Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հերքում է, որ օլիգարխների շահերն է պաշտպանում. էլիտար թաղամասերում գտնվող նրանց էլիտար տներն ու ունեցվածքները հարկելու է

Նոյեմբեր 13,2018 14:27

«2019-ին կբարձրանա պոլիկլինիկաների 14 հազար աշխատողների աշխատավարձը: Մենք զուգահեռաբար հավասարակշռված առաջ ենք գնում», – այսօր 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ բյուջեի ձեւավորման մասնակիցների թնջուկը հարցեր է առաջացնում. «Առաջնային հարկ վճարողի կարգավիճակ ունի ՀՀ-ում մոտ 350 հազար մարդ՝ նկատի ունենք բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր կամ ոչ բյուջետային ընկերություններում: Իհարկե, պետական  համակարգի աշխատողները նույնպես իրենց աշխատավարձերից հարկ վճարում են, բայց մյուսները զրոյից են դա անում: Մեր խնդիրն է, որ առաջնային հարկ վճարողների թիվը եռապատկվի, քառապատկվի, որովհետեւ ունենք իրավիճակ, որ այս 350 հազար մարդիկ իրենց ուսերին են կրում ողջ պետական համակարգի անվտանգության, կրթության, պետական կառավարման ֆինանսավորման պատասխանատվությունը»:

Ըստ Փաշինյանի, ծիծաղելի է, երբ իրենց քննադատում են, թե ժողովրդին ծուլության մեջ է մեղադրում ու պաշտպանում օլիգարխիայի կամ խոշոր բիզնեսի շահերը. «Այս մեղադրանքն առաջին անգամ հնչել է այն ժամանակ, երբ մարզերից մեկում քաղաքացիների հետ շփման ժամանակ ասացի, որ ճանապարհներից մեկը, օրինակ, ոչխար պահելն է: Սա քննադատության տեղիք տվեց, թե՝ պատկերացնո՞ւմ եք ինչ աբսուրդ, վարչապետը քաղաքացիներին խորհուրդ է տալիս ոչխար պահել: Բա ի՞նչ պետք է աներ այդ տրամաբանությամբ վարչապետը: Կգնար ախպեր ջան, մարզի դեպուտատի դռան դեմը առավոտից իրիկուն վիզը ծուռ կանգնի, դուրս կգա մի օր 5000 դրամ, մի օր՝ 1000 դրամ կտա, մի օր՝ 3000 դրամ: Այ սա կլիներ ճիշտ, սա այն է, որ երկար տարիներ արել են, պայմաններ են ստեղծել, որ մարդը չաշխատի, աշխատանք չունենա:

ՀՀ այն քաղաքացին, որը երկրում հեղափոխություն է արել, այդպես ծուռ վիզ որեւէ տեղ կանգնել չի կարող, պետք է արդյունք ստեղծելու, ինքն իր եւ իր երկրի բարեկեցությունը ապահովելու հնարավորություն ունենա: Մեզ ասում են, թե համահարթ եկամտահարկ սահմանելով՝ մենք էլի հարուստների կամ խոշոր բիզնեսի շահերն ենք փորձում պաշտպանել: Ֆինանսների նախարարն ասաց, որ մենք ունեւոր հատվածին հարկելու օրակարգն ընդունում ենք եւ եկամտահարկով բաց թողնված մասը 100 տոկոսով կլրացնենք գույքահարկում արվող փոփոխությունների տրամաբանության մեջ: Մենք կստեղծենք հնարավորություններ, որ, այսպես կոչված, էլիտար թաղամասերը, էլիտար թաղամասերում գտնվող էլիտար տները եւ էլիտար ունեցվածքները հարկվեն բոլորովին այլ կերպ: Մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկով հարկվող գույքի 1 տոկոսի նկատմամբ գույքահարկի արդար դրույքաչափ սահմանելով՝ մենք երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկենք»:

Փաշինյանն ասաց, որ սա դեռ փորձագիտական մակարդակում քննարկվում է, բայց փաստ է, որ գույքահարկի ոչ արդարացի տրամաբանություն ունենք, ունենք նաեւ այն շրջանցելու մեխանիզմներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930