«Մենք բոյկոտելու ենք այս ընտրությունները՝ ելնելով այն հանգամանքից, որ նոր իշխանությունները չկատարեցին ամենագլխավոր խոստումը՝ նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու մասին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա կարծիքով, Ընտրական հին օրենսգրքի ուժի մեջ մնալուց պարզ դարձավ, որ ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ իշխող ուժի, ե՛ւ որոշ քաղաքական ուժերի համար ձեռնտու է հին օրենսգրքով ընտրություններին մասնակցելը:
«Այդ օրենսգիրքը որեւէ կերպ չի կարելի համարել ժողովրդավարական: Ութ կուսակցություն մասնակցել է բանակցությունների, որոշները ինչ-որ ձեւաչափերով որոշել են մասնակցել ընտրություններին: Կարծում եմ՝ եթե տապալվեց Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, ուրեմն պետք է հետաձգեին ընտրությունները, հանգիստ պայմաններում փոխեին օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը, որից հետո կարելի էր հայտարարել ու գնալ արտահերթ ընտրությունների: Բոլորս էլ գիտենք՝ ինչ է նշանակում ռեյտինգային համակարգով ընտրությունների գնալ, ռեյտինգային թեկնածուն պետք է գնա քարոզի ոչ միայն փողոցում, այլեւ քաղաքացիների տներ, թե տներում ինչ է կատարվելու, գուշակեք, ինչ է խոստանալու, ինչ է տալու: Սա լավ հնարավորություն է, որ փողատերերը նորից հայտնվեն խորհրդարանում»,- ասաց Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ չի լինելու գաղափարների ու ծրագրերի մրցակցություն. «Մենք մեզ կդավաճանեինք, եթե մասնակցեինք այս ընտրություններին: Մենք պահանջում ենք, որ այդ խոստումները կատարվեն, նոր ձեւավորված խորհրդարանը մեկ տարում պետք է ընդունի Ընտրական նոր օրենսգիրք, պետք է անպայման փոփոխություններ մտցնի կուսակցությունների մասին օրենքում, անհրաժեշտության դեպքում, Սահմանադրության կարեւորագույն սկզբունքները, որոնք պետք է փոխվեն, պետք է գնա հանրաքվեի, 2020-ին անցկացնել խորհրդարանական ընտրություններ, որ հաստատվի ժողովրդավարությունը»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի որոշմանը՝ ընդդիմություն լինելուն, Արամ Սարգսյանն ասաց՝ չի պատկերացնում ՀՀԿ-ին ընդդիմություն. «Ինչին պետք է ընդդիմանա ՀՀԿ-ն, իրենց որ արածը պետք է կարողանան պաշտպանել, որ ասեն՝ մենք ավելի լավն էինք, քան՝ դուք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ