Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջում կասենք՝ հեղափոխությունն իրավիճակ փոխե՞լ է ընտրություններում, թե ոչ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Նոյեմբեր 13,2018 15:36

ԵԱՀԿ 13 երկրի 250-ից ավելի դիտորդներ դեկտեմբերի իննին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում կիրականացնեն դիտորդական առաքելություն, որի նպատակն է՝ արձանագրել, թե որքանով է ընտրական գործընթացը համապատասխանում տեղական եւ միջազգային օրենսդրական նորմերին: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ ի(ԺՀՄԻԳ) դիտորդները կլինեն ՀՀ բոլոր մարզերում: «Մենք դիտարկելու ենք, թե ինչպես է ընթանում թեկնածուների եւ կուսակցությունների գրանցումը, ինչպես են նախապատրաստվում ընտրություններին: Եթե որեւէ թեկնածու կամ կուսակցություն բողոք է ունենում, կցանկանայինք տեսնել, թե ինչպես է ԿԸՀ-ն արձագանքում դրան եւ լուծում խնդիրը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը:

Հիշեցնենք, որ 2017թ. ՀՀ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցում արձանագրվեց, որ հանրության վստահության մակարդակը ցածր է եղել, գործել են կոռուպցիան եւ ընտրակաշառքը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ «ընդունված է ասել, որ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, ինչպե՞ս եք տրամադրված այս ընտրություններին»: Գաչեկը պատասխանեց, որ իրենք գնահատում են այն ամենը, ինչն ազդում է ընտրական գործընթացի վրա, իսկ ընտրությունների վերաբերյալ նախնական դիրքորոշմամբ չեն կարող հանդես գալ. «Ընտրություններից հետո միայն մենք զեկույց կհրապարակենք: Մենք կիրառելու ենք նույն մոտեցումներն ու չափանիշները, որոնք օգտագործել ենք նախորդ ընտրությունների ժամանակ: Դրանցից հետո կասենք՝ հեղափոխությունն իրավիճակ փոխե՞լ է ընտրություններում, թե ոչ»:

Ինչ վերաբերում է փաստին, որ ԱԺ-ում նոր ընտրական օրենսգիրքը չընդունվեց, եւ ընտրությունները կկայանան գործող օրենսգրքով, Ուրշուլա Գաչեկը նկատեց. «Աշխատում ենք այն օրենսգրքի հետ, որը գործում է: Որեւէ միտում կամ նախախնամություն չունենք: Արձանագրելու ենք այն, ինչը տեսնելու ենք եւ լսելու»:

Գաչեկը խոսեց նաեւ այն մասին, որ որոշ քաղաքական ուժերի գնահատմամբ՝ ընտրությունները շուտափույթ են կազմակերպվել. «Նշանակված ընտրությունները համապատասխանում են գործող օրենքի պահանջին: ԿԸՀ-ում վստահեցրել են, որ արագ են աշխատում, կուսակցություններն էլ պատրաստում են ցուցակներն ու թեկնածուներին: Իհարկե, քաղաքական առումով գուցե անակնկալ էր, բայց մենք չենք նկատել, որ ընտրական ցուցակներ կազմելու հարցում խոչընդոտներ են առաջանում: Եթե որեւէ արտառոց բան լինի, որի պատճառը կլինի կարճ ժամկետում ընտրությունների կազմակերպումը, մենք դա կարձանագրենք»:

https://www.facebook.com/aravot.am/videos/511492959366485/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930