերությունների սինդրոմն աշխատելու է: Նա ասաց, որ ովքեր կփորձեն իրենց հին մեթոդներով գործել ու աշխատել ընտրական գործընթացների վրա, Քրեական օրենսգիրքը թող հիշեն:
Նա ասաց, որ եթե այս ընտրություններին էլ փորձեն մի թեկնածուի քվեաթերթիկները հանձնաժողովներում դնել մեկ ուրիշ թեկնածուի ձայների վրա, բոլոր քվեաթերթիկները հատ-հատ բացել է տալու ու ստուգելու է:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ տարբեր լուրեր է լսում նախապատրաստվող ընտրակեղծիքների մասին, բայց հիմա փորձում է դրանց չհավատալ. «Դրանց վերաբերում եմ բամբասանքի նման, բայց մեր բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում՝ ցանկացած իրավախախտման դեպքում՝ փող բաժանելու, ցուցակագրելու, մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդեցություն ունենալու մեթոդներ կիրառելու պարագայում, խնդրում եմ, կապվեք «Լուսավոր Հայաստանի» գրասենյակներ, որ մենք կարողանանք օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք տալ»:
Մարուքյանն ասաց, որ հիմա չի ուզում հիշել, թե ինչեր էին անում 2017-ի ընտրություններին, ուզում է պոզիտիվ տրամադրության մեջ մնալ. «Եթե այս ընտրություններում փողը դեր չխաղա, մարդկանց տարատեսակ ձեւերով ազատ կամարտահայտման վրա ճնշում չլինի, ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք հզոր ԱԺ եւ այնտեղ մի մեծ խմբակցություն, որը կկոչվի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն»:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ցույց տալով ՀՀԿ ֆրակցիային հատկացված աթոռները, ասաց, որ այդ աթոռները ամբողջությամբ դատարկ են ու նորից ուզում են ընտրվել. «Եթե դուք ձեր այս հնարավորությունից չեք օգտվում, հիմնախնդիրները չեք բարձրացնում, ո՞նց եք ուզում վերարտադրվել եւ նոր գործունեություն ծավալել»: Էնֆիաջյանը նաեւ արձագանքեց բարության կոչ անող ՀՀԿ-ականներին. «Ի՞նչն էր պատճառը, որ գնահատականներ չէր հնչում այն ժամանակ, երբ զոհվածների մայրերին ասֆալտի վրա քաշ էին տալիս, այդ ժամանակ գնահատականներ չէին հնչում, ո՞ր մեկդ էր կանգնում ու քաղաքական գնահատականներ տալիս, կամ երբ ծերերին էին ոտնահարում: Այս դահլիճում երբեւիցե նման բարության կոչեր ձեզանից չէինք լսում»:
Շարմազանովն արձագանքեց. «Բարությանը պետք է բարությամբ պատասխանել, իսկ հանճարեղ մարդիկ նույնիսկ չարությանն են բարությամբ պատասխանում: Իսկ այս դահլիճը ավելի կարկառուն բացակա պատգամավորներ է տեսել, քան թե սովորական մահկանացու ՀՀԿ-ականներ»:
Ի դեպ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը չէր հասցրել հերթագրվել ԱԺ հայտարարության համար, բայց Շարմազանովը նրան մտցրեց հերթագրվածների ցուցակ՝ ասելով. «Մենք բարի ենք, որ հետո չասեք՝ Շարմազանովը սեւ էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ