«Ժողովուրդ» օրաթերթը խոսել է «Լույս» դաշինքի Երեւանի ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ։
– «Քաղաքացիական պայմանագրի» գործելաոճում կա՞ն բաներ, որոնց հետ դուք համաձայն չեք։
– Այո, իհարկե կան։ Դա հենց Եվրասիական եւ արեւմտյան արժեքների հետ կապված տարբերությունն է։ Այս պահին համաձայն չենք միայն արտաքին քաղաքականության մասով։
– Խորհրդարանում ընդդիմադի՞ր եք լինելու։
– Այո։ Հենց մեր վերջին հայտարարությունները դրան են տանում։ Մենք կարծում ենք, որ երկրում պետք են գոնե երկու տարբեր գերիշխող ուժեր՝ տարբեր հայացքներ ունեցող, իսկ մենք մեզ համարում ենք երկրորդ՝ այսինքն մյուս կողմը պահող միակ ուժը Հայաստանում։
– Պարոն Շարմազանովը հակազդեց դրան՝ ասելով, որ հիմա միայն ՀՀԿ-ն է ընդդիմություն, իսկ մնացյալ բոլոր ուժերը զբաղված են Նիկոլ Փաշինյանի կառավարության գովքով։ Սրա մասին ի՞նչ կասեք։
– Ես համաձայն եմ, որ ՀՀԿ-ն է ընդդիմություն։ Բայց պետք է նշել՝ այդ կուսակցությունը գաղափարական առումով ընդդիմություն չէ։ ՀՀԿ-ն ընդամենը իր աթոռից հրաժարվելու խնդիր ունի եւ ունի իր անձնական շահերն ու նպատակները եւ հենց դրա համար է ընդդիմություն։
Մենք Փաշինյանի կառավարությանը գովելու կամ չգովելու խնդիր չունենք։ ՀՀ-ում ընդդիմությունը ուրիշ կերպ է ընկալվում։ Այսքան տարի չի եղել ընդդիմություն, մենք 20 տարի պարզապես մահապարտներ ենք եղել։ Հիմա ընդդիմությունը պետք է լինի այն օղակը, ով կօգնի, որ բարձրացրած խնդիրներին լուծումներ տրվեն։
Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ արյունոտ ձեռքերով է եղել եւ պատրաստ է եղել ամեն բանի։ Չմոռանանք հոկտեմբերի 27-ը, 2004-ի ապրիլի 12-ը, մարտի 1-ը։ Այդ արյունոտ ձեռքերով իշխանության դեմ մենք իրոք մահապարտներ ենք եղել։ Կարող եմ ասել՝ մեր պայքարը եղել է կյանքի ու մահվան պայքար։ Հիմա արդեն պետք է փորձենք ձեւավորել նորմալ ընդդիմություն թե՛ Երեւանի քաղաքապետարանում, թե՛ խորհրդարանում :
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում