Իջեւանի համայնքապետարան-համայնքի բնակչություն համագործակցության արդյունքում բետոնապատման աշխատանքներ են կատարվել Պռոշյան, Չարենցի, Բլբուլյան փողոցներում, Մետաղագործների փողոցում ասֆալտապատում է արվել; Ասֆալտի քերուկով բարեկարգման աշխատանքներ են արվել Պռոշյան, Մետաղագործների, Տերյան, Նար-Դոսի, Այգեստան փողոցներում, նաեւ` Բլբուլյան, Անկախության, Երիտասարդական փողոցների բազմաբնակարան շենքերի բակերում:
Ավարտվել է քաղաքային մարզադպրոցի մեծ դահլիճի նորոգումը, վինիլային ծածկույթը փոխարինվել է ինքնահարթեցվող շերտով, տեղադրվել է նոր մարզագորգ:
Իջեւան քաղաքում նախկինում տեղադրվել է ֆելզիտ քարից 50 աղբաման: Այժմ դրանց ավելացել է եւս 11-ը, առաջիկայում Տավուշի մարզկենտրոնի փողոցներում կտեղադրվի եւս 39 նման աղբաման: Քաղաքի փողոցներում տեղադրվել է ցինկից 45 մեծ աղբաման:
Իջեւանի քաղաքապետարանը բարեկարգել, ճամփեզրի մոշուտներից մաքրել է քաղաքային գերեզմանատուն տանող ճանապարհի եզրերը, նաեւ՝ այլ ճանապարհներ: Նար-Դոսի եւ Մետաղագործների փողոցներում գիշերային լուսավորության ցանց է կառուցվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ