«168 ժամի» հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ հետաքրքիր է լինելու հետևել առաջիկա ընտրություններին և հատկապես արդյունքներին, քանի որ մասնակցող ուժերի ներկապնակը բավականին «գունեղ» է լինելու, քանի որ երկրում ստեղծված նոր իրավիճակում իրենց քաղաքական ներուժն են փորձելու շատերը, նաև նրանք, որոնք չպետք է լինեն քաղաքական դաշտում։ Նրա որակմամբ՝ սա է հայաստանյան առաջիկա ընտրությունների ամենաուշագրավ հանգամանքը։
«Հայաստանյան քաղաքական դաշտը նախկին իշխանությունների օրոք արտաքին քաղաքական ուղենիշերի վերաբերյալ կոնսենսուս է ունեցել, այսինքն՝ քիչ են եղել ուժերը, որոնք դեմ են դուրս եկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը՝ հասկանալով, որ կան խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս լիովին ինքնուրույն քաղաքականություն վարել։ Նախկինները և՛ միանում էին ռուսական պրոյեկտներին, և՛ փորձում որոշակի հարաբերություններ պահպանել Եվրամիության հետ։ Ներկայումս ակնհայտ է, որ Արևմուտքում ՀՀ նոր իշխանություններից ավելի մեծ սպասումներ կան, սակայն իշխանական ուժը կարծես փորձում է շրջանցել կամ չկարևորել արտաքին քաղաքականությունը, ուստի հասկանալի չէ, թե այս իշխանության պահպանման դեպքում ինչպիսին են լինելու Հայաստանի հարաբերությունները ՌԴ-ի և ԵՄ-ի հետ։ Վերջին ամիսները լիովին չեն բացահայտել քաղաքականությունն արտաքին ոլորտում։
Պետք է նշել, որ նոր իշխանությունները հանդես են եկել ինքնուրույնության, սեփական շահերն արտաքին աշխարհի մոտ պահպանելու կարևորությամբ և որոշ դրվագներում պահել են իրենց ուղենիշը։ Իսկ թե ինչպես կլինի ապագայում՝ չեմ կարողանա նշել։
Սակայն, կարծում եմ, որ անկախ նրանից, թե որ ուժերը կլինեն խորհրդարանում՝ որոշիչ է լինելու ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։ Իսկ նրանք հայտարարել էին, որ իրենք կարող են առանց փոխելու արտաքին քաղաքական ուղղությունները՝ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, որից նոր իշխանությունները հրաժարվեցին, նշեցին, որ մեկ այլ բան է՝ լինել քաղաքական ընդդիմություն, մեկ այլ ՝ իշխանություն, ինչը նշանակում է, որ կան իրողություններ, իսկ դրանք վերաբերում են ԼՂ հակամարտությանն ու անվտանգության հարցերին։
Սակայն առաջիկա քվեարկությունը գործընկեր երկրների համար հետաքրքիր արդյունք կլինի հանրային տրամադրությունների տեսանկյունից, քանի որ քաղաքական դաշտը և ներքին ու արտաքին առաջնահերթությունները ձևավորում է հասարակությունը։ Ուստի կարևոր են լինելու հասարակական տրամադրությունները, թե որ ուժին նախապատվություն կտա հասարակությունը։ Եթե ակնհայտ հակառուսական դիրքորոշում ունեցող ուժերը ստանան մեծ տոկոսներ, դրանից պետք է հետևություն անեն Հայաստանի ուղղությամբ ռուսական քաղաքականությունը մշակողները։ Սա թեստ է լինելու»,- ասաց Ալեքսանդր Ռարը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում