Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետը՝ Շամլուղի խարխլված շենքերի մասին. «Կփորձենք մի շենքի տանիքը վերանորոգենք»

Նոյեմբեր 13,2018 16:03

Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բազմաբնակարան ամենահին շենքը՝ 1-ին փողոցում գտնվող 10-րդ շենքը, վթարային վիճակում է: Երեք հարկանի, երկու մուտք ունեցող բազմաբնակարան այս շենքը գտնվում է կենտրոնական հրապարակում: Խորհրդային տարիներին եղել է ամենագեղեցիկ ու հարմարավետ շենքը, սակայն այսօր այդ գեղեցկությունից ու հարմարավետությունից գրեթե ոչինչ չի մնացել:

Այստեղ բնակիչներն ապրում են ահ ու սարսափով. «Ամեն օր, յուրաքանչյուր անձրեւից հետո ահը մեր մեջ է՝ «կարո՞ղ է տանիքը փլվի…»: Այս ձմռանը ուժեղ ձնային տեղումների դեպքում հնարավոր է շենքն ուղղակի նստի, իսկ մենք՝ բնակիչներս, մնանք փլատակների տակ: Տեղեկացնենք, որ շենքում արդեն կան փլուզված պատշգամբներ, որոնք իրական սպառնալիք են ներքեւի հարկում բնակվող բնակիչների կյանքին եւ անվտանգությանը»,-  ՀՀ վարչապետին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, Լոռու մարզպետին ու մի շարք այլ կառույցներին ուղղված բաց նամակում շամլուղցիները ներկայացրել են ստեղծված իրավիճակը:

Բնակիչների խոսքերով շենքի տանիքը 20 տարուց ավելի է ինչ վերանորոգման չի ենթարկվել, փոխարենը գնալով ավելի է փլուզվել, այդտեղ ապրողների կյանքը դնելով վտանգի տակ: Aravot.am-ի հետ զրույցում շենքի երկրորդ հարկի բնակիչներից մեկը պատմեց, որ օրերս գիշերը քնած է եղել, երբ հանկարծ լսել է ուժեղ մի ձայն՝ երրորդ հարկից, ինչ-որ բան փլուզվել է: Երրորդ հարկի պատերը, որոնք անձրեւներից քայքայվել են, արդեն փլվում են եւ այդ փլուզման ձայները լսվում են հարեւանների տներում:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից: Aravot.am-ի հետ զրույցում Ղուկասյանը նշեց, որ մարզպետարանի համապատասխան վարչությունից մասնագետներ են գնացել, եւ տեղում  ուսումնասիրել խնդիրը. «Շամլուղ համայնքում կա նման 4 շենք: Որից, որ բողոքում են, դրանից վատ մի շենք էլ կա: Դրանք իրենք իրենցով խարխլված, սեյսմիկ ոչ մի չափանիշներ չունեն, գնահատված չէ, բայց ասում են 3-րդ կարգի վթարայնություն ունեն, գումարած դրան` նաեւ տանիքի խնդիրը: Հաշվարկել են, մեկ տանիքի համար անհրաժեշտ է մոտավորապես 6-7 միլիոն դրամ, որպեսզի վերանորոգվի: Երբ որ այս հրատապ մրցույթները հայտարարվեն, այդտեղից որոշակի գումար է տնտեսվելու, որով կփորձենք մի շենքի տանիքը վերանորոգենք: Համայնքապետի հետ էլ կզրուցենք, եթե գումար հայթայթի, ինքն էլ մի քիչ ներդրում կունենա, որ անենք: Բայց կառավարության մոտեցումն այն է, որ նման շենքերում գումար քիչ ծախսվի, որովհետեւ մեկ, երկու տարի հետո կարող է շենքն ընդհանրապես բնակելի չլինի եւ այդ մարդկանց տարհանենք ու այլ տեղ տանենք: Բայց քանի որ այս պահին ապրում են, եւ դեռ չգիտենք ինչքան կապրեն, մենք այդ խնդիրը կլուծենք այդ ձեւով»:

Այն հարցին, թե ե՞րբ այդ միջոցները կուղղվեն շենքին եւ աշխատանքները կմեկնարկեն, Ղուկասյանն ասաց. «Կան տեխնիկական հարցեր, որ պետք է հասցնենք մաքսիմալ արագ անենք: Ժամկետները պետք է հստակեցնենք, որ գոնե մինչեւ ձյուն գալը, փորձենք աշխատանքները ձեռնարկենք: Բայց դե սա մեկ օրվա անելու բան չէ»:

Ղուկասյանը տեղեկացրեց, որ կառավարության հետ հստակեցնելով, մի քանի օրից միայն կարող են ճշգրիտ տեղեկացնել, թե երբ կարող են սկսել տանիքի վերանորոգման աշխատանքները:

Նշենք, որ բացի այն, որ շենքն ինքն է գտնվում փլուզման եզրին, կա նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք՝ 10-րդ շենքի եզրային մասը կպած է՝ կողքի մեկ այլ շենքի, եւ, եթե Աստված մի արասցե 10-րդ շենքը փլուզվի՝ վնասվելու են նաեւ կողքի շենքի եզրային մասի բնակարանները:

Ըստ շենքի բնակիչների՝ Շամլուղում առկա 13 շենքերի մեծամասնությունների տանիքները փոխվել, ամրացվել են, մինչդեռ իրենց շենքինը, որը նրանց խոսքով ամենահին ու հիմա ամենավնասվածն է, տարիներ շարունակ մնացել է անտեսված: Շամլուղում կա նման վիճակում գտնվող շենք, բայց ամեն տարի բնակիչներին լուրեր են հասնում, որ Շամլուղի ղեկավարությունը այլ շենքերի տանիքներն է ուզում վերանորոգել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930