Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, եւ ինչո՞ւ նրանք չեն աշխատում. «168 ժամ»

Նոյեմբեր 13,2018 12:45
Gorcazurk

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 900 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսության մեջ զբաղվածների թիվը մոտ 1 մլն մարդ է։ Այդ թվում վարձու աշխատողների թիվը՝ մոտ 600 հազար։ Համադրելով Նիկոլ Փաշինյանի՝ Աստանայում և դրանից 2 շաբաթ առաջ ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթները՝ կարելի է հասկանալ, որ նա նկատի ուներ մասնավոր հատվածում ներգրավված վարձու աշխատողներին (եկամտային հարկ վճարողների), որոնց թիվը մոտ 340 հազար է։

Ավելի խրթին է հասկանալ 800 հազար հոգու մասին հայտարարությունը։ Արդյո՞ք դրա մեջ մտնում են թոշակառուները։ Սակայն ակնհայտ է, որ վարչապետը նկատի ուներ տնտեսապես ոչ ակտիվ բնակչությանը, որոնց մեջ թոշակառուներն ու անչափահասները չեն մտնում։

Ըստ պաշտոնական տվյալների, 777 հազար տնտեսապես ոչ ակտիվ մարդկանց մեծ մասը՝ 194 հազարը, չեն աշխատում ընտանեկան հանգամանքների պատճառով։ Ինչպես և կարելի էր սպասել, այս խմբի մեջ առյուծի բաժինը՝ 192 հազարը, կանայք են (մեկը երեխա է պահում, մյուսին ամուսինը թույլ չի տալիս աշխատել, և այլն)։

123 հազար հոգին չեն աշխատում և աշխատանք չեն փնտրում հիվանդության և հաշմանդամության պատճառով։ Այսինքն, նրանք հիվանդ կամ հաշմանդամ լինելով համարվում են աշխատունակ, սակայն համարում են, որ ի վիճակի չեն աշխատել։

142 հազար տնտեսապես ոչ ակտիվներին խանգարում է ուսանող կամ սովորող լինելու հանգամանքը։

36 հազար հոգին աշխատանք չեն փնտրում, քանի որ գտնվում են արտերկրում կամ պատրաստվում են մեկնել։ Այս թվի մեջ մտնում են հիմնականում սեզոնային աշխատանքի մեկնողները՝ դրսում աշխատողները։

170 հազար հոգին այլ պատճառներ են նշել։

Սակայն կառավարության տեսանկյունից ամենամտահոգիչն այն մարդիկ են, որոնք աշխատանք գտնելու հույսը կորցրել են (պաշտոնական վիճակագրությունը նրանց անվանում է հուսազուրկներ)։ Այս մարդկանց թիվը 2017 թվականին եղել է 111 հազար։ Ընդ որում, հուսազուրկների թիվը վերջին տարիներին գնալով աճել է՝ 2016 թվականին 104 հազար էր, 2015 թվականին՝ 100 հազար։

Այսինքն, եթե պետությունը ցանկանում է խրախուսել, որ մարդիկ աշխատեն և թեթևացնեն աշխատողների ընդհանուր բեռը, պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնեն հենց այս խմբի վրա՝ վերականգնեն վստահությունը, որ Հայաստանում հնարավոր է աշխատանք գտնել՝ առանց խնամի-ծանոթ- բարեկամի կամ քաղաքական հանգամանքների միջոցով։

Ճիշտ է՝ ուսանողներին կամ տնային տնտեսուհիներին էլ կարելի է քաջալերել աշխատանքի, սակայն այդ գործընթացն ավտոմատ տեղի է ունենում, այսօր շատ ուսանողներ, սովորելուն զուգահեռ՝ աշխատում են, իսկ կնոջն աշխատել արգելող ամուսինների թիվը նվազում է։ Սակայն ամենակարևորը, կրկնենք, մարդկանց հույսը վերականգնելն է, որը պետք է լինի ոչ թե հայտարարություններ անելով, այլ կոնկրետ գործողություններով։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930