Լրահոս
Օրվա լրահոսը

Իզաբելլա Աբգարյանը՝ Քարվաճառից Երեւան տեղափոխված ընտանիքի մասին. «Արդյոք չե՞նք դատարկում Արցախը»

Նոյեմբեր 13,2018 13:58

Այսօր Երեւանի ավագանու որոշմամբ քաղաքապետարանը Մոլդովական փողոցի մոտ 35 քմ տարածքով բնակարանը անհատույց օգտագործմամբ տասը տարի ժամկետով տրամադրեց Շաբոյանների ընտանիքին, որտեղ պետք է բնակվեն 14 անձով: Ընտանիքը Արցախից է եկել Երեւան:

Այս որոշումը ներկայացնելուց հետո «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներից մեկը բարձրացրեց նաեւ Ադրբեջանից բռնագաղթված քաղաքացիների հարցը, որոնց մեծ մասը մինչ օրս բնակարան չունեն եւ բնակվում են ժամանակավոր կացարաններում:

«1988-ից 92 թվականներին Ադրբեջանից Հայաստան է եկել 361 հազար մարդ, այդ թվում ես՝ ընտանիքիս հետ միասին: Վերջին 20 տարիների ընթացքում մոտ 85 հազար մարդ ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել: 2000 հոգի առայժմ մինչ օրս մնում են փախստականի կարգավիճակում եւ բնակարանային խնդիրները լուծելու համար 2004 թվականի կառավարության որոշմամբ 5 հազար ընտանիք ստացել է բնակարան, քոթեջներ եւ առանձնատներ, սակայն 2009 թվականից մինչ օրս բյուջետային որեւէ հատկացում չի կատարվել»,-ասաց ավագանու անդամը: Նրա խոսքով, այսօր 903 ընտանիք սպասում է բնակվելու տեղ հատկացնելուն: Ավագանու անդամը կառավարության էլ կոչ արեց, որ առաջիկայում հաշվի առնի այս խնդիրը, եւ բյուջետային հատկացումներ կատարելիս այս մարդկանց էլ չմոռանա:

Երեւանի քաղաքապետարանին էլ կոչ արեց թեկուզ Երեւանի մակարդակով այս հարցին անդրադառնալ, քանի որ սա լուրջ սոցիալական խնդիր է:

«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ քայլով չե՞ն դատարկում Արցախը, քանի որ ընտանիքը Քարվաճառից է եկել:

Տիկին Աբգարյանը հարցրեց՝ արդյոք դիմե՞լ են Արցախի իրենց գործընկերներին, որպեսզի նրանց էլ ավելի լավ պայմաններ առաջարկվեին. «Ես գիտեմ, որ նույն Քարվաճառում իրականացվում են շատ ավելի լավ պայմաններ, որպեսզի ընտանիքներն ապրեն»:

Հայկ Մարությանն ասաց, որ խնդիրները շատ-շատ են եւ բնակարանների պահանջարկը շատ մեծ է. «Այն, ինչ ունի Երեւան քաղաքը՝ բնակարանային ֆոնդը, մոտիկ էլ չի, բայց մենք ստացել ենք ժառանգություն այն, ինչ ունենք, ուստի պետք է սկսենք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի բնակարանային ֆոնդն աճեցնենք այնքան, որ կարողանանք բավարարել բոլորին: Սա վերջնական նպատակն է, բայց ընթացքում, ես համաձայն եմ, որ մի մեխանիզմ պետք է մշակենք, հերթագրում՝ ով ավելի շուտ կարող է ստանալ: Մենք չենք կարող բոլորին ասենք, մենք հինգ կամ տասը տարուց կունենանք այս բնակարանը եւ բոլորիդ միանգամից կտեղափոխենք: Փուլ առ փուլ պետք է մարդկանց տեղափոխենք եւ մարդկանց բնակարանով ապահովենք»:

Քաղաքապետարանը խմբակցություններին հորդորեց մշակել մեխանիզմ, որը կլինի արդար եւ բոլորի համար ընդունելի:

ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը Հայկ Մարությանին առաջարկեց այցելել Մաշտոցի պողոտայի, Լեոյի փողոցին հարող՝ Լեո 35 հասցեում Փակ շուկայի հետնամասի հատված, որտեղ «բարաքներ են»: Ըստ նրա՝ այդտեղ ապրում են հին երեւանցիներ. «Հարյուրավոր նամակներ ուղղվել են քաղաքապետարան, քաղաքային իշխանություններից որեւէ մեկը ոտք չի դրել այդ տարածք: Ես շատ կուզեի, որ այս խնդրին լուծում տանք: Այդտեղ տուն չէ, հաստաբուն ծառն աճել է տան մեջ: 3 օր առաջ այդ տան դուռն էլ պոկվեց»: Ըստ Հռիփսիմե Առաքելյանի՝ այդտեղ արդեն մի քանի սերունդ է ապրում, երեխաներ են մեծանում:

Նա քաղաքապետարանին հորդորեց գոնե ժամանակավոր լուծում գտնել այդ ընտանիքի համար, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930