Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին
Հարգելի խորհրդարան
Մեր երկիրը թևակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ և ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման և հավասար հնարավորությունների մասին:
Կան գործիչներ, որոնք քննադատում են հանրապետականին ընտրությունները չբոյկոտելու և Փաշինյանի ապագա իշխանությունը լեգիտիմացնելու համար: Մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ, այսօր քան երբևէ, Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների դեմ հանդիման:
Այս պայմաններում մենք չենք կարող ընդունել կրավորական կեցվածք, հետևաբար նաև ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով: Մենք ամեն ինչ անելու ենք դիմակայելու այդ մարտահրավերներին` զերծ պահելով Հայաստանն ու Արցախը հնարավոր վտանգներից, քանի որ հայրենիքի շահը վեր է ամեն ինչից:
Հանրապետականը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով: Մեր երկրին անհրաժեշտ է իրական ընդդիմություն, որը մատնանշի իշխանության թերություններն ու սխալները`զերծ պահելով նրան երկրի համար ճակատագրական սխալներից: Դա կարող է անել միայն այն ուժը, որը վեց ամիս շարունակ փաստարկված քննադատել է Փաշինյանի կառավարությանը: Իսկ այդ ուժը հանրապետականն է:
Այս վեց ամիսների ընթացքում մենք ականատես եղանք ստերի բացահայտման մի ողջ շարանի: Փաշինյանի խոստացած թռիչքային զարգացման փոխարեն ստացանք տնտեսական աճի տեմպերի նվազում, ներդրումները նվազեցին 11 անգամ` 100 մլն դոլարից հասնելով ընդամենը 9 մլն դոլար, տեսախցիկներն ու կարմիր գծերը հանելու փոխարեն ստացանք տեսախցիկների ավելացում և կարմիր գծերի պահպանում:
Աշխատատեղեր բացելու փոխարեն ստացանք աշխատատեղերի նվազում. Ալավերդում այդ վտանգի առջև կանգնած են շուրջ 600 մարդ:
Փաշինյանի խոստացած ժողովրդավարական զարգացման փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել նոր խոսելու կոչեր:
Ազգային և քրիստոնեական արժեքները ամրապնդելու փոխարեն ստացանք հարձակում Վեհարանի և Վեհափառի վրա, Շուռնուխում համասեռամոլության քարոզ:
ՀԱՊԿ-ում մեր դիրքերը ամրապնդելու փոխարեն գոնե այս պահին զրկվեցինք գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ ես` միամիտ լոռեցիս ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրվան ինձ նվեր կանի: Այստեղ ևս ոչինչ չստացանք:
Մամուլի հաղորդագրություն