«Այսօր վերջին զանգի ռոմանտիկ տրամադրություն է կարծեք թե»,- իր ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին սկսեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա խոսեց ՀՀԿ-ի առաջադրման մասին. «Ես հասկանում եմ, որ դժվար է մարսել ՀՀ նորագույն պատմության մեջ առաջին նախադեպը, երբ նախորդ իշխանությունները ոչ թե ջախջախվում, տրոհվում, անհետանում են, ինչպես կոմունիստները, ՀՀՇ-ն, այլ փորձում են ինստիտուցիոնալ քաղաքական հիշողություն պահել քաղաքական դաշտում՝ ստեղծելով ավանդույթներ՝ քաղաքական դաշտի կայացման: Կարծում եմ, սա այն դեպքն է, երբ ՀՀԿ-ի մասնակցությունն իրականում նպաստելու է ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանը եւ պետականաշինության շարունակմանը, որովհետեւ ե՛ւ մեր փորձը, ե՛ւ գիտելիքները, ե՛ւ մեր սխալները կարող են շատ թանկ պաշար լինել նաեւ այս իշխանությունների համար»:
Նա հիշեցրեց, որ ինքը թիվ 4 ընտրատարածքում է առաջադրվել ու հույս ունի, որ մարդիկ կցանկանան խորհրդարանում տեսնել իրական քաղաքական գործիչների, մարդկանց, որոնք ունեն գործադիր իշխանության, երկիրը ներկայացնելու փորձ, նաեւ հնարավորություններ, մտավոր կարողություններ՝ աշխատելու այս իշխանությունների հետ. «Նայում եմ այսօր մեր փոխվարչապետերի հարցազրույցները, մեկը մեկից ընտիր: Մի փոխվարչապետն ասում է՝ ՀՀԿ-ն մեզ մրցակից չի, մենք մրցակիցներ չունենք, մյուսն ասում է՝ մենք արդեն հաղթել ենք, տղե՛րք, նորից ասեմ, մի՛ կրկնեք իմ ու Էդիկի սխալները, որովհետեւ կործանումը սկսում է մեծամտությունից, գոռոզամտությունից: Փառք Աստծո, մի նախարար գտնվեց՝ ԿԳ նախարարը, ասեց, որ բոլորն են մեզ մրցակից: Ախր եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի, ստվերի տակ, հիշե՛ք՝ եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի կեպկեն, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իսկ եթե ռեյտինգայինում այնտեղ, որտեղ ես եմ դնում, դնի ոչ թե ֆիզիկական անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողիկը, էլի առաջին տեղում ձողն է լինելու: Այս նիկոլամանիայի պտուղներից օգտվեք, քաղեք, բայց մի թափահարեք»: Նա ասաց, որ գուցե ինչ-որ լումա ունեն, բայց ոչ այնքան, որ այդ ողջ քաղաքական ժառանգությունը վերագրեն իրենց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ