Տասնամյակներ շարունակ հայ-ադրբեջանական սահմանին ապրող մարդիկ ապրում են վախի և անվտանգության լուրջ ռիսկերի պայմաններում: Նրանք ամեն օր զգում են ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքները հող մշակելիս, դպրոցից տուն վերադառնալիս, սեփական բակում ճաշելիս: Նման համայնքներում կենսական է արտակարգ իրավիճակների համար նախատեսված ապահով ապաստանավայրերի անհրաժեշտությունը:
Իսա Մուսաևը (90 տարեկան) և իր կինը, ովքեր ապրում են Ալիբեյլի գյուղում (Թովուզի շրջան, Ադրբեջան), բազմիցս կրակահերթի տակ են հայտնվել. մեկ անգամ նույնիսկ չեն հասցրել տուն հասնել՝ թաքնվելու: «Դռնից էի բռնվել. էնպիսի զգացողություն էր, կարծես ինձ վերուվար գցեին,-վերհիշում է Իսան,- բեկորի մի կտոր ազդրս մտավ, մյուսը տանիքին կպավ»:
Սահմանի մյուս կողմում մարդիկ նույն ռիսկերին են ենթարկվում։ Միշա Խուդավերդյանը (69) Բերքաբեր գյուղից (Տավուշի մարզ, Հայաստան) հիշում է իր անքուն գիշերները կրակահերթերի ժամանակ. «Փամփուշտներն իմ տանը հաճախ էին կպնում: Դրանք անընդհատ պատուհաններիցս ու պատերիցս էի հանում: Գիշերները քնել չէր լինում»:
Որպեսզի այս մարդիկ գոնե իրենց տուն ավելի ապահով մուտք գործելու և ներսում ինչ-որ չափով իրենց անվտանգ զգալու հնարավորություն ունենան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կառուցել է պաշտպանիչ պատեր և կառուցապատել պատուհաններ հակամարտության բոլոր կողմերից խաչաձև կրակի տակ գտնվող տներում և հանրային տարածքներում։
Երեխաների կրթությունը տանից դուրս ևս տուժում է կրակահերթերի հետևանքով։ Երկար տարիներ Հայաստանի Վազաշեն համայնքի դպրոցի առանձին տարածքներ վտանգավոր լինելու պատճառով չեն գործածվել․ «Շենքի այս հատվածում միայն մարզադահլիճն էինք օգտագործում․ չնայած վտանգավոր էր, բայց դե այլընտրանք չկար»,- բացատրում է դպրոցի տնօրեն Օլյա Դալլաքյանը։
Ադրբեջանի Ալիբեյլի գյուղում դպրոց հաճախող երեխաների թիվը նվազում է․ «Շատ դժվար է աշխատել կամ ապահովել երեխաների մասնակցությունը դասերին այս վտանգավոր պայմաններում։ Առաջ, երբ պատերազմ չկար, դպրոցը երկու հերթով էր աշխատում, որովհետև շենքը փոքր էր,- ասում է դպրոցի տնօրեն Ռասիմ Ալիևը,- Հիմա դպրոցում սովորող ընդամենը 100 երեխա ունենք»։
Համակարտության բոլոր կողմերում ԿԽՄԿ-ն ամրացրել է դպրոցի պատերն ու պատուհանները, որոնք, սակայն, ինտենսիվ գնդակոծությանը չեն դիմանա։Այդ պատճառով ԿԽՄԿ-ն դպրոցներին աջակցում է նաև ապահով սենյակների վերանորոգման և կահավորման հարցում, որտեղ երեխաները, ուսուցիչներն ու մոտակա տների բնակչությունը կարող են ժամանակավորապես ապաստանել, մինչև կրակահերթը վերջանա։
Այս բոլոր միջոցները ավելի ապահով և հասանելի են դարձնում դպրոցներն ու կրթությունը՝ անկախ շարունակվող հակամարտությունից։
Մամուլի հաղորդագրություն