2019-ի պետբյուջեի նախագիծն է քննարկվում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որքան էլ բյուջեն անվանել են իներցիոն, այնուամենայնիվ, բյուջեի իրենց քաղաքականությունը էական փոփոխություններ է կրել: Նա ասաց, որ իրենց տնտեսական քաղաքականությունն անվանում են աշխատանքի խրախուսման քաղաքականություն. «Քաղաքական մեր գործունեության ողջ ընթացքում, որպես հանրային փոփոխությունների կարեւորագույն պայման մենք համարում ենք անհատական ջանքը, երկրում չեն կարող տեղի ունենալ պոզիտիվ փոփոխություններ, եթե հիմքում ընկած չէ անհատական ջանքը»: Նա ասաց, որ իրենք տնտեսական աճ ասելով՝ նկատի են ունենում համընդհանուր ջանքի մեկտեղում ու ներառող տնտեսություն պետք է կառուցեն դրա համար:
Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում այլեւս չկան մենաշնորհներ, չկան տնտեսական գործունեության սահմանափակումներ, ներմուծման եւ արտահանման արգելքներ, եւ ըստ էության, սրանով քաղաքական նախապայմանները եւ տնտեսական նախապայմանների մի մասն ապահոված է, առաջիկայում պետք է հենց տնտեսական պայմանները ապահովեն, որ տնտեսության ցանկացած ձեւ լինի հնարավորինս բոլորին մատչելի:
Խոսելով բյուջեի մասին՝ Փաշինյանն ասաց. «Մենք որոշել ենք սահմանել նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որը ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից: Այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն-ի շրջանակներում, դեռ հաշվարկվում է սա՝ մինիմումը 20 մլն կլինի, չեն վճարի որեւէ հարկ, իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն՝ կապված տնտեսության ոլորտների հետ, գոտիականության խնդիր էլ կլինի, մենք կփորձենք խրախուսել հատկապես մարզերում տնտեսական գործունեությունը: Ըստ էության, կա 2 մոտեցում՝ մենք միկրոբիզնեսով զբաղվող եւ իրենց կարիքները հոգալ չկարողացող մարդկանց ասում ենք՝ ոչ թե ընտրակաշառք կբաժանենք, կամ ինչ-ինչ այլ մեթոդներով կաջակցենք, մենք ասում ենք՝ բացում ենք ձեզ համար հնարավորությունը, որ արժանապատիվ ձեւով ինքներդ կարողանաք վաստակել ձեր հացը: Միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչեւ 3 աշխատող ունեցողները ոչ թե կհարկվեն 23 տոկոս եկամտահարկով, այլ առավել շահավետ պայմաններ կունենան, ասենք, 5000 դրամ հաստատագրված հարկ կտան»:
Փաշինյանը նաեւ խոսեց եկամտահարկի հարթեցման մասին, ասաց, որ սրանով խրախուսում են բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը եւ մոտ 50 մլրդ եւ ավելի գումար թողնում են մարդկանց մոտ, որ շրջանառության մեջ մտնի. «Այս 50 մլրդ-ը կարեւոր ներարկում է մեր տնտեսության մեջ, յուրաքանչուր տնտեսվարող կարող է հայտ ներկայացնել այդ 50 մլրդ-ից իր չափաբաժինն ունենալու»: Ըստ նրա, երբ ասում են, որ ո՞նց, աշխատավարձերի բարձրացում չկա, եկամտահարկի իջեցումը հենց աշխատավարձի բարձրացում է նշանակում: Փաշինյանն ասաց, որ այդ 50 մլրդ-ը, եթե նույնիսկ բանկային համակարգ մտնի՝ ավանդի տեսքով, էլի տնտեսությանը օգուտ է, վարկերի տոկոսները կնվազի դրա արդյունքում:
Փաշինյանը նորից մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելու իրենց որոշման մասին խոսեց. «Երբ մենք ասում ենք, որ աշխատանքը խրախուսում ենք, շատերը փորձում են մեզ մեղադրել, թե մենք մեր ժողովրդին մեղադրում ենք ծուլության եւ չաշխատելու մեջ: Քավ լիցի, այս մասին ես խոսել եմ վարչապետի պաշտոնում աշխատելուց ի վեր մոտ 10 անգամ: Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել են աղքատությունը: Մարդուն ասել են՝ դու ավելի լավ է մի աշխատիր, երբ աշխատես՝ աղքատության նպաստից կզրկվես: Մեր քաղաքականությունը լինելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալով, մենք թիրախային պետք է այդ օգնությունը տանք: Օրինակ, երեխային պետք է տանք, ոչ թե հորը խրախուսենք, որ չաշխատի, որ նպաստից չզրկվի, այլ շահառուն պետք է լինի երեխան, որը օբյեկտիվորեն գիտենք՝ ինքը ունի տարիք, երեխա է, ունի սոցիալական աջակցության կարիք: Մենք չպետք է դնենք պայման՝ եթե քո հայրը աշխատի՝ կզրկենք նպաստից: Եթե քո հայրը գլխաքանակ ունենա՝ մենք այդ օգնությունը չեք տա, եթե քո հայրը կամ մայրը այդ անասնագլխաքանակը չունենան՝ կտանք: Մենք պետք է այդ օգնությունը տանք հասցեական թոշակառուին, անաշխատունակ մարդուն, որ ընտանիքին չդատապարտենք մշտական աղքատության: Այս իմաստով մեր քաղաքականությունը լինելու է աշխատանքը, պետք է քաջալերենք մեր քաղաքացիներին, որ վեր կենան եւ ուղղեն իրենց մեջքը, իրենց աղքատության վիճակի հետ չհամակերպվեն, կոնկրետ քայլեր ձեռնարկեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ