Այսօր 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց ներգաղթի մասին: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ հետաքրքրվել է մարզում՝ առայժմ հետ եկածներ չկան, ներգաղթածներ չկան: Փաշինյանը պատասխանեց. «Ես վերջերս Լիբանանում էի եւ լիբանանցի տասնյակ մեր հայրենակիցներ ասում էին, որ պատրաստվում են վերադառնալ, մի մասը նույնիսկ արդեն վերադարձել է: Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչները նույնիսկ մտահոգություններ էին հայտնում, որ այդ ներգաղթը կարող է մեծ ծավալների հասնել, ինչը երկարաժամկետ առումով կարող է սպառնալիք լինել Լիբանանի հայ համայնքի համար: ՌԴ-ում էլ ես մի քանի անգամ եղել եմ, բազմաթիվ մեր հայրենակիցներ ասել են իրենց մտադրության մասին, որ պատրաստվում են տեղափոխվել ՀՀ, գիտեմ տասնյակ դեպքեր, որ մարդիկ վերադարձել են, բոլոր համայնքներում այդպիսի դեպքեր կան: Ես չեմ ասում, որ տեղի է ունեցել զանգվածային ներգաղթ»:
Կյուրեղյանը նաեւ հարցրեց՝ խոսել եք հանքարդյունաբերության մասին, կարեւորել եք ՏՏ ոլորտը, գյուղատնտեսությունը եւ զբոսաշրջությունը, բայց այսօր բյուջեի նախագծում որեւէ կերպ այդ կարեւորումը չի նկատվում, ի՞նչ միջոցներ են ներառվել, որ այդ երեք ոլորտները զարգանան, թե՞ հույսներս պետք է դնենք միայն ենթադրյալ ներդրումների վրա: Փաշինյանը պատասխանեց. «Մենք հանքարդյունաբերության բովանդակությունը փոխելու վրա պետք է աշխատենք: Հիմա կան մի քանի ներդրումային նախագծեր, ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հնարավորությունը, ինչը նշանակում է, որ ոչ թե հանքանյութը կարտահանենք, այլ՝ կվերամշակենք, կստանանք ՀՀ-ում մետաղ, որը ուրիշ բովանդակություն կհաղորդի այդ ոլորտին»: Նա ասաց, որ պետք է դրա հետ մեկտեղ ամենաբարձր բնապահպանական չափանիշները սահմանեն, որ հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանեն:
Գյուղատնտեսության ոլորտում Փաշինյանն ասաց, որ բյուջեի նախագծում խնդիր ունեցան՝ 400 մլն դրամ նախատեսել էին, որ հակակարկտային ցանցեր ներդնեն, կաթիլային ոռոգում, բայց գյուղացիների կողմից հայտեր չեղան, ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը չհետաքրքրեց գյուղացիներին ու հիմա խնդիր ունեն դա վերանայել, այնպիսի փոփոխություններ կատարել, որ ծրագիրն առաջ գնա:
Կյուրեղյանը պատասխանից գոհ չէր: Նրա խոսքով՝ «Դուք հմտորեն կարողանում եք շրջանցել: Ես ուզում եմ հիշեցնել մայիսի 8-ին ձեր ելույթը՝ ես ստացել եմ տասնյակ հազարավոր ներդրողների զանգեր դրսից, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել ՀՀ-ում, եթե ես ընտրվեմ վարչապետ: Դուք ընտրվեցիք, բայց առայժմ ներդրումները դեռ հեռախոսազանգերի կարգավիճակով են եւ առայժմ դեռ խոստումների ու հիմա էլ այդ նույն խոստումների միջոցո՞վ եք պատրաստվում ՏՏ ոլորտ զարգացնել»:
Փաշինյանը պատասխանեց. «Ձեր կարծիքով ներդրումը ճամպրուկների մեջ, անկողնու տակ դրած փո՞ղ է, որ հենց զանգեց, ասեցինք՝ շատ լավ, դուք էլ ինձ ընտրեցիք վարչապետ, ճամպրուկը վերցրեց ու եկավ Հայաստա՞ն»: Փաշինյանը հիշեցրեց, որ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը ՀՅԴ-ից է եղել՝ Արծվիկ Մինասյանը ու նա ինքն է հայտարարել, որ ներդրումային հազարավոր ծրագրեր են ներկայացվել ներդրողների կողմից ՀՀ եւ այդ ծրագրերը քննարկման ընթացքում են: Արծվիկ Մինասյանn այդ հայտարարությունն արել է»:
Խոսելով ՏՏ ոլորտի մասին՝ Փաշինյանն ասաց, որ 11 տոկոս եկամտահարկի նվազեցում են անում ու խթանում բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծումը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ