Լրահոս
Օրվա լրահոսը

PR տեխնոլոգիաների կիրառումը արտահերթ խորհրդարանական ընտրություններում

Նոյեմբեր 13,2018 00:05

2018թ-ի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին։ Այսինքն` հանրությանը ներկայանալու համար կուսակցություններն ու դաշինքները ունեն 12 օր ժամանակ։

Քարոզարշավի ընթացքում կիրառվող PR տեխնոլոգիաների մասին Aravot.am-ը զրուցեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանի հետ։

Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանում քարոզարշավների ընթացքում ամենատարածված PR տեխնոլոգիաներից մեկը տուն առ տուն, դուռ առ դուռ հանդիպումներն են մարդկանց հետ, քանի որ անմիջական շփումների արդյունքում մարդկանց վստահությունն ավելի է մեծանում։

Ըստ Ավետիսյանի՝ հապշտապ կազմակերպված ընտրություններն ու քարոզարշավը տարբերվելու են մյուսներից, քանի որ ձևավորված նոր դաշինքներն ու կուսակցությունները շատ ժամանակ չեն ունենալու քարոզարշավ իրականացնելու համար։

«Տասներկու օրը բավարար չէ կերպար ձևավորելու և կարգախոսները տեղ հասցնելու համար»,-ասաց Ավետիսյանը։

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք նա համամիտ է այն քաղաքագետների հետ, որոնք ասում են, որ ժամանակի սղության պատճառով անուղակի քարոզարշավը պետք է սկսել ավելի վաղ, սակայն կուսակցությունները՝ ցուցակներ հրապարակելու և հանրությանն իրենց թեկնածուներին ծանոթացնելու փոխարեն, սպասում են քարոզարշավի պաշտոնական մեկնարկին։

«Քանի որ հանրային կապերի ձևավորումը պահանջում է երկարաժամկետ գործընթաց, բնականաբար, արագ կազմակերպվել, ճիշտ որոշում կայացնել ոչ բոլոր քաղաքական ուժերը կարող են: Այսօր քաղաքական դաշտը խելացի, չվարկաբեկված կերպարների դեֆիցիտ ունի․ եթե մերժել ենք հնին, նորերն էլ բավական փորձառություն չունեն, ապա այստեղ ներկայացուցչական կերպարներ ունենալու խնդիր է առաջանում։ Մյուս կողմից էլ քաղաքական գործընթացները պայմանավորված են ֆինանսական հնարավորություններով: Այն քաղաքական ուժերը, որոնք հարուստ են և՛ մարդկային, և՛ ֆինանսական ռեսուրսներով արագ են կողմնորոշվում և արագ էլ որոշում են կայացնում, իսկ գաղափարական հենքի վրա ձևավորված կուսակցությունները, որոնք չունեն վերը նշված ռեսուրսները, սկսում են բանակցությունների փուլ, որի համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հստակ որոշումներ կայացվեն:

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահը նշեց, որ ինչպես ամեն տարի այս տարի ևս կուսակցություններն ակտիվորեն կօգտվեն ԶԼՄ-ների, հատկապես, հեռուստատեսության ընձեռած հնարավորություններից, սակայն դրանցից յուրաքանչյուրը պետք է առավելագույն կարճ ժամանակահատվածում փորձի իր ասելիքը հասցնել լսարանին և դիրքավորվել քաղաքական դաշտում։

Ավետիսյանն անդրադարձավ «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների ստեղծած «Մենք» դաշինքին. «Մենք»-ը կարճ, հեշտ հիշվող, բոլորի կողմից ամեն օր օգտագործվող բառ է, որն արագ տարածում կունենա հանրույթի մոտ: «Մենքը» հավաքական , միասնական, համագործակցային դրական անվանում է: Մենք դաշինքում ներգրավված կլինեն նաև անկուսակցականներ, հանրային դեմքեր»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս իր շուրջն է համախմբել մարդկանց, ովքեր խելացի են, կազմակերպված և օրենսդիր մարմնում ասելիք կունենան, հատկանշական էր այն հանգամանքը, որ կուսակցության ղեկավարները որոշում կայացրեցին ինքնուրույն մասնակցել քարոզարշավին:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինի, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մինչ ընտրություններին մասնակցելը փոխեր իր ղեկավարին, Ավետիսյանն ասաց․

«Սա ներկուսակցական խնդիր է, չգիտենք ինչ են քննարկել և ինչ են որոշել, բայց փաստն արդեն արձանագրված է, որ Սերժ Սարգսյանը ընտրվել է կուսակցության նախագահ, սակայն ցուցակը ղեկավարելու է Վիգեն Սարգսյանը, սա նշանակում է, որ առաջիկա ընտրություններին ՀՀԿ ավելի թարմ կազմով կմասնակցի, շահագրգռված կլինի ավելի կարող ուժերի ներգրավվել ընտրական գործընթացներում:

Aravot.am-ը հետաքրքրվեց նաև, թե ընտրությունների շրջանում ինչ ազդեցություն կարող են թողնել՝ համացանցում մեծ տարածում գտած ֆեյք օգտատերերը:

«Վերջին շրջանում ֆեյքերի ինստիտուտն ավելի ակտիվ է աշխատում, քան իրական կերպարներն իրենք: Ֆեյքերով ուղերձները տեղ հասցնելը վատագույն ձևաչափն է: Սրանք կեղտոտ տեխնոլոգիաներ են, որոնք կիրառվում են ժամանակ առ ժամանակ: Պետք է վերջ դնել վարկաբեկման ինստիտուտին, շփվել և հաղորդակցվել անմիջական, քննադատել ու բանավիճել կառուցողական, որպեսզի քաղաքական նոր մշակույթ ձևավորենք»

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Եթե Ս.Սարգսյանը մնում է կուսակցության նախագահ, ապա «թարմացված» հանրապետականի տապալումը, իմ կարծիքով, երաշխավորված է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930