Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուր տարի առաջվա պատերազմ, որը դեռ պատմություն չի դարձել

Նոյեմբեր 13,2018 22:00

«Հսկաների պայքարն ավարտվեց, սկսվեցին պիգմեյների քաշքշուկները»
Ուինսթոն Չերչիլ, «Համաշխարհային ճգնաժամ» 

Փարիզը նոյեմբերի 11-ին դարձավ աշխարհի մայրաքաղաքը։ Հարյուր տարի առաջ Ֆրանսիայի Կոմպյենյան անտառում կնքված զինադադարով վերջ դրվեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Այդ պատմությունը հայտնի է, սակայն այն դեռ պատմություն չի դարձել, քանզի հարյուր տարի առաջ տեղի ունեցածի ժառանգությունը զգացնել է տալիս մինչ օրս, դասեր քաղելու մասին խոսում են մինչ օրս, ինչպես նաեւ խոսում են, որ դասերը չեն քաղել…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ հետայսու Փարիզում ամենամյա պարբերականությամբ կանցկացվի «Փարիզի խաղաղության համաժողով», որը հավակնում է Մյունխենյան անվտանգության համաժողովին զուգահեռ դառնալ Եվրոպայում եւ աշխարհում կարեւորագույն քննարկումների հարթակ, եւ Առաջին համաշխարհայինի ավարտի 100-ամյակի օրը տրվեց դրա մեկնարկը։
Ուշագրավ է, որ այն նշանավորվեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախազգուշացմամբ, որ ներկայիս իրողությունները զուգահեռվում են Առաջին համաշխարհայինին թե՛ նախորդող, թե՛ հաջորդող՝ 30-ականների իրադարձություններին։ «Դա մեզ մտավախության հիմք է տալիս, որ արդյունքում կարող է տեղի ունենալ իրադարձությունների անկանխատեսելի շղթա», – ասաց Անտոնիու Գուտերեշը փարիզյան համաժողովին։
Արձանագրվեց, որ մարտնչող ազգայնականությունը, պրոտեկցիոնիզմը, իզոլյացիոնիզմը եւ ռազմատենչությունը բերեցին թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմներին։

«Հայրենասիրությունը լիովին հակառակ է ազգայնականությանը. ազգայնականությունը հայրենասիրության դավաճանությունն է: Ասելով «Մեր շահերը՝ առաջին հերթին, իսկ ուրիշների հետ ինչ ուզում է, թող լինի»՝ դուք ոչնչացնում եք ամենաարժեքավորը, ինչն ազգը կարող է ունենալ, այն, ինչ ազգին դարձնում է կենդանի, մեծ եւ, ամենակարեւորը՝ նրա բարոյական արժեքները»,- ասաց Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր ելույթում համաժողովին։
Ուշագրավը նաեւ այն է, որ համաժողովին չէր մասնակցում Ազատ աշխարհի առաջատարը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն մասնակցում էին Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդները…

Այո, 1945-ին նացիզմի, իսկ 1991-ին բոլշեւիզմի պարտությամբ ձեւավորված ներկայիս աշխարհակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է։ Պարզվում է՝ այն չի գոհացնում ավտորիտար նեոկայսերապաշտ առաջնորդներին, եւ նրանք բաց տեքստով են արտահայտում իրենց այդ դժգոհությունը։ Նրանք ավելի մեծ «հարգանք» են պահանջում, ավելի ճիշտ՝ շորթում։
Իսկ ի՞նչ են դրան հակադրում աշխարհակարգի պահապան առաջնորդները։

Նրանք կոչ են անում երկխոսության, համագործակցության, մտածելով, թե կհամոզեն ավտորիտար, դժգոհող առաջնորդներին հետ կանգնել իրենց գործողություններից, իրենց մտադրություններից, իրենց աշխարհայացքից, մտածելով, որ համագործակցությունը, նաեւ սեփական օրինակը «կվարակի» նրանց առողջ բանականությամբ եւ բարոյականությամբ, ազատասիրությամբ եւ խաղաղասիրությամբ։ Երբեմն նաեւ առանց մեծ էնտուզիազմի պատժամիջոցներ են կիրառում՝ մտածելով, որ բլիթի եւ մտրակի համադրումը կարող է հրաշքներ գործել, եւ աշխարհակարգը խարխլող ավտորիտար առաջնորդները կհրաժարվեն իրենց մոլորությունից՝ գալով համերաշխ դիրքորոշման…
Ժամանակին Իտալիային, իսկ այնուհետեւ բոլշեւիկյան Ռուսաստանին հեռացրին Ազգերի լիգայից՝ համապատասխանաբար Հաբեշստանի եւ Ֆինլանդիայի վրա հարձակվելու համար, եւ ի՞նչ։ Եվ ոչինչ։ Թե՛ Դուչեն, թե՛ Ստալինը, մինչեւ ատամները զինված, ընդամենը ծիծաղում էին այդ զինաթափված բարոյախոսությունների վրա։
Այսօրվա աշխարհակարգի պահապաններն իրենց իսկ ստանձնած պարտավորությունները կատարելու մեջ են թերանում. ռազմական ծախսերը ՀՆԱ 2 տոկոսի չափով ապահովում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ընդամենը յոթը, Եվրոպայի սահմանների անձեռնմխելիությունը խախտված է, հիմնականում Թուրքիայում ապաստան գտած մաֆիոզ խմբավորումները Եվրոպան հեղեղում են գաղթականներով՝ թաքցնելով այս մեծագույն հանցագործությունը «պատերազմների եւ ճգնաժամերի» ծխածածկույթի հետեւում, իսկ փախստականներին վերածելով Եվրոպայի ճակատին պահած ատրճանակի։ Եվ ոչ ոք չի էլ հարցնում, թե որտեղի՞ց ծնվեցին այդ «ճգնաժամերը»։

Ռուսաստանը եւ Թուրքիան անխնա եւ անպատիժ ծվատում են Սիրիան, որի առաջնորդ Ասադը պարզապես չի ուզում հեռանալ, քանզի չի էլ կարող, գնալու տեղ չունի։ Ուկրաինան հերոսական ինքնապաշտպանությամբ վիժեցրեց Պուտինի մտահղացումը երկիրը նոր Սիրիայի կամ Սոմալիի վերածելու, մինչդեռ Մոսկվան ոչ միայն չի հրաժարվում իր նեոկայսերապաշտ, դեստրուկտիվ քաղաքականությունից ողջ հետխորհրդային տարածքում, այլեւ այն փորձում է տարածել ողջ եվրոպական մայրցամաքով՝ ձգտելով ներսից պայթեցնել Եվրոպական միությունը եւ Միասնական Եվրոպայի գաղափարը, նույնիսկ ֆինանսապես խրախուսելով եվրոպական ծայրահեղական եւ մարգինալ ուժերին։ Ռուսական պրոպագանդան ամենաթունավոր կերպով պարզապես ծաղրում է եվրոպական արժեքները։ Իսկ ռուսական եւ ադրբեջանական կոռուպցիան թեւ թեւի տված ուղղակի «կերել են» եվրոպական կառույցները, ներթափանցել իրենց «լվացքատներով» եվրոպական ֆինանսական համակարգեր։ Եվ ի՞նչ։ Եվ ոչինչ։ Լավագույն դեպքում՝ հորդորներ, որ «այդպես չի կարելի»։

Շատ ճիշտ են նկատել առաջնորդները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որ այդ զուգահեռներն անցյալ դարի 30-ականների իրադարձությունների հետ ուղղակի ակնհայտ են, իսկ մտավախությունները՝ միանգամայն հիմնավոր եւ տեղին։
Եվ այսօր, ինչպես եւ 30-ականներին, դեպքերը ցույց տվեցին, որ աշխարհակարգին ձեռնոց նետած դուրսպրծուկներն ուժեղ չեն, այլ թույլ են աշխարհակարգի պահապան կարգվածները, թույլ կամ ծույլ՝ քաղաքական դալտոնիզմով տառապող, պատճառահետեւանքային կապերը չգիտակցած, պատմության դպրոցական դասագիրքը նույնիսկ լավ չհասկացած, ագահ, անհեռատես, էգոիստ, մորթապաշտ, անպատասխանատու եւ անհամարժեք։ Ազատ աշխարհում քաղաքական դասի ոչ թե ռազմավարական, այլ ապաքաղաքական, բյուրոկրատական եւ հաշվապահական մտածողության կրող, հերթապահ «երկխոսության» կոչերից բացի՝ այլ բանի անընդունակ սեգմենտն իր դարն ապրել է, եւ քաղաքական սերնդափոխությունը դարձել է գլոբալ խաղաղության շահերից բխող պահանջ։

Առաջին համաշխարհայինը վերացական իրադարձություն չէ մեր պարագայում։ Հայերի եւ Հայաստանի համար Առաջին համաշխարհայինն ավարտվեց համազգային աղետով. մենք կորցրինք մեր հայրենիքի մեծ մասը, մեկուկես միլիոն հայ ենթարկվեց Ցեղասպանության, փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ։ Սակայն, մյուս կողմից, Ռուսական եւ Օսմանյան կայսրությունների միաժամանակյա փլուզումը եւ Միացյալ Նահանգների լայնամասշտաբ ներգրավումը եվրոպական քաղաքականության մեջ պատմական հնարավորություն ստեղծեց, որպեսզի հազարամյա պետական չգոյությունից հետո Հայաստան պետությունը վերածնվի։

Կյանքը ցույց է տալիս, որ անցած հարյուր տարին դեռ բավարար չէ տեղի ունեցածն իմաստավորելու համար, հետեւաբար այն դեռ պատմություն չէ, այն դեռ իրականություն է։ Եվ Ազատ աշխարհի այսօրվա սերնդի առաքելությունն է թույլ չտալ, որ իրականություն դառնան Փարիզյան խաղաղության համաժողովին արտահայտած մտավախությունները։ Իսկ Ռուսաստանի հետ սերտ առնչություն եւ Թուրքիայի հետ հարեւան Հայաստանի համար սա ուղղակի գոյաբանական հարց է։ Շատ կարեւոր բան ասաց Նիկոլ Փաշինյանը փարիզյան համաժողովին. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա»։
Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը վերջին հարյուր տարվա ընթացքում երրորդ անգամ փլուզվի մեր գլխին, իսկ Թուրքիան իր «եղբայր» Ադրբեջանի հետ միասին շարունակի մնալ որպես սպառնալիքի աղբյուր, մենք էլ հանձնվենք ճակատագրի քմահաճույքին։ Այլեւս երբե՛ք։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930