Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեր հարցին՝ ասում են՝ Ծառուկյանն արդեն ԱՁ-ներ է բացում, որ ընտրակաշառք բաժանի՝ աշխատավարձի տեսքով, դուք «օրինական ընտրակաշառքի» դեմ ո՞նց եք պայքարելու՝ Ավինյանը պատասխանեց, որ իրենք նման տեղեկություններ չունեն. «Ձեզ վստահեցնում եմ, որ ընտրակաշառքի մեխանիզմները այլեւս չեն գործելու, ինչպես չեն գործել Երեւանի ավագանու ընտրություններում»: Նշենք, որ ԲՀԿ-ն արդեն իսկ հերքել է մամուլի այդ հրապարակումը:
Մենք նաեւ հարցրեցինք՝ հիմա դուք Սերժ Սարգսյանի նույն ծրագրերը չե՞ք շարունակում՝ կուտակային կենսաթոշակի մասով, կարմիր գծերի, տեսախցիկների մասով, արագաչափերի մասով, անգամ Հայաստանի «թամբալների» մասով Նիկոլ Փաշինյանը կրկնում է Սերժ Սարգսյանի խոսքերը, ի՞նչն է տարբերությունը, եթե նույն ծրագրերը շարունակում եք՝ Ավինյանը պատասխանեց. «Ժողովուրդ ջան, ընդհանուր առմամբ կան ծրագրեր, որոնք նախկինից գալիս են եւ իրենք լավ ծրագրեր են, որոնք պետք է շարունակենք, կան ծրագրեր, որոնք վերափոխման կարիք ունեն եւ վերափոխվում են, կան ծրագրեր, որոնք նոր են եւ ներկայացվելու են հենց այս քարոզարշավի ընթացքում: Առհասարակ, ես կարծում եմ, տնտեսական այն մոդելը, որը մենք առաջարկելու ենք քարոզարշավի ընթացքում, լինելու է լրիվ նոր եւ հեղափոխական»:
Դիտարկմանը՝ ստացվում է, որ ՀՀԿ-ի բոլոր ծրագրերն էլ լա՞վն են եղել, որ շարունակում եք՝ Ավինյանը պատասխանեց. «Ոչ»:
Հարցին՝ Շարմազանովն ասում է՝ եթե Նիկոլը մի շաբաթ գրիպ ընկնի՝ կկորեք, դուք Նիկոլի շողքի տակ հերոսներ եք դառնում՝ Ավինյանը արձագանքեց. «Պարոն Շարմազանովը, ինչպես իր կոլեգաները, դեռեւս չեն կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ