Այսօր ԱԺ-ում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին լրագրողները հարցրեցին իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի մասին, թե ինչպես է իր ընտանիքին պատկանող ընկերությունը դրամաշնորհ ստացել:
Ավինյանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այդ՝ այսպես կոչված կոռուպցիոն սկանդալի մասին, որը կոռուպցիայի հետ որեւէ աղերս չունի: Բոլոր այն մեկնաբանությունները, որոնք արել եմ նախկինում, բավարար չափով բացատրում են իրավիճակը»:
Հարցին՝ դուք դիմել էիք այդ գրանտի համար այն ժամանակ, երբ պաշտոնյա չէիք, բայց գրանտը՝ դրամաշնորհը ստացել եք այն ժամանակ, երբ արդեն պաշտոնյա էիք, ի՞նչ եք կարծում, եթե դուք լինեիք ընդդիմադիր ավագանու անդամ, էլի կստանայի՞ք այդ 35 հազար դոլարը ձեր չրերի արտադրման համար՝ Ավինյանը պատասխանեց. «Դա ինձ չի տրվել: Նախ՝ ձեր չի, այդ ընկերությունն այլեւս ինձ չի պատկանում, երկրորդը՝ այդ գրանտը ուղղակի նվեր չէ, այդ գրանտի չափով ներդրում է ենթադրվում անել, որն արդեն արվել է այդ ընկերության կողմից: Ես ձեզ վստահեցնում եմ՝ ես լինեի փոխվարչապետ, ավագանու անդամ, թե ընդդիմադիր գործիչ՝ այդ գրանտն այդ ընկերությունը ստանալու էր, որովհետեւ շատ երկար տարիներ գործել է այդ ընկերությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ