«Ոչինչ այնպես դեպի լավը չի փոխում մարդկանց, ինչպես թանգարանը: Երբ մարդիկ թանգարան են այցելում, ավելի լավն են դառնում»,-օրերս Սանկտ Պետերբուրգի ամենաայցելված «Գալերիա» առեւտրաժամանցային սրահում «Էրմիտաժը Գալերիայում» նախագծի բացման ժամանակ հայտարարեց Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
Պատասխանելով հայաստանցի լրագրողների՝ Երեւանի 2800-ամյակի վերաբերյալ հարցին, Պիոտրովսկին ասաց, որ իր հայրը Բորիս Պիոտրովսկին առաջիններից էր, որի ղեկավարությամբ Կարմիր բլուրում աշխատել է հնագիտական համալիր արշավախումբ, նա պեղումներ է կատարել Էրեբունիում ու ուսումնասիրել է Ուրարտուի պատմությունն ու մշակույթը: Ի դեպ, Էրմիտաժի սրահներից մեկը նվիրված է 1939-1971-ին Կարմիր բլուրում պեղումները ղեկավարած Բորիս Պիոտրովսկու հիշատակին: Եվ այդ ցուցանմուշների մեծ մասը հայտնաբերվել է հենց այդ պեղումների ժամանակ:
«Մշակույթն ու պատմությունը հարստացնում են մարդկության կյանքը, եւ թանգարանները եւ ցուցասրահները փոխում են մարդկանց կյանքի որակը: Եթե մարդիկ ունեն հիշողություն, կարող են հիշել, թե ինչ է եղել անցյալում, ուրեմն ավելի լավ կկարողանան ապրել: Մարդը կենդանուց տարբերվում է հենց նրանով, որ հիշողություն ունի»,-ավելացրեց Միխայիլ Պիոտրովսկին:
Ինչ վերաբերվում է այլոց կողմից Ուրարտուն «սեփականելու» փորձերին, գիտնականն ասաց, որ ինքը չի զբաղվում Ուրարտուն կիսելով: «Ուրարտական ժառանգությունը պատկանում է շատ ժողովուրդների, այդ թվում հայերին»,-ասաց Պիոտրովսկին: Նրա կարծիքով, բոլորն այն ժողովուրդները, որոնք իրենց պատմության ու մշակույթի մեջ կրում են էլեմենտներ ուրարտական մշակույթից, ուրեմն Ուրարտուն նաեւ նրանցն է: «Ուրարտուն հզոր մշակույթ է, համաշխարհային մշակույթի կարեւոր մասը: Այն պատկանում է բոլորին, հայերին՝ նույնպես»,-ասաց Պիոտրովսկին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ