Ինչպես տեղեկացրել էր shamshyan.com-ը, նոյեմբերի 12-ին Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին ահազանգ էր ստացվել, որ Մազմանյան փողոցի տներից մեկում երկու քաղաքացի բարձրաձայն հայհոյում, վիճաբանում ու ծեծում են իրար։ Ոստիկանությունը պարզել էր, որ նրանք ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայակիցներ են՝ մեկը հրետանային դիվիզիոնի 21-ամյա հեռախոսավարն էր, մյուսը՝ ռազմաբազայի 20-ամյա վարորդներից մեկը։
Ոստիկանության լրատվական ծառայությունից Aravot.am-ին տեղեկացրեցին հետևյալը․ «Նոյեմբերի 12-ին, ժամը 3-ին հաղորդում է ստացվել ոստիկանություն, հայտնել են, որ Մազմանյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է, վիճաբանողները եղել են օտարերկրյա քաղաքացիներ, նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»։
Մեր տեղեկություններով էլ, երիտասարդ զինծառայողները եղել են ոչ սթափ վիճակում, նրանք այնպիսի աղմուկ են բարձրացրել գիշերով, որ երկրորդ հարկի հարևանը թակել է դուռը՝ փորձելով կարգի հրավիրել։ Վերջիններս, սակայն, զսպվելու փոխարեն մի քանի հարված էլ հարևանին են հասցրել։ Ռուս ծառայակիցներին կարգի հրավիրելու համար հարևանը ստիպված ոստիկանություն է դիմել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ