Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթանակ» այգին կհայտնվի հոգեվարքի մեջ. Բաց նամակ Երևանի քաղաքապետին

Նոյեմբեր 12,2018 23:30

Հայաստանի անկախացումից ի վեր մենք մեծ արագությամբ կորցնում ենք մեր հայրենի բնության կանաչապատ գոտիները, մասնավորապես Երեւան քաղաքում բնակչության եւ տեխնիկայի ավելացման հետ ոչ միայն չավելացան դրանք, այլեւ առկա կանաչ գոտիները վերացվեցին։ Այս ամենը լրջորեն իրենց հետեւանքներն են թողնում ոչ միայն քաղաքի էսթետիկ կառուցվածքի, այլեւ բնակչության առողջության վրա։

ՍԴՀԿ Երեւանի քաղաքային վարչությունը կիսելով նամակի հեղինակի մտահոգությունները քաղաքապետի ուշադրությունն է հրավիրում սույն խնդրին եւ ակնկալում Երեւան քաղաքի պատասխանատու ստորաբաժանումներից պատասխան խելամիտ ժամկետներում։

 

ՍԴՀԿ Երեւանի քաղաքային վարչության ատենապետ՝ Ռուբեն Սերոբյան

Բաց նամակ Երևանի քաղաքապետ պրն. Հայկ Մարությանին

Անցնող տարիների հետ մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգին վաղուց արդեն կորցրել է իր երբեմնի հմայքը և բալզակյան շագրենու կաշվի նման տարեցտարի փոքրանում է, օտարվում մեզանից: Առաջին անդառնալի կորուստն այգին կրեց դեռևս մութ ու ցուրտ անփառունակ տարիներին, երբ «գլխատվեցին» տասնյակ ու տասնյակ հաստաբուն ծառեր: «Մայր Հայաստանի» հայացքի ներքո խոշտանգվում էր զբոսայգին, կանաչ տարածքների ու հանգստյան գոտիների հաշվին ծաղկում էր բիզնեսը, կառուցվում և շարունակում են կառուցվել սրճարաններ, տաղավարներ, այսպես կոչված «օբյեկտներ» և առևտրի կետեր:

Փող բերող այդ մոլուցքը ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, անհասկանալի է, սակայն նախկինում գործող սննդի կետերի, ճաշարանների, պաղպաղականոցների անգործությունը, մասնավորապես «Արագիլ» շքեղ ռեստորանային համալիրի ավերակ ու թշվառ վիճակը: Անկեղծ ասած, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:

Մի կողմից կառուցվում է, իսկ մյուս կողմից կառուցվում է, իսկ մյուս կողմից եղածը քանդվում, քամու և անձրևի տակ ոչնչանում: Այս անտարբերության պատճառով այգին շնչահեղձ է լինում: Ոչ կանոնավոր ոռոգման հետևանքով չորանում են կանաչ տարածքները, ծառերն ու թփերը: Միթե՞ դա չէր պատճառը, որ միայն այս ամռանը 2 անգամ հրո ճարակ դարձան «Մայր Հայաստան» հուշարձանը և Անհայտ զինվորի հուշակոթողը շրջափակող մի քանի հեկտար տարածքները:

Փաստն ինքնին ցավալի է, սակայն կրկնակի ցավալի է, որ դա կատարվում է ոչ թե ինչ-որ անմարդաբնակ վայրում, այլ քաղաքի կենտրոնում, ոռոգման ցանց ունեցող Երևանի թիվ մեկ զբոսայգում: Ահա թե ինչպես հանգստյան վայրը կարող է վերածվել աղետի գոտու …

Այստեղ են ասել, եթե այգին լեզու ունենար … Եթե լեզու ունենար անպայման կպատմեր, թե ինչպիսի եռանդով ու դաժանությամբ ինչ-ինչ մութ ուժեր գետնին հավասարեցրեցին «Հաղթանակ» զբոսայգու հանրահայտ լճի հարևանությամբ գտնվող տուֆակերտ ամրակուռ շինությունը, որտեղ ոչ վաղ անցյալում անցկացվում էին շախմատի և նարդու մրցաշարեր, կազմակերպվում ժամանցի և համերգային բազմազան ճոխ միջոցառումներ:

Քանի որ խոսք գնաց Մոնումենտի հռչակավոր լճի մասին, ապա պետք է խոստովանել, որ այն գտնվում է նույնքան ողբալի վիճակում, որքան այգու մնացած բոլոր լքյալ հատվածները: Ավելին` տարիների, ավելի ճիշտ տասնամյակների ընթացքում լճի հատակում այնքան աղտեղություն, տիղմ ու աղբ է կուտակվել, որ գարշահոտության պատճառով ափամերձ գոտիներում զբոսնելը դարձել է գրեթե անհնար: Այգու մշտական այցելուները մինչև այսօր էլ հիշում են և, այդպես էլ գլխի չեն կարողանում ընկնել, թե ինչ խորհրդավոր պայմաններում 2016-ի գարնանը այստեղ հարյուրավոր ձկներ սատկեցին: Մի խոսքով, ամենուր գարշահոտություն է, հակասանիտարական վիճակ: Եթե այս ամենին գումարենք այգում թափառող ու բազմացող շներին, ահռելի քանակությամբ ցելոֆանե տոպրակներին, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա …

Այո, ամբողջական, բայց ոչ լիարժեք: Այս ամենը պարզապես պետք է տեսնել լճից մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող վաղամեռիկ քանդակագործ Վ. Խաչիկյանի ստեղծած կիսավեր, քայքայված տուֆակերտ հուշարձան-կոթողը. բռունցքված, դեպի երկինք խոյացող այդ ձեռքը, բազուկները յուրատեսակ բողոք են պատերազմի դեմ: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ջլապինդ այդ ձեռքերը խորհրդանշական բողոք են ոչ միայն պատերազմ հրահրողների, այլև «Հաղթանակ» զբոսայգին թշվառության վերածած պատասխանատուների դեմ:

Առանց արմատական բարեփոխումների և ֆինանսական լուրջ ներդրումների` այգին իսկապես կհայտնվի հոգեվարքի մեջ: Հենց այդ մտահոգություններով ենք մենք` զբոսայգու մշտական այցելուներս կառուցողական հանդիպում-երկխոսության հրավիրում ենք նորընտիր ավագանու համապատասխան ծառայությունների ղեկավարներին, ինչու չէ նաև նորընծա քաղաքապետ պրն. Հայկ Մարությանին:

 

Նամակի հեղինակ` Տիգրան Բադալյան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930