«Լույս» հիմնադրամը, որը դադարել էր գործել թավշյա հեղափոխությունից հետո, վերսկսում է աշխատանքները, բայց բոլորովին այլ նպատակներով։
Հիմնադրամի գործադիր խորհրդի կազմում այս ընթացքում տեղի են ունեցել փոփոխություններ։ Դրանում շարունակում են ընդգրկված մնալ Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը եւ Արմեն Գեւորգյանը, սակայն Վիգեն Սարգսյանին եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին փոխարինում են Վաչե Գաբրիելյանն ու Վարդան Արամյանը։
Դատելով «Լույսի» շրջանավարտներին հասցեագրված հայտնված նամակից, հիմնադրամն այլեւս չի շարունակի նոր կրթաթոշակներ տրամադրել արտասահմանյան հեղինակավոր բուհեր ընդունված ուսանողներին։ Փոխարենը փորձ է անելու համախմբել արդեն իսկ կրթություն ստացածներին այլ նպատակների շուրջ։
«Առաջին փուլում «Լույսի» առջեւ դրված նպատակն էր ստեղծել եւ համախմբել առաջադեմ եւ ստեղծարար մտածելակերպ ունեցողների սերունդ՝ բազմապատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բուհերում եւ համախմբելով նրանց տարատեսակ ծրագրերի շուրջ։ Լավագույն կրթությունը հասանելի դարձավ հայ երիտասարդներին, անկախ քաղաքացիությունից եւ բնակության երկրից, առանց որեւէ պարտավորության։ Արդյունքում աշխարհի լավագույն բուհերում կրթություն է ստացել 513 հայ ուսանող, ստեղծելով իր տեսակի մեջ յուրահատուկ համայնք։ Թեեւ հիմնադրամի խորհուրդը ստիպված էր կասեցնել իր կրթաթոշակային ծրագիրը, սակայն իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 ուսանող շարունակելու է ֆինանսավորվել մինչեւ իրենց ուսման ավարտը»,- մասնավորապես նշվում է «Լույսի» շրջանավարտներին հասցեագրված նամակում։
Դրանում նաեւ ասվում է. «Այժմ եկել է ժամանակը անցում կատարելու գործելու եւ համաստեղծելու այս կարեւորագույն փուլին, որի արդյունքում ի մի կբերվի «Լույսի» ուսանողների գիտելիքը, հմտությունները, փորձառությունն ու կապերը, կիրականացվեն ծրագրեր, որոնք կօգնեն ակադեմիական գիտելիքից անցում կատարել գործնականի՝ ի բարօրություն Հայաստանի եւ Հայկական աշխարհի։ Կրթված, սկզբունքային, ստեղծամիտ ու պատասխանատու հայ համայնքի ներուժը հնարավորինս արդյունավետ օգտագործելու նպատակով ստեղծվում է հարթակ, որի գործունեության արդյունքները կնպաստեն երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը»։
Թե «Լույսը» գործունեության ինչ նոր սկզբունքներ է որդեգրել, հատկապես որտեղ է պատրաստվում օգտագործել կրթաթոշակառուների մտավոր ներուժը եւ ինչ հարթակ է պատրաստվում ստեղծել, հիմնադրամից պարզել մեզ չհաջողվեց։ Պաշտոնական կայքէջում հրապարակված հեռախոսահամարը չի գործում եւ կապ հաստատել հնարավոր չէ։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում