«Եթե օր առաջ զսպող ուժ չձևավորվի մեր երկրում, իշխող ուժի սխալները կլինեն շատ ավելին»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա տեղեկացրեց՝ ցուցակի առաջին տեղում լինելու է Վարուժան Ավետիսյանը:
Ժիրայր Սեֆիլյանը վստահեցրեց՝ գալիս են արմատական փոփոխություններ իրականացնելու. «Մենք գալիս ենք պատասխանատվության ենթարկելու այս տարիների ընթացքում մեր ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների պարագլուխներին: Այո՛, պիտի այդ մարդիկ օր առաջ պատասխանատվության ենթարկվեն. խոսքը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին է վերաբերում և իրենց ենթակա բանդային»:
Ժիրայր Սեֆիլյանը հորդորեց պատերազմի մասնակիցներին համախմբվել և հնարավորինս օժանդակել «Սասնա ծռեր» համահայկական շարժմանը: Ըստ նրա, եթե ոչ «Սասնա ծռերին», ապա ո՞ւմ պիտի օժանդակեն սիրելի մարտական ընկերները:
Դառնալով ՀՀԿ-ի՝ ընտրությունների մասնակցության հայտ ներկայացնելուն՝ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ դրան ժպիտով է մոտենում ու մանրամասնեց. «Համոզված եմ, որ մեր ժողովուրդը փոխանակ ձայնը օլիգարխիային տա, ձայնը կտա «Սասնա ծռերին»: Եթե մեզ լսեր պարոն Փաշինյանը, ՀՀԿ-ն շուտվանից կասեցված պիտի լիներ: Այդ կազմակերպությունը հանցագործ կազմակերպություն է, այդ կազմակերպության ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ: Համոզված եմ, որ ուշ թե շուտ այդ օրը գալու է: Ներքին զգացողություն ունեմ, որ նրանք, որ մինչև դեկտեմբերի 9-ի վերջին օրերը չեն էլ հասցնելու: Մեծ հաշվով՝ նրանց մասնակցությունը և՛ մեզ, և՛ Փաշինյանենց օգուտ է տալիս»:
Դառնալով ՀՀԿ-ից հնչող հայտարարություններին, թե իրենցից բացի մյուսները գրպանային ընդդիմություն են, Ժիրայր Սեֆիլյանը ծիծաղով արձագանքեց. «Նմա՞ն ենք գրպանային ընդդիմության»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ