«Սա միակ շինարարությունը չէ, շատ շինարարություններ են եղել, որոնք քանդվել են, ուղղակի երեկվանը հայտնվել է ձեր ուշադրության կենտրոնում: Եթե այլ վարչական շրջաններից հետաքրքրվեք, հետեւեք նրանց կայքերին, կտեսնեք, որ այս գործընթացը տեղի է ունենում, տեղի է ունենալու եւ վաղը, այս գործընթացը շարունակական է»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստից հետո ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով այս օրերին քաղաքապետարանի կողմից տեղի ունեցող ապօրինի շինարարությունների քանդման աշխատանքներին:
Ըստ քաղաքապետի, քանդվում են միայն համայնքի հողատարածքի ապօրինի շինությունները. «Ես մեկ անգամ զգուշացրել էի, որ ապօրինի շինարարություն այսուհետ չի լինելու եւ մարդիկ կարծես թե դրան լուրջ չեն վերաբերում: Նրանց թվում էր, սա, ինչպես նախորդում, ասելու համար էր: Ո՜չ, սա լուրջ է եւ այս գիծը մենք պահելու ենք: Ես այստեղ եմ, որպեսզի մեր համայնքի բնակիչների շահերը պաշտպանենք: Ես սա անելու եմ օր ու գիշեր: Այնպես որ այստեղ շեղումներ չեն լինելու»:
Պարոն Մարությանն ասաց, որ քաղաքապետարանում աշխատում է շատ լավ մեխանիզմ՝ օրինական շինարարությանը նպաստելու համար.«Եկեք, դիմեք: Եվ, եթե ձեր շինարարությունը համապատասխանում է նորմերին, ապա կստանաք շինարարության իրավունք: Եվ մենք ամեն ինչով օգտակար ենք լինելու եւ նպաստելու ենք հարազատներ ջան, ներդրողներ ջան: Մենք նպաստելու ենք, որ շինարարությունը շատանա: Իսկ այն կառույցները, որոնք արդեն կառուցված են, մենք դիմելու ենք օրինականացման: Մեկ առ մեկ դիտարկվելու են բոլոր շինությունները եւ որոշումը կայացվելու է մեկ առ մեկ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ