Ամիսներ առաջ Տավուշի կողմից սահմանը հատած եւ Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանին, որը հոգեկան առողջության խնդիրներ ունի եւ բանակում չի ծառայել, օրերս Ադրբեջանում մի քանի ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել: «Ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու էին ՀՀ քաղաքացու ներգրավմամբ «թատերական ներկայացում» կազմակերպել՝ տեսախցիկի առաջ նրան ներկայացնելով որպես դիվերսանտի, սակայն այդ մտադրությունը տապալվեց, քանի որ Կարեն Ղազարյանն առողջական խնդիրների պատճառով չի զորակոչվել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Կարեն Ղազարյանին՝ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նշեց՝ ադրբեջանական կողմին միջազգային կառույցների միջոցով փոխանցվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն այն մասին, որ Կարեն Ղազարյանը հոգեկան առողջության խնդիրներ ունի, որոնց պատճառով չի զորակոչվել. «Սակայն դատական գործընթաց բեմադրելով՝ Ադրբեջանը փորձում է դրանում ներգրավել ակնհայտ առողջական խնդիրներով մարդու, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»:
Աննա Նաղդալյանը հավելեց՝ Կարեն Ղազարյանի հարցը ԱԳՆ օրակարգում է. «Համապատասխան աշխատանքները շարունակվում են՝ նրան հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/532459190554146/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ