Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային արձագանքը Դոնբասի «ընտրություններին»

Նոյեմբեր 13,2018 14:54

Կիրակի օրը Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում տեղի ունեցան խորհրդարանների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց անցկացումը դատապարտվեց միջազգային հանրության կողմից:

Ռուսաստանի կողմից հովանավորվող երկու անջատողական հանրապետություններում տեղի ունեցած «ընտրություններում», ըստ նախնական տվյալների, հաղթել են գործող ղեկավարները, մասնավորապես, «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում»՝ Դենիս Պուշիլինը, իսկ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում»՝ Լեոնիդ Պասեչնիկովը:

Ռուսական կողմի դիրքորոշմամբ, ինքնահռչակ հանրապետություններում ընտրությունների անցկացումը անհրաժեշտ էր այդ տարածքների բնականոն գոյությունն ապահովելու համար: Դոնեցկի նախկին ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, ինչպես հայտնի է, սպանվել էր սույն թվականի օգոստոսին, իսկ Լուգանսկի ղեկավար Իգոր Պլոտնիցկին լքել է Ուկրաինան և հրաժարվել իր լիազորություններից: Այս տեսակետը, փաստացի, հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Դոնեցկն ու Լուգանսկը ստիպված են ինքնակազմակերպվել:

Ի տարբերություն ռուսական կողմի, սակայն, կիրակի օրը տեղի ունեցած «ընտրությունները» դատապարտվել են գրեթե բոլոր շահագրգիռ ուժերի կողմից: Այսպես, ընտրությունների անցկացումն անընդունելի է համարել և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն իր աջակցությունը հայտնել Եվրամիությունը: ԵՄ-ն նշել է, որ այդ ընտրությունները խախտում են միջազգային իրավունքը և ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Մինսկյան պայմանավորվածությունները: Մինսկի պայմանավորվածությունների խախտման մասին է հայտնել նաև ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը: Վերջինս նշել է, որ ինքնահռչակ հանրապետություններում տեղի ունեցած ընտրությունները չեն կարող լինել լեգիտիմ, և մեղադրել է Ռուսաստանին Մինսկի պայմանավորվածությունները խախտելու մեջ: Ընտրությունների անցկացումը դատապարտել է նաև Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը:

ՆԱՏՕ-ն, դատապարտելով Ուկրաինայի արևելքում ընտրությունների անցկացումը, կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել իր զորքերն այդ տարածքից և դադարեցնել Դոնեցկում և Լուգանսկում գրոհայիններին ցուցաբերվող աջակցությունը:

Ընտրությունների կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Էնցո Մաովերի Միլանեզին: Վերջինս նշել է, որ ընտրությունների անցկացումը հակասել է Մինսկի պայմանավորվածություններին:

Ընտրությունները դատապարտել են եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ռումինիան, Շվեդիան, Նորվեգիան, Չեխիան, Ֆինլանդիան և այլն: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ եռակողմ բանակցությունների ընթացքում Դոնեցկում ու Լուգանսկում տեղի ունեցած ընտրությունները դատապարտել են նաև Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ընտրությունները դատապարտել են նաև Կանադան և Ճապոնիան:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «Ռուսաստանի կողմից բռնազավթված Դոնբասում» անցկացված ընտրություններն անվանել է կեղծ՝ fake, և կոչ արել չմասնակցել դրանց: Նա նշել է, որ ընտրությունները չեն ճանաչվելու ոչ մեկի կողմից և հանդիսանալու են Մինսկի պայմանավորվածությունների կոպտագույն խախտում:

Ընտրությունները, ինչ խոսք, չեն ճանաչվել որևէ երկրի կամ միջազգային կառույցի կողմից: Սա, թերևս, լավագույն կերպով ցուցադրում է այն քաղաքականության անհեռանկարայնությունը, որը ներկայում որդեգրել և իրականացնում է Ռուսաստանը:  Հարկ է նկատել, որ միջազգային արձագանքում որևէ խոսք անգամ չկա ինքնակառավարման կամ ինքնիշխանության, կողմնորոշվելու, ընտրելու իրավունքի մասին, այլ միայն խախտումների արձաանագրություններ ու մեղադրանքներ են: Սա լավագույնս ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը, համենայն դեպս Դոնբասի հարցում, ժամանակ չի ծախսում կեղծիքների վրա, իսկ Ռուսաստանի վարած քաղաքականությունն ընդամենը հանգեցնում է էլ ավելի մարգինալացման:

 

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930