Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը, ռուսական զենքը, Ջոն Բոլթոնն ու Հայաստանը

Նոյեմբեր 13,2018 11:10

«Ի՞նչ շահեց Հայաստանի ժողովուրդը եւ պետությունը: Ոչինչ: Ընդամենը մի քանի միտինգում ծափահարեցին, ուրախացան կամ չուրախացան: Հանրային, այսպես ասած, անհասկանալի հրճվանք: Ոչ ավելին: Բայց ի՞նչ կորցրեցինք. մեր պետությունն ու իշխանությունը կորցրեց լուրջ գործընկեր լինելու վստահությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում հարցին` հարց ու պատասխանով անդրադարձավ ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը: Պարոն Նիկոյանից հետաքրքրվել էինք`օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. ինչո՞վ է դա սպառնում մեր պետությանն ու պետականությանը:

Դեկտեմբերի 6-ին կորոշվի`ով կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հիշեցնենք, նոյեմբերի 8-ին, Աստանայում, այս հարցի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ: Հիշեցնենք, նաեւ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ 2020 թվականը պետք զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը: Այդ պաշտոնում նախկին իշխանությունները առաջադրեցին Յուրի Խաչատուրովին: Հայաստանի նոր իշխանությունը հետ կանչեց Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, այդպիսով կորցնելով նաեւ ՀԱՊԿ-ում իր ղեկավար դերը:

Սամվել Նիկոյանը հիշեցնում է`ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը Հայաստանին հենց այնպես չէր տրվել, այլ երկարատեւ եւ քրտնաջան աշխատանքի արդյունքում, բայց «հենց այնպես եւ մեկ րոպեում դա կորցրեցինք»: Սամվել Նիկոյանը կարծում է, որ այդպիսով ուղիղ հարված է հասցվում նաեւ ՀՀ-ի անվտանգությունը. խնդիր, որն ամենակարեւորն է այժմ մեզ համար: «Ցավում եմ, որ հենց այնպես, առանց լուրջ մտածելու եւ հաշվարկելու քայլեր են ձեռնարկվում, որոնք միայն բացասական հետեւանքներ են բերում»,- ասաց նա:

Aravot.am-ի դիտարկմանը`երբ Հայաստանը ՀԱՊԿ-ում ուներ, այսպես ասած, լուրջ գործընկերոջ իմիջ, միեւնույն է, ՀԱՊԿ-ը, որը կառույցի կանոնադրությամբ պարտավոր էր արձագանքել անդամ երկրների անվտանգային խնդիրներին, միեւնույն է՝ համարժեք չէր արձագանքում. խոսքն այն մասին է, որ երբ ռմբակոծվում են հայ-ադրբեջանական սահմանի հայկական սահմանամերձ բնակավայրերը, ՀԱՊԿ-ը լոյալ կեցվածք է ընդունում, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ի առաքելությունը ամեն անգամ, ամեն օր, ամեն մի ավտոմատի կրակոցից հետո հայտարարություն անելը չէ: ՀԱՊԿ-ը երբեք էլ հայտարարություններ չի անում Ուկրաինայի հետ հատվածում, որտեղ ռազմական գործողություններ են անում: Բացի այդ, բազմաթիվ անգամներ հայտարարություններ եղել են: Բայց ՀԱՊԿ-ը մի կազմավորում է, որ անդամ երկրի դիմելու դեպքում քննարկում է ռազմական օգնության եւ այլ խնդիրներ: ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որ եւ ՌԴ-ն այն երկիրն է, որտեղից մենք կարող ենք գնել բավական ցածր արժեքով զենք»:

Մյուս դիտարկմանը, որ հայ-ռուսական երկկողմ պայմանագրերով անհամեմատ ավելի ռազմական տեխնիկա, զենք, զինամթերք են կարողանում ձեռք բերել, քան ՀԱՊԿ-ի շրջանակներում, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց, որ միմյանցից զատելով ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն, մենք սխալ տեղ ենք գնում. «Չէին կարող չլինել բարձր մակարդակի հայ-ռուսական հարաբերություններ եւ Հայաստանը հայտնվեր ՀԱՊԿ-ում եւ փորձեր օգտվել այն առավելություններից, ինչը տալիս է այդ կառույցն իր անդամ երկրներին»:

Հիշեցրեցինք հիմա այլընտրանք ունենք. ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական պարոն Ջոն Բոլթոնը Հայաստանում հայտարարեց մեր երկրին ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունների մասին: «Պարոն Բոլթոնը եւ շատ երկրների ղեկավարներ կարող են հայտարարել իրենց երկրների զենքի վաճառքի մասին, բայց շատ զինատեսակներ Հայաստանը ՌԴ-ից ստացել է անվճար»,- ասաց Սամվել Նիկոյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930