«Քաղաքացիական պայմանագրում» միշտ էլ վեճեր եղել են եւ կլինեն: Դրանք բանավեճեր են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով կուսակցության մարզային գրասենյակներում ռեյտինգային թեկնածուների շուրջ առաջացած վեճերին:
Aravot.am-ի տեղեկություններով, ի դեպ, Ապարանի մարզային գրասենյակում առաջացած վեճից եւ Արագածոտնի մարզպետի հետ երկարատեւ զրույցից հետո, ռեյտինգային թեկնածուների նոր ցուցակ է ներկայացվել կուսակցության գրասենյակ: Ի թիվս նախորդ ներկայացված, բայց անարձագանք մնացած անունների, նոր անուններ էլ են ավելացվել: Երկու ցուցակներում էլ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի անունը կա: Կուսակցական գրասենյակից դեռ արձագանք չկա:
Լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը կորցնելու խնդրից, ՀՀԿ-ի հայտարարությունների մասին, որ Նիկոլ Փաշինյանն է եղել 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը:
«Ես ասուլիս կանեմ և ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ