Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Քննարկում ենք 2019 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը, և առիթ ունեցել եմ ասելու, որ այն համարում եմ իներցիոն բյուջե, որովհետև այն հիմնված է պարամետրերի վրա, որոնք մենք ստացել ենք որպես ժառանգություն: Եվ ինչպես ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նշեց իր ելույթում, ընթացիկ քաղաքական քննարկումների և որոշումների ազդեցություններն այս փուլում հաշվի առնված չեն նախագծում, ինչը չի նշանակում, որ ցանկացած պահի դրանք չեն հաշվի առնվի և ներառվի: Այնուամենայնիվ, ես ուզում եմ ընդգծել, որ բյուջետային մեր քաղաքականության մեջ տեղի են ունեցել էական և, ես կասեի, շրջադարձային փոփոխություններ և ուզում եմ հիմա խոսել այդ փոփոխությունների մասին:
Բյուջետային մեր քաղաքականությունը և ընդհանրապես մեր տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն, և մենք մեր գործունեության հիմքում դնում ենք աշխատանքի խրախուսման տրամաբանությունը: Ի՞նչ է սա նշանակում: Այս հարցը մեզ համար ունի խիստ կարևոր գաղափարական նշանակություն, որովհետև քաղաքական մեր գործունեության ողջ ընթացքում, և դա արձանագրված է նաև մեր կուսակցության ծրագրում, որպես հանրային փոփոխությունների կարևորագույն պայման՝ մենք համարում ենք անհատական ջանքը: Այսինքն՝ երկրում հանրության մեջ չեն կարող տեղի ունենալ փոփոխություններ, առավել ևս՝ պոզիտիվ փոփոխություններ, եթե այդ փոփոխությունների հիմքում ընկած չէ անհատական ջանքը:
Ընդհանրապես երբ մենք մինչև այժմ սովորաբար ասել ենք տնտեսական աճ, տնտեսական զարգացում, նկատի ենք ունեցել, որ պետք է ինչ-որ տեղից, ինչ-որ խորհրդավոր մարդիկ կամ ինչ-որ խորհրդավոր ընկերություններ գան և զարգացնեն պետությունը, և կառավարությունն էլ պետք է հիմնականում զբաղվի այդ ընկերությունների հետ հարաբերությունների կարգավորմամբ:
Մենք, տնտեսական աճ ասելով, նկատի ենք ունենում համընդհանուր ջանքի մեկտեղում, և մեզ համար կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի կառուցվածքը փոխվի այնպես, որ այն լինի ներառող: Ի՞նչ է սա նշանակում. մեր քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն: Խոսքը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իրական հնարավորությունների մասին է: Եվ մենք այսօր, ըստ էության, համարում ենք, որ քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այլևս չկան մենաշնորհներ, Հայաստանի Հանրապետությունում չկան տնտեսական գործունեության սահմանափակումներ, Հայաստանի Հանրապետությունում չկան ներմուծման և արտահանման արգելքներ, և ըստ էության, սրանով քաղաքական նախապայմանները և տնտեսական նախապայմանների մի մասն ապահովված է: Եվ ուրեմն, առաջիկա շրջանում մեզ համար կարևորագույն խնդիրը լինելու է հենց տնտեսական նախապայմանների և պայմանների ապահովումը, որպեսզի տնտեսական գործունեության ցանկացած ձև լինի մատչելի բոլորի համար դե յուրե և հնարավորինս շատ մեծ թվով մարդկանց համար՝ դե ֆակտո:
Ի՞նչ ենք մենք անում բյուջեի համատեքստում և առաջիկա շրջանի համար: Կարևորագույն խնդիրն աշխատանքի խրախուսման կարևորագույն որոշումն է, որ մենք որոշել ենք սահմանել մի այսպիսի նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որն ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամ շրջանառության շրջանակում՝ մինիմում շեմը 20 մլն դրամ կլինի, մաքսիմումը՝ 24 մլն դրամ, այդ մարդիկ չեն վճարի ոչ մի հարկ: Իհարկե, մենք դեռ քաղաքական քննարկումների մեջ ենք, դեռ հաշվարկների և քննարկումների փուլ է: Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն՝ ոլորտների հետ կապված, կլինի նաև գոտիականության խնդիր, և մենք այս քաղաքականությամբ կփորձենք խրախուսել հատկապես մարզերում տնտեսական գործունեությունը:
Սա ես առանձնահատուկ շեշտում եմ, որովհետև, ըստ էության, կա երկու մոտեցում, որ մենք միկրոբիզնեսով զբաղվող և իրենց կարիքները հոգալ չկարողացող կամ խնդիրներ ունեցող մարդկանց ասենք՝ գիտեք ինչ, մենք ընտրություններից առաջ, չակերտավոր ասած, ձեզ կօգնենք, ընտրակաշառք կբաժանենք կամ չգիտեմ ինչ-ինչ այլ մեթոդներով կաջակցենք: Մենք փոխարենն ուրիշ ճանապարհով ենք գնում, ասում ենք՝ բացում ենք ձեզ համար հնարավորությունը, որ դուք ինքներդ արժանապատիվ աշխատանքի միջոցով կարողանաք վաստակել ձեր ընտանիքի հացը և ձեր ընտանիքի բարեկեցությունը:
Շատ կարևոր է ընդգծել, որ միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև 3 աշխատող ունենալու պարագայում աշխատողների համար եկամտահարկի բոլորովին ուրիշ ռեժիմ կգործի, այսինքն՝ նրանք կհարկվեն ոչ թե աշխատավարձի 23 տոկոսի չափով, ինչպես մյուսները, այլ ուղղակի 5000 դրամ հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը, այսինքն՝ առավել շահավետ պայմաններ ունենալ:
Հաջորդ հարցը, որ մենք լուծում ենք և այդպիսով խրախուսում ենք աշխատանքը, եկամտահարկի համահարթեցման նախագիծն է: Ինչպես գիտեք, մենք ասել ենք, որ 36 և 28 տոկոս եկամտահարկերն իջեցնելու և դարձնելու ենք համահարթ բոլորի համար՝ 23 տոկոս: Սա աշխատանք է երկու ուղղությամբ՝ խրախուսում ենք բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերի ստեղծումը, և հավելյալ մոտավորապես 50 մլրդ դրամ ենք ներարկում տնտեսության մեջ, այսինքն՝ մոտավորապես 50 մլրդ և ավելի գումար մենք ոչ թե հավաքագրում ենք պետական բյուջե, այլ թողնում ենք մարդկանց մոտ, շրջանառության մեջ: Այս 50 մլրդ դրամը շատ մեծ և կարևոր ներարկում է մեր տնտեսության մեջ այնքանով, որ յուրաքանչյուր տնտեսվարող կարող է հայտ ներկայացնել այդ 50 մլրդ դրամից իր, կոպիտ ասած, չափաբաժինը ստանալու: Իհարկե, սա նշանակում է նաև աշխատավարձերի որոշակի բարձրացում, որովհետև շատ է քննարկվում, ասում են՝ ո՞նց, պետական բյուջեում աշխատավարձերի բարձրացում չկա՞. երբ մարդկանց եկամտահարկը 13 կամ 5 տոկոսով նվազում է, նշանակում է՝ համապատասխանաբար այդքանով իրենց աշխատավարձն ավելանում է: Եվ ընդ որում, ցանկանում եմ էլի հնարավորությունների ստեղծման համատեքստում ընդգծել շատ կարևոր մի բան: Այս ավելացած 50 մլրդ դրամը կարող է տնօրինվել մի քանի տարբերակով: Դա կարող է ուղղակի շուկա մտնել և որոշակի առևտրի շրջանառությունը մեծացնել, կարող է մտնել բանկային համակարգ՝ ավանդների տեսքով: Երկու դեպքում էլ սա նպաստելու է աշխատանքի խրախուսման մեր քաղաքականության հաջողությանը, որովհետև եթե բանկային համակարգ մտնի, բանկային համակարգում նոր հոսքերը պիտի նպաստեն վարկերի տոկոսադրույքների նվազմանը, ինչը, բնականաբար, պետք է աշխուժացնի գործարար միջավայրը:
Հաջորդ կարևոր որոշումը վերաբերում է մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելուն: Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ խոսքը ոչ թե ընդհանրապես բոլոր տաքսիների, այլ անհատ տաքսու վարորդների մասին է, այդ մարդիկ որևէ վճար կատարելու անհրաժեշտություն չունեն: Այսինքն՝ մարդիկ կարող են աշխատել, գործունեության այդ տեսակն իրականացնել՝ առանց վճար ունենալու, առանց լիցենզիայի: Տարբեր հաշվարկներ կան, ի դեպ ասեմ, դա էլ տարօրինակություններից մեկն է, որ մենք հստակ չգիտենք, թե Հայաստանում Հանրապետությունում քանի հոգի է այդ գործունեությամբ զբաղվում, բայց փորձագիտական գնահատականներով՝ այս որոշման շահառու մոտավորապես 50 հազար մարդ ունենք, և եթե սա դիտարկենք չոր աշխատավարձերի տրամաբանության մեջ, կստացվի, որ Երևանում այդ մարդկանց ամսական աշխատավարձն ավելացնում ենք 12 հազար, մարզերում՝ 8 հազար դրամով:
Երբ մենք սա ներկայացնում ենք, այս ամեն ինչը, այս քաղաքականության բացատրությունները շատ հետաքրքիր և տարօրինակ արձագանքների են արժանանում: Երբ ասում ենք, որ աշխատանքը խրախուսում ենք, շատերը մեզ փորձում են մեղադրել, թե մենք մեր ժողովրդին մեղադրում ենք ծուլության և չաշխատելու մեջ: Քավ լիցի, այդ մասին, ըստ էության, ես խոսել եմ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո արդեն երևի տասնյակ անգամ:
Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում: Մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել են աղքատությունը: Ե՛վ մոնոպոլիաներով, և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո սահմանափակումներով, ըստ էության, նրանք որոշակի խրախուսել են աղքատությունը, որովհետև մարդուն ասել են՝ դու աղքատ ես, աղքատության նպաստ ես ստանում, ավելի լավ է մի աշխատի, որովհետև հենց աշխատես, մենք քեզ աղքատության նպաստից կզրկենք:
Մեր հարցը հետևյալն է՝ մենք ինչո՞ւ ենք աշխատունակ մարդուն ընդհանրապես նպաստ տալիս: Մեր քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն՝ պայմանով, որ եթե նա աշխատի, այդ նպաստից զրկվելու է, մենք ավելի թիրախային պետք է այդ օգնությունը, աջակցությունը տրամադրենք, օրինակ, երեխային: Այսինքն՝ նպաստառուն պետք է լինի ոչ թե երեխայի աշխատունակ հայրը, որն աշխատելու պարագայում կզրկվի այդ նպաստից, այլ շահառուն պետք է լինի երեխան, որն օբյեկտիվորեն, մենք գիտենք, ինքը ունի տարիք, երեխա է և ունի սոցիալական աջակցության կարիք: Մենք պետք է նրան օգնենք և չդնենք պայման՝ եթե քո հայրը աշխատի, մենք քեզ կզրկենք այդ օգնությունից, եթե քո հայրը չի աշխատի, մենք քեզ նոր այդ օգնությունը կտանք: Եթե քո հայրը անասնագլխաքանակ կունենա, մենք քեզ այդ օգնությունը չենք տա, եթե քո հայրը կամ մայրը չեն ունենա անասնագլխաքանակ, մենք կկտրենք: Մենք ասում ենք, որ պետք է տալ այդ օգնությունը հասցեական՝ թոշակառուին, անաշխատունակ մարդուն, երեխային, որպեսզի մենք իսկապես օգնենք այդ ընտանիքին և ոչ թե այդ ընտանիքին դատապարտենք մշտական աղքատության:
Եվ այս իմաստով, այո, մեր կառավարության քաղաքականությունը կա և լինելու է աշխատանքի խրախուսումը: Մենք մեր քաղաքացիներին քաջալերելու ենք, որ նրանք վեր կենան, ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին, որ, այո, իրենք կարող են արդյունք ստեղծել: Մենք մեր քաղաքացիներին պետք է կոչ անենք, քաջալերենք, որ նրանք իրենց աղքատության և հուսահատ վիճակի հետ չհամակերպվեն և ձեռնարկեն կոնկրետ քայլեր այդ վիճակը հաղթահարելու համար՝ իհարկե, ստանձնելով և ճանաչելով կառավարության պարտավորությունը որոշակի ճանապարհ և հնարավորություններ ստեղծելու համար այդ քաղաքացիների համար:
Աշխատանքը խրախուսելու քաղաքականությանը զուգահեռ մենք նաև լրջագույն սոցիալական ծրագրեր ենք իրականացնում հենց 2019 թ. բյուջեով: Ես արդեն առիթ ունեցել եմ այս ամբիոնից ասել, որ մենք բյուջետային որոշումների արդյունքում կհասնենք մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետությունում 85 հազար նպաստառու և թոշակառու, ում ստացած նպաստը և թոշակը գտնվում են պարենային գծից ներքև, 2019թ. արդեն կստանան այնքան թոշակ, որ մենք համոզված կլինենք, որ նրանք առնվազն հաց, իրենց ուտելիքը, սնունդը գնելու հնարավորություն կունենան:
Երկրորդը, ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ուզում եմ ասել, որ կուտակային կենսաթոշակների համակարգի փոփոխության արդյունքում մենք արդեն իսկ բարձրացրել ենք 206 հազար քաղաքացու աշխատավարձերը՝ այդ ընթացքում 14 մլրդ դրամ տարեկան գումար թողնելով շրջանառության մեջ, այսինքն՝ ոչ թե հավաքել ենք հարկ, այլ թողել ենք 14 մլրդ դրամ՝ ի տնօրինություն քաղաքացիների: Եկամտահարկի փոփոխությունների արդյունքում ավելանալու է 210 հազար մարդու աշխատավարձ: Արդեն ասեցի, որ միկրոբիզնեսի հետ կապված որոշումների արդյունքում ավելանալու է մոտավորապես 70 հազար քաղաքացիների եկամուտը: Մենք որոշում ենք կայացրել, և 2019թ. կբարձրանան պոլիկլինիկաների 14 հազար աշխատողների աշխատավարձը:
Սրանք կարևոր ցուցանիշներ են՝ ընդգծելու համար, որ մենք զուգահեռաբար հավասարակշռված առաջ ենք գնում աշխատանքը խրախուսելու և սոցիալական ապահովության որոշակի երաշխիքներ ստեղծելու ճանապարհով:
Բայց գլոբալ առումով, հատկապես բյուջեի քննարկման համատեքստում իսկապես շատ կարևոր է նորից վերադառնալ բյուջեի ձևավորման մասնակիցների թնջուկին, որը նույնպես որոշակի հարցեր է առաջացնում: Ըստ էության՝ իրականությունն այն է, որ առաջնային հարկ վճարողի կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում ունի մոտավորապես 350 հազար մարդ: Ո՞ւմ նկատի ունենք առաջնային հարկ վճարող ասելով: Նկատի ունենք բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր ընկերություններում: Ինչո՞ւ ենք այսպես նկատի ունենում՝ մասնավոր կամ ոչ բյուջետային ընկերություններում, որովհետև այս 350 հազար մարդիկ են, ովքեր հարկեր են վճարում՝ դրանք զրոյից ստեղծելով: Իհարկե, պետական կառավարման համակարգը, ԱԺ պատգամավորները նույնպես իրենց աշխատավարձերից հարկ վճարում են: Բայց նրանց աշխատավարձը, մյուս բոլոր բյուջետային հիմնարկների աշխատավարձը ձևավորվում է այս 350 հազար հարկ վճարողների կատարած վճարումներից: Ես խոսում եմ ֆիզիկական անձանց մասին:
Մեր խնդիրն է՝ վարել այնպիսի քաղաքականություն, որ այս առաջնային հարկ վճարողների թիվը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի: Ինչո՞ւ, որովհետև, ըստ էության, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ այս 350 հազար մարդիկ, կրկնում եմ, որպես հարկ վճարողներ, իրենց ուսերին են կրում ողջ պետական համակարգի, անվտանգության, ճանապարհների որակի, ենթակառուցվածքների, կրթության, պետական կառավարման ֆինանսավորման պատասխանատվությունը: Եվ երբ մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներից, Հայաստանի Հանրապետության ընտրողներից կամ աշխատունակ քաղաքացիների ընդամենը փոքր տոկոսն է այսպիսի գործառույթ կատարում ՀՀ-ում, մենք ճշգրիտ ձևակերպում ենք այն խնդիրը, որ պետք է լուծենք: Մենք պետք է լուծենք այդ քաղաքացիների կրկնապատկման, եռապատկման, քառապատկման, հնգապատկման խնդիրը: Եվ ես էլի եմ ասում՝ խոսքն այն մասին չէ, որ որևէ մեկին, Հայաստանի քաղաքացիներին մեղադրում ենք, այսպես ասած, չաշխատելու, հարկ չվճարելու մեջ: Ոչ, մենք ասում ենք՝ եղել է ուրիշ իրավիճակ, երբ խրախուսվել է աղքատությունը, որպեսզի ամեն ընտրությունից առաջ հնարավոր լինի կոնկրետ փողի ծախսմամբ հասնել ընտրությունների արդյունքների: Մենք ասում ենք, որ բացում ենք, բացել ենք արդեն և բացելու ենք բոլոր հնարավորությունները:
Սա արդեն քաղաքական իրողություն է, և մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու անհատական ջանքը խրախուսելուն, որովհետև, էլի եմ ասում, այո, կառավարության պարտավորությունն է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա ինքն իր ուժերին, հավատա, որ ինքը կարող է արդյունք ստեղծել, հավատա, որ ինքը կարող է լինել առավել արդյունավետ, որ ինքն իր հողը, իր կյանքը, իր գործունեությունը կարող է կազմակերպել արդյունավետ և կառավարության քաղաքականության վրա հույս դնել, որ կաջակցի այս պրոցեսին:
Եվ ահա այս համատեքստում ինձ համար առավել զարմանալի մեղադրանքը, որ ոմանք փորձում են հնչեցնել կառավարության հասցեին, այն է, որ մենք այսպիսով պաշտպանում ենք օլիգարխիայի կամ խոշոր բիզնեսի շահերը: Սա ուղղակի ծիծաղելի մեղադրանք է, և այս մեղադրանքն առաջին անգամ հնչել է այն ժամանակ, երբ մարզերից մեկում քաղաքացիների հետ շփման ժամանակ ես ասացի, որ ճանապարհներից մեկը, օրինակ, ոչխար պահելն է: Սա հետաքրքիր մեղադրանքների տեղիք տվեց, որ ոնց, վարչապետը գյուղացուն խորհուրդ է տալիս ոչխար պահել: Պատկերացնում եք, աբսուրդ, վարչապետը գյուղացուն խորհուրդ է տալիս ոչխար պահել: Բա այդ տրամաբանությամբ ի՞նչ պետք է աներ վարչապետը, պիտի ասեր՝ գնա, այ ախպեր ջան, ձեր մարզի դեպուտատի դռան դեմը վիզդ ծուռ կանգնի, առավոտից իրիկուն, դուրս կգա մի օր 5000 դրամ կտա, մի օր 1000 դրամ կտա, մի օր 3000 դրամ կտա: Այ սա կլինի ճիշտ մոտեցում, այ սա այն է, ինչին փորձ են արել երկար ժամանակ ոչ թե սովորեցնել, այլ պայմաններ ստեղծել, որ մարդն ուրիշ հնարավորություն չունենա: Մենք ասել ենք՝ մի արեք:
Հայաստանի այն քաղաքացին, որ երկրում հեղափոխություն է արել, այդպես ծուռվիզ որևէ տեղ կանգնել չի կարող: Հայաստանի քաղաքացին պետք է արդյունք ստեղծելու, ինքն իր և իր երկրի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ունենա: Եվ մեզ ասում են նաև, թե համահարթ եկամտահարկ սահմանելով՝ մենք էլի հարուստների կամ խոշոր բիզնեսի շահերն ենք փորձում պաշտպանել: Ֆինանսների նախարարն արդեն ասաց. մենք, այո, այսպես ասած, ունևոր հատվածին հարկելու օրակարգն ընդունում ենք և հարկային օրենսդրության փոփոխության փաթեթներում մենք, եկամտահարկով, այսպես ասած, բաց թողնված մասը 100 տոկոսով կլրացնենք գույքահարկում արվող փոփոխությունների տրամաբանության մեջ, որովհետև, այո, մենք կստեղծենք հնարավորություններ, որպեսզի, այսպես կոչված, էլիտար թաղամասերը, էլիտար թաղամասերում գտնվող էլիտար տները և էլիտար ունեցվածքները հարկվեն բոլորովին այլ կերպ, և, ըստ էության, մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկով հարկվող գույքի մի տոկոսի նկատմամբ, ուշադրություն դարձրեք, գույքահարկի արդար դրույքաչափ սահմանելով՝ մենք երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկենք: Այսինքն՝ եթե մի տոկոսը այդ ճոխ գույքի, անշարժ գույքի մի տոկոսը մենք հարկենք այլ տրամաբանության մեջ, մենք կարող ենք կրկնապատկել գույքահարկի ծավալը: Սա, իհարկե, դեռ փորձագիտական գնահատական է, հիմա թվերը կարող է ճշգրիտ չլինեն, բայց տրամաբանությունը հետևյալն է, որովհետև մենք, ըստ էության, գույքահարկի ոչ արդարացի հարկման մեխանիզմ ունենք, և էլ չեմ ասում, որ ունենք մեխանիզմ այդ հարկման մեխանիզմները շրջանցելու, նվազեցնելու և այդպես շարունակ:
Ընդհանուր առմամբ մեր բյուջետային ամենակարևոր խնդիրը բյուջեի եկամուտները մեծացնելն է, որովհետև մենք չենք կարող հուսալ, թե այս բյուջետային շրջանակի և տրամաբանության մեջ մենք կարող ենք էական և շրջադարձային և հեղափոխական փոփոխություններ ունենալ: Այն բյուջեն, որ մենք ունենք և ունեցել ենք և այն տրամաբանությունը, այն մտքերի ընթացքը, որ գոյություն է ունեցել, մեզ, իհարկե, ոչ մի կերպ ձեռնտու չէ, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք բյուջեի եկամուտներն էականորեն ավելացնելու ուղղությամբ:
Այս տրամաբանության մեջ ես ցանկանում եմ առանձնահատուկ կարևորել մի ցուցանիշ՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, որտեղ Հայաստանը ժամանակ առ ժամանակ մի քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանությամբ է առաջնորդվում: Օրինակ, 2018 թվականին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը նախատեսվում է 20.3 տոկոս, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում, օրինակ, Վրաստանում՝ 26 տոկոս: Մենք պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավենք և ստվերային տնտեսության դեմ էականորեն պայքարենք:
Եվ եզրափակիչ մի բան եմ ուզում ասել. մենք, ըստ էության, հարկային շատ լայն արտոնություններ ենք տալիս, մասնավորապես, միկրոբիզնեսին: Ենթադրենք՝ մենք ասում ենք, որ կորոշենք արդյունքում՝ 20, թե՞ 24 մլն-ը կլինի շեմը, ինչպե՞ս է որոշվելու՝ ով 24 մլն շրջանառություն ունի, և ով 30 կամ 50 միլիոն: Որոշվելու է ՀԴՄ-ներով՝ հաշվիչ դրամարկղային մեքենաներով: Այսօր շատերը, այս միկրոբիզնեսը շատ դեպքերում ՀԴՄ կտրոն չտալը պատճառաբանում է նրանով, որ հարկային բեռը շատ ծանր է, և այդ պատճառով իրենք չեն կարող ՀԴՄ կտրոն տրամադրել և նորմալ, բնականոն աշխատել: Մենք այդ փոքր հատվածին ազատում ենք ընդհանրապես հարկերից, բայց սա նշանակում է, որ ընդհանրապես երկրում ՀԴՄ կտրոն չտալը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա, որովհետև եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող է պարզվել՝ 5 հարկանի սուպերմարկետը, օրինակ, մարզում տարեկան 11 մլն կամ 19 մլն դրամի շրջանառություն ունի և դրա համար ինքը ոչ մի հարկ պիտի չվճարի: Ահա այս նվազեցումներն անելու համար մեր ուղերձը հետևյալն է, որ որևէ մեկը՝ և՛ վաճառող, և՛ գնորդ, չպետք է մտքով անցկացնի, որ ինքը կարող է ՀԴՄ կտրոն չխփել, որովհետև դա կնշանակի հարված Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամուտներին: Այո, թող շրջանառությունը հստակ արձանագրվի. եթե կպարզվի, որ փոքր բիզնես է, մենք ոչ մի խնդիր այդ մարդու հետ չունենք, եթե կպարզվի՝ ոչ փոքր բիզնես է, ուրեմն պետք է լիարժեք կատարի պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ:
Եվ ուրեմն ցանկանում եմ ասել, որ այս փոփոխությունները նշանակում են խստագույն մոտեցում այդ երևույթների նկատմամբ, երբ որևէ մեկը՝ խոշոր, միջին, թե ոչ այդքան միջին, փորձում է հարկերից խուսափել: Երբ ասում ենք՝ ներառական խնդիր է, ներառող տնտեսական աճ, բյուջեն էլ է հավաքական խնդիր, որովհետև այն քաղաքացին, որ չի տրամադրում ՀԴՄ կտրոն, նպաստում է կամ, ավելի ճիշտ, խանգարում է, խոչընդոտ է ստեղծում մեր պետության անվտանգության մակարդակի բարձրացմանը, մեր երկրում կրթության մակարդակի և որակի բարձրացմանը, ենթակառուցվածքների որակի բարելավմանը, թոշակների բարձրացմանը և այդպես շարունակ: Այն քաղաքացին, որ որևէ խանութում չի պահանջում այդ կտրոնը, նա նույնպես կատարում է այդ գործողությունը: Էլի եմ ասում՝ մինչև հիմա կար այդ կանխավարկածը, որ այ, երկրում այսքան թալանում են, այսքան կոռուպցիա կա, այսքան սա են անում, մոնոպոլիաներ կան, բա ինչո՞ւ իրենց կարելի է անել այդ ամեն ինչը, մենք էլ մեր 1000 դրամը, 5000 դրամը և այլն: Հիմա չկա այդ ամեն ինչը, և եթե նույնիսկ կա որոշ տեղերում, մենաշնորհներ չկան, եթե երևույթներ կան որոշ տեղերում, դա նշանակում է, որ մենք դա դեռևս չենք տեղորոշել: Որ պահին տեղորոշենք, տեղում կոչնչացնենք: Եվ քաղաքացիներին մեր կոչն է՝ աջակցել նաև սրանում մեզ:
Հիմա չկա այդ երևույթը, և մենք գնում ենք հարկերի նվազեցման և միկրոբիզնեսի պաշտպանության ճանապարհով, բայց սա նշանակում է, որ ՀԴՄ կտրոն չխփելը պետք է ընկալվի որպես շատ կոնկրետ նեգատիվ արարք և ընդ որում, ոչ միայն վաճառողի, այլև գնորդի կողմից, որովհետև եթե մենք ուզում ենք օրինականություն, պետք է հաստատենք օրինականություն, եթե ուզում ենք արդարություն, դա պետք է լինի արդարություն: Արդարությունն այն է, երբ բոլորին է վերաբերում: Եթե արդարությունը վերաբերում է միայն ուրիշներին և ոչ երբեք մեզ, դա դադարում է լինել արդարություն:
Եվ հետևաբար, այո, ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այս 6 ամիսների ընթացքում կարողացել է կոնկրետ նախապայմաններ ապահովել և հետևողական վարել Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի խրախուսման, ներդրումների խրախուսման քաղաքականություն, ներդրումների և համոզված եմ, որ այսօր արդեն 2019 թ. բյուջեով մենք ունենք դրա արդյունքները: Նախորդ անգամ այս ամբիոնից ելույթ ունենալիս ես ցույց տվեցի տնտեսության տրանսֆորմացիայի պրոցեսները, որոնք միանշանակ դրական են և տեղի են ունենում, և մենք պետք է շարունակենք, այդ թվում նաև՝ աշխատանքի պայմանների, աշխատավորների և աշխատողների իրավունքների պաշտպանության համատեքստում: Համոզված եմ՝ մենք կհասնենք լրջագույն արդյունքների:
Շնորհակալություն:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ