Պատասխանելով Aravot.am-ի հարցմանը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանն ասաց, որ գրավոր դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, որը մշակույթի նախարարության Ֆեյսբուքի էջում հայտնել էր, թե բանավոր զգուշացում է հայտարարում Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու համար:
«Ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է խնդիրը, այդ ե՞րբ եմ զբաղվել քաղաքականությամբ, ո՞ւմ եմ ուղղորդել, ո՞ւմ վրա եմ ճնշում գործադրել, երբ անընդհատ զբաղված եմ իմ աշխատանքային պարտականությունների կատարմամբ»,-ասաց տիկին Կիրակոսյանը:
Նա չցանկացավ պատասխանել այն հարցին` արդյոք որեւէ միտում տեսնո՞ւմ է նախարարի այդ քայլում: «Ենթադրություններ անել կամ այլ բան ասել չեմ ուզում»,-ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ